Լրահոս

Մոսկվայի «եվ-եվ»-ն ավարտվեց. Ալիեւին մերժեցին

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ համանախագահները ընթացիկ շաբաթ կայցելեն Բաքու, որտեղ հանդիպումներ կունենան Իլհամ Ալիեւի ու Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահների այցը տարածաշրջանային չէ, եւ նրանք չեն լինի Հայաստանում: Պոպովը ասել է, որ համանախագահները Հայաստան կայցելեն «այլ ժամանակ»:
Գրեթե կասկած չկա, որ համանախագահների Ադրբեջան կատարելիք այցը թելադրված է շփման գծում Ադրբեջանի գործողություններով: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Բաքուն ինտենսիվ խախտում է հրադադարը, կիրառելով նաեւ հրանոթներ:
Լարվածության գագաթնակետը փետրվարի 25-ն էր, երբ գիշերն ադրբեջանական զինուժը փորձել էր Մարտունու եւ Աղդամի ուղղությամբ նախապատրաստել գրոհ: Հայկական զինուժը հայտնաբերել էր հակառակորդի առաջխաղացումը նախապատրաստող ստորաբաժանումը, հասցրել կանխարգելիչ հարված, ինչի հետեւանքով ադրբեջանցիները մի քանի դի էին թողել չեզոք գոտում: Հայկական կողմը կանխարգելիչ հարվածից բացի, նաեւ ապահովել էր միջադեպի այդպես ասած փաստական բազան, ներկայացնելով համապատասխան տեսագրությունը:
Լարվածության տանող Ադրբեջանի գործողությունների գաղտնիքը բացահայտել էր այդ երկրի արտգործնախարարը, որը մարտի 6-ին մեկնում է Մոսկվա Լավրովի հետ բանակցության: Դեռեւս փետրվարի 25-ի միջադեպից առաջ Մամեդյարովը հայտարարել էր, որ Մոսկվայում փորձելու է «մեռյալ կետից» շարժել բանակցությունը:
Բանակցությունը մեռյալ կետում է հայտնվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի առաջ դրվել է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման պահանջ, կամ այսպես ասած Վիեննայի օրակարգի պահանջը: Բաքուն փորձեց Սանկտ-Պետերբուրգում փոխել այդ օրակարգը եւ դրա համար ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Բայց, դա չհաջողվեց, քանի որ Երեւանն ապրիլի պատերազմից հետո նոր իրողության պայմաններում որոշակիորեն ամրացրել է ՌԴ հանդեպ իր դիրքորոշումը: Միեւնույն ժամանակ, նույն պատերազմից հետո ձեւավորվել է մի իրավիճակ, երբ Ռուսաստանը գտնվում է Հայաստանի հանրության «լուռ» ճնշման տակ, իսկ դա բավական բարդ խնդիր է Մոսկվայի համար:
Դրան զուգահեռ, ապրիլյան պատերազմը Ռուսաստանի համար բացահայտեց եւս մի հանգամանք՝ ռուսական տարածաշրջանային քաղաքականության անհեռանկարայնությունն ու փակուղայնությունը: Մոսկվայում գործնականում համոզվեցին, որ չկա Հայաստանի հաշվին այլ հարց լուծելու հնարավորություն, կամ այսպես ասած «եւ-եւ»-ի տարբերակ՝ պահել թե Հայաստանը,թե Հայաստանի հաշվին լուծել հարցեր եւ ձեռք բերել նոր ազդեցություններ:
Այդ իմաստով, ապրիլի պատրազմը ցույց տվեց, որ խնդիրը Ռուսաստանի համար կամ-կամ է՝ կամ քիչ թե շատ անհրաժեշտ ծավալով կատարել Հայաստանի առաջ դաշնակցային պարտավորությունը, կամ կորցնել Հայաստանն ու առնվազն Կովկասը դրա հետեւից:
Այդ պայմաններում Բաքվի համար չափազանց դժվար, գործնականում անհնար է թվում շարժել իրադրությունը մեռյալ կետից, այսինքն ապահովել Հայաստանի վրա ռուսական ահռելի ճնշում, այդ թվում Մոսկվային բերելով Հայաստանի դեմ ադրբեջանական նոր գրոհի կազմակերպման պլանի:
Բայց դա չի ստացվում, ինչի վկայությունն է Մամեդյարովի հետ մարտի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը Լավրովի հայտարարությունը, որ բոլոր քայլերը ձեռնարկվում են Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված: Այլ կերպ ասած, Ռուսաստանը մերժում է Բաքվի հետ «սեպարատ» բանակցության առաջարկը:
Այդպիսով, «մեռյալ կետում» Բաքուն չի կարող թե առաջ, թե հետ գնալ եւ ստիպված է դիմել մարդասպանության շանտաժի, որ իրականացնում է սահմանում:
Այստեղ շատ բան կախված է Երեւանի պահվածքից: Առայժմ այդ պահվածքը առավել համարժեք է ստեղծված թե սահմանային, թե ընդհանրապես խնդրի աշխարհքաղաքական համատեքստում առկա վիճակին, քան ապրիլից առաջ էր:
Այդ առումով տրամաբանական է, որ համանախագահները չունեն Երեւան գալու անհրաժեշտություն: Անհրաժեշտություն կա մեկնել Բաքու եւ բացատրել իրավիճակը Ալիեւին: Թեեւ, ըստ երեւույթին Ալիեւը չունի ավելորդ բացատրության կարիք: Այն, որ Ադրբեջանը վերջին շաբաթներին գնում է իրավիճակի հետեւողական լարման, վկայում է, որ Ալիեւը շատ լավ է պատկերացնում իրավիճակն ու դրանում իր բավական բարդ դրությունը:
Նա չունի դիվանագիտական քայլ, միաժամանակ չունի ռազմական գործողության կամ պատերազմի իրավունք: Ընդ որում, եթե Ադրբեջանն ունենար այդ իրավունքը, ապա հազիվ թե գնար սահմանային իրավիճակի լարման: Որովհետեւ, պատերազմի նախապատրաստվելու դեպքում Ալիեւի համար ավելի նախընտրելի կլիներ անընդհատ զգոն չպահել թե Հայաստանին ու Արցախին, թե միջազգային հանրությանը:
Մյուս կողմից, ինքնին հասկանալի է, որ իրավիճակը մանկապարտեզային չէ, շահերը բազմազան են ու բազմաբնույթ, եւ Ալիեւին երեխայի նման սաստելը տեսականում որքան էլ արդյունավետ, գործնականում իհարկե իրատեսական չէ: Հետեւաբար, Մինսկի խմբի համանախագահներն ըստ երեւույթին Բաքվում կփորձեն ոչ այնքան բացատրել, որքան հասկանալ Ալիեւին կամ պարզապես ախտորոշել նրան՝ նրա գործողությունները առավել վերահսկելի դարձնելու համար:
Այդ իմաստով, հայկական թե զինուժը, թե ռազմա-քաղաքական դիվանագիտության պատասխանատուները ունեն նվազագույն խնդիր՝ թույլ չտալ հետապրիլյան քայլերից եւ մոտեցումներից սկզբունքային որեւէ շեղում, որով կարող է աշխատել Ալիեւի շանտաժը, ընդ որում՝ տարածաշրջանային մասշտաբի:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing