Մոսկվայի ականջը ծակվեց. Հայաստանին հարվածելու հետեւանքը

1

Հայ-ռուսական հարաբերությունը ներկայում հասել է այնպիսի բարձր մակարդակի, որը թույլ է տալիս մեզ ոչ միայն ասել իրար, այլ լսել միմյանց: Այդ հայտարարությունը մարտի 14-ին Երեւանում արել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՌԴ Պետդումայի վերին պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոսաչեւի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: Ասուլիսում ներկայացվել է Կոսաչեւի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի արդյունքը:

Աշոտյանը կիրառել է դիվանագիտական նուրբ լեզու, սակայն ձեւակերպել բավական կոշտ միտք: Նա փաստացի հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերությունը ներկայում այնպիսի մակարդակի է, երբ Ռուսաստանը ոչ միայն ասողի, այլեւս լսողի դերում է:Հայ-ռուսական հարաբերության առանցքային խնդիր է դիտարկվել ու թերեւս դիտարկվում այն, որ Մոսկվան ֆորմալ առումով լինելով Հայաստանի հետ միջպետական դաշնակցային հարաբերության մեջ, ոչ ֆորմալ առումով Հայաստանը պարզապես դիտարկում է մի ենթակա սուբյեկտ, որ միջազգային քաղաքականության մեջ պետք է առաջնորդվի իր ցուցումներով, ոչ թե սեփական շահով: Իսկ ահա Ռուսաստանը բացարձակապես չունի Հայաստանի շահի հետ հաշվի նստելու եւ իր քայլերն այդ շահի հետ համադրելու խնդիր:Այդ մոտեցումը սակայն միակողմանի չի հարվածել Հայաստանին:

Այդ մոտեցումը հարվածել է նաեւ Ռուսաստանին, պարզապես մասշտաբները Մոսկվային թույլ չէին տալիս զգալ այդ հարվածները, մինչեւ ծայրահեղ իրավիճակ, որպիսին ապրիլյան պատերազմն էր: Այդ քառոօրյան ըստ էության մի կողմից ռուսական քաղաքականության հետեւանքն էր, մյուս կողմից հենց այդ հետեւանքը նաեւ Ռուսաստանին ստիպեց զգալ Հայաստանի հանդեպ իր ընթացիկ քաղաքականության հարվածների հետեւանքը, տեսնելով, որ Հայաստանը ոչ միայն իր գրպանում գտնվող պետություն չէ, այլ պատրաստ է նույնիսկ դիմադրել:Անշուշտ չաձազանցություն կլինի ասել, թե ներկայում հայ-ռուսական հարաբերությունն առերեւույթ ենթարկվել է սկզբունքային փոփոխության, սակայն նաեւ ակնառու են ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարքագծի փոփոխությունները:

Միեւնույն ժամանակ, խնդիրը լոկ Ռուսաստանի վարքագծի տիրույթում չէ, այլ նաեւ այլընտրանքների, ուժային այլ կենտրոնների հետ հարաբերության ուղղությամբ Հայաստանի քայլերի դինամիկայի բարձրացման:Միեւնույն ժամանակ, տվյալ պարագայում խնդիրն ամենեւին Ռուսաստանից դեպի Արեւմուտք բեկման տիրույթում չէ, առավել եւս, որ Հայաստանի առաջ այդպիսի խնդիր դրված էլ չէ: Պարզապես նոր իրավիճակում Հայաստանը մի կողմից ստացել է առավել դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության հնարավորությունների ավելի լայն միջակայք, մյուս կողմից նաեւ այդ հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ համարձակություն եւ ինքնիշխանություն:Այստեղ անշուշտ դեր է խաղացել թե ապրիլյան պատերազմը, թե նաեւ Ռուսաստանի հանդեպ միջազգային մեկուսացման քաղաքականությունը, որը նույնպես Մոսկվային ստիպել է վերանայել որոշ մոտեցումներ: Դրան զուգահեռ ազդեցիկ փոփոխություններ են տեղի ունենում նաեւ այլ ուղղություններով, որտեղ առանցքային է ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքական ռազմավարության տրանսֆորմացիան, ի տարբերություն դեմոկրատական վարչակազմի:

Առաջին հայացքից իզոլյացիոնիստական տպավորություն ստեղծող Թրամփը գործնականում կատարում է միջազգային ասպարեզում ԱՄՆ կշիռն ավելացնելու տանող քայլեր, այդ թվում Կովկասի տարածաշրջանում, ներառյալ Արցախի խնդրում: Երբ Երեւանում ընդունում էին Կոսաչեւին, Վաշինգտոնում աշխատանքային այց է կատարում Արցախի չճանաչված հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, իսկ Արմեն Աշոտյանը Կոսաչեւի հետ հանդիպել է Վաշինգտոնից վերադարձից կարճ ժամանակ անց, ուր մեկնել էր Հայաստանի ԱԺ խորհրդարանի պատվիրակության աննախադեպ այցի շրջանակում:Բանն այստեղ անշուշտ այն չէ, որ Հայաստանը անցել է արտաքին քաղաքականության, որտեղ մի քայլը կատարելիս մյուս աչքով չի հետեւում Ռուսաստանի հնարավոր արձագանքին: Մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների բերումով Հայաստանը գոնե ներկայում իրեն չի կարող թույլ տալ այդպիսի «ճոխություն»: Մյուս կողմից, ստեղծված նոր իրավիճակում էլ Ռուսաստանը ներկայում չի կարող իրեն թույլ տալ գոնե մի ականջով Հայաստանին «չլսելու» ճոխություն:Այդ իմաստով, «միմյանց լսելու» մակարդակի մասին Աշոտյանի հայտարարությունը գործնականում արձանագրում է հայ-ռուսական հարաբերության միջպետականացման միտումը: Որքան կշարունակվի այն եւ ինչ դինամիկայով, դա է հարցը: Այստեղ Հայաստանի համար հեռանկարում առկա են հնարավորություններ:Ներքին ու արտաքին իրավիճակի համադրությամբ ստեղծված է մի վիճակ, երբ դիվերսիֆիկացիան Հայաստանի իշխող համակարգի համար այլեւս պարզապես շահ չէ, այլ կենսական անհրաժեշտություն:

Այսինքն, եթե մինչ այդ Ռուսաստանի ստվերից դուրս արեւի տակ տեղի եւ դերի ուղղությամբ որեւէ քայլ կարող էր համակարգի համար դիտվել լինել-չլինելու հարց, ապա այժմ լինել-չլինելու հարց է Ռուսաստանի ստվերում մնալը:Ամբողջ հարցն այն է, թե որքանի՞ է ընդունակ իշխող համակարգը՝ այնքան, որքան երաշխավորված հնարավորություն կընձեռի միջազգային իրավիճա՞կը, թե՞ տնտեսության մեջ «հավելյալ արժեքի» ձգտող համակարգը քաղաքականության մեջ էլ կարող է ձգտել «հավելյալ հնարավորությունների»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache