Լրահոս

Մոսկվայի լուռ հավանությունն Ալիեւի սպառնալիքին

 

arm147919993950

lragir.am-Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-Վրաստան վարժանքները ՌԴ ԱԳՆ-ն անվանել է տարածաշրջանի կայունության սպառնալիք: Այդ մասին հաղորդագրությունը տեղակայված է ՌԴ ԱԳՆ կայքում: Ռուսաստանի ԱԳՆ-ն շեշտելով, որ այդպիսի վարժանքները դիտարկում է տարածաշրջանի կայունության եւ խաղաղության սպառնալիք, միաժամանակ հիշատակում է, որ այդ վարժանքների կապակցությամբ համանման անհանգստություն արտահայտել են նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան:Ռուսաստանի արտգործնախարարության այդ արձագանքը բավական զավեշտալի է հնչում տարածաշրջանում տեղի ունեցող մեկ այլ զորավարժության ֆոնին, որն իրականացնում է Ադրբեջանը: Ընդ որում, այդ զորավարժությունն իր մասշտաբով, կիրառվող սպառազինության քանակով ու տեսակով գերազանցում է այն, ինչ անում են ՆԱՏՕ-ն եւ Վրաստանը:Ավելին, Ադրբեջանը ոչ միայն զորավարժություն է անցկացնում` աննախադեպ մասշտաբի,այլ այդ երկրի նախագահը զորավարժության տարածք է այցելում եւ այնտեղից սպառնալիք հնչեցնում Հայաստանի հասցեին, ասելով, որ ինչպես Լելե Թեփեն են վերադարձրել, այդպես էլ վերադարձնելու են իրենց մյուս տարածքները: Փաստացի, Ալիեւը հերթական անգամ հայտարարում է պատերազմի մասին:Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուռ է, Ալիեւի գործողություններում չի տեսնում տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը սպառնացող որեւէ գործոն: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունները միջազգային հանրությանը կոչ են արել հետեւել Ադրբեջանին եւ խիստ վերաբերմունք ցուցաբերել` լարվածությունը մեծացնելու նրա քայլերի հանդեպ: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը վարժանքները իրականացրել է միջազգային նորմերի մի շարք խախտումներով:

Միջազգային հանրությունը չի արձագանքել հայկական կողմի կոչերին, համենայն դեպս հրապարակավ: Բայց, դա երեւի զարմանալի էլ չէ, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կարող է հայտարարել, որ Հայաստանն ունի «միակ» դաշնակից եւ դա Ռուսաստանն է: Իսկ այդ դաշնակիցը, որ ՆԱՏՕ-Վրասան վարժանքների մեջ տեսնում է անվտանգության սպառնալիք, կայունության եւ խաղաղության սպառնալիք, լուռ է Հայաստանի եւ Ղարաբաղի հանդեպ ադրբեջանական սպառնալից զորավարժության եւ հայտարարությունների առիթով, չի արձագանքում դաշնակից երկրի հայտարարություններին, մտահոգություն չի հայտնում Բաքվի գործողություններից:Բայց, ամեն ինչ առավել քան պարզ է եւ այդ հարցադրումները վաղուց են հռետորական: Վրաստան-ՆԱՏՕ վարժանքը Ռուսաստանի համար իրապես սպառնալիք է, քանի որ Վրաստանում ՆԱՏՕ ներկայացվածության ընդլայնումը կարող է հանդիսանալ Հարավային Կովկասում ռազմա-քաղաքական հավասարակշռության, կայունացման գործոն, փոխելով անվտանգության համակարգի մասնակիցների կազմը եւ բերելով նոր տրամաբանություն: Ընդ որում, դա փաթեթային ամբողջության մեջ է այն առաջարկների հետ, որ Արեւմուտքը ներկայացնում է Արցախի խնդրում` հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրում: Այդ առաջարկը փորձում են տապալել Մոսկվան ու Բաքուն, քանի որ դա նշանակելու է Կովկասի կայունության երաշխիքի առնվազն մի քանի աստիճան բարձրացում եւ անվտանգության համակարգի վերափոխում, որտեղ Ռուսաստանն այլեւս չի ունենա մենաշնորհ եւ չի կարող իր տարածաշրջանային քաղաքականությունը կառուցել ռազմական շանտաժի վրա` Բաքվի հետ գործընկերությամբ:Իսկ ահա Ադրբեջանի զորավարժությունը ոչ միայն խնդիր չէ ՌԴ համար, այլ նաեւ տեղավորվում է հենց այդ ռազմավարության շրջանակում: Ներկայումս իհարկե Մոսկվան Ադրբեջանին խորհուրդ չի տա գրոհել հայկական դիրքերը, քանի որ Ռուսաստանն ապրիլի պատերազմից հետո ունի Հայաստանի հանրային կարծիքի շրջանակում իր դիրքերի լուրջ կորստի խնդիր, բայց համակարգված ձեւով իրավիճակը լարելու հարցում Ռուսաստանն Ադրբեջանին խոչընդոտ չէ, հետեւաբար ՌԴ ԱԳՆ-ն երբեք չի հայտնի մտահոգություն, թե Ալիեւը 60 հազար զորքի եւ հարյուրավոր միավոր զինտեխնիկայի մասնակցությամբ զորավարժությամբ վտանգում է տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing