Լրահոս

Մոսկվայի անսպասելի դիմավորումը Սերժ Սարգսյանին

 

Ռուսաստանի Ռոսիա հեռուստաալիքի կիրակնօրյա թողարկումը, որ պատրաստում է ռուսական պաշտոնական քարոզչության «շտաբի պետ» Դմիտրի Կիսելյովը, մարտի 12-ի թողարկմանը ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանին, դա նախորդելով Սերժ Սարգսյանի մարտի 14-ին Մոսկվա կատարելիք այցին:
Գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոն՝ այդպես է Ռոսսիա հեռուստաալիքի կիսելյովյան թողարկումը բնորոշել Հայաստանը, պատրաստված ռեպորտաժում ներկայացնելով Հայաստանի տնտեսության առանցքային հարստությունը՝ ինտելեկտուալ ռեսուրսը: Ռեպորտաժի ընթացքում ներկայացվել է Հայաստանում մի քանի հարյուր հազար տարվա գտածոներ, մյուս կողմից նորագույն տեխնոլոգիաներ, պատանիների ռոբոտաշինություն, Թումո կենտրոն եւ այլն:
Եվ գրեթե զրո քաղաքականություն, թեեւ քաղաքականությունն ըստ երեւույթին հենց դա է: Բանն այն է, որ պատկերը կամ իմիջը, որով ներկայացվել է Հայաստանը, ունի ուշագրավ տողատակ մի շարք հանգամանքների ֆոնին:
Ինչի՞ հետ է ներկայում ասոցացվում տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը, առաջընթացը: Այն գերազանցապես արեւմտյան կամ եվրատլանտյան քաղաքակրթական տրենդն է, եվրատլանտյան քաղաքակրթական այցեքարտը: Այդ բեւեռն է համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը, գեներատորը:
Այդ իմաստով, եթե Հայաստանը ներկայացվում է որպես գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոն, այդ մատուցումն ինքնաբերաբար ասոցացվում է եվրատլանտյան տեխնոլոգիական գեներատորի հետ: Տեղեկատվա-քարոզչական դաշտում թրծված, բազմափորձ եւ դրանում շրջանառվող տեխնոլոգիաների հմուտ գիտակ Կիսելյովը չէր կարող չպատկերացնել այդ տողատակը, չպատկերացներ այդ ընկալումը՝ եվրասիական տարածությունում Հայաստանի «եվրատլանտյան քաղաքակրթության» այցեքարտ ընկալվելու հանգամանքը:
Մինչդեռ Ռուսաստանի գլխավոր քարոզչաալիքներից մեկը դա ներկայացնում է ոչ թե իբրեւ «համաշխարհային դավադրություն», այլ իբրեւ Հայաստանի «լեռների մեջ պարփակված աշխարհագրությամբ» տնտեսության առավելություն:
Հազիվ թե հնարավոր լինի պատկերացնել այդօրինակ ազդակներից ավելի մեծ իրական քաղաքականություն, որտեղ խաչվում են մի շարք տարաբնույթ տնտեսա-քաղաքական եւ անվտանգային շահեր, ընկալումներ:
Ի՞նչ էր արտահայտում կիսելյովյան բազմիմաստ ակնարկը, հավանաբար առավել պարզ կլինի ժամանակի ընթացքում: Դա Հայաստանի հետ հարաբերություններում նոր՝ միջպետական եւ գործընկերային քաղաքականության անցնելու ռուսական պատրաստակամության դրսեւորո՞ւմ է, ի տարբերություն մինչ այժմ գերակա «վասալայինի»:
Բանն այն է, որ մինչ այժմ ռուսական քարոզչության շեշտադրումներում գերակշռել է այն, որ Հայաստանը ոչինչ է, իրենից չի ներկայացնում ոչ մի բան եւ կորած է առանց Ռուսաստանի աջակցության:
Մինչդեռ այժմ ներկայացվում է գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոն, որն ունի «լեռներով փակված» լինելու պարագայում ինքն իր ճանապարհն ու զարգացումը գտնելու մարդկային, ինտելեկտուալ ռեսուրս, նոր սերունդ եւ հնարավորություն:
Թե՞ Ռուսաստանի ազդակն ուղղված է Արեւմուտքին՝ Հայաստանի հարցում փոխզիջման գալու պատրաստակամության մասով, ինչը նույնն է թե Կովկասի անվտանգության նոր համակարգի շուրջ փոխզիջում, որը հիմնված կլինի արեւմտյան տեխնոլոգիաների եւ ռուսական կոորդինատորության վրա:
Ի վերջո, ինչն է ժամանակակից անվտանգության հիմքը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմական առումով՝ իհարկե տեխնոլոգիական եւ գիտական ներուժը: Եվ այդ տեսանկյունից ցուցադրվողը Հայաստանի ոչ միայն զարգացման, այլեւ անվտանգության ներուժն է:
Իսկ գուցե ազդակն ուղղված է Թուրքիային ու Ադրբեջանի՞ն՝ հնարավոր է նաեւ Արեւմուտքին ուղղված մեսիջի «փաթեթում», որ անհեռանկար է Հայաստանը շրջափակմամբ խեղդելու հնարավորությունը, քանի որ Հայաստանի զարգացման մեխը տեխնոլոգիաներն ու ինտելեկտն են, որոնք կճեղքեն ցանկացած շրջափակում, այն էլ 21-րդ դարում: Գուցե այդպիսով Մոսկվան ձգտում է «ազատել օձիքը» թուրք-ադրբեջանական ակնհայտ հայցերից, որոնք ուղղված են տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը նախաապրիլյան իրադրության բերելուն:
Ռուսաստանը վերջին տարիներին Հայաստանի հանդեպ վարել է շահերի եւ արժանապատվության ոտնահարման այնպիսի հետեւողական եւ «նպատակասլաց» քաղաքականություն, բոլոր՝ այդ թվում առավել եւս քարոզչական ոլորտում, որ դրանից շոշափելիորեն, սկզբունքորեն շեղված նոր մատուցումը՝ այն էլ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցից առաջ, առերեւույթ լինելով ողջունելի, խորքային առումով առաջացնում է հարցեր՝ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ քաղաքականությու՞նն է փորձում փոխել՝ բախվելով Հայաստանի զինուժի եւ հանրության ապրիլյան դիմադրությանը, թե՞ փոխում է ծուղակները, քանի որ այլեւս հնարավոր չէ Հայաստանը գցել հների մեջ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing