Լրահոս

Մոսկվայի սենսացիոն հարվածը Ադրբեջանին

 

Պուտին

hayeli.am-Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում օրերս կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ բանակցությունների վերաբերյալ տարածած ինֆորմացիային որոշել է հակադարձել:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն որակել է «անբարեխիղճ»:

Երեկ հերթական բրիֆինգի ժամանակ լրագրողները Զախարովային խնդրել են պարզաբանել իրավիճակը, երբ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո ադրբեջանցի պաշտոնյան հնչեցրել է հանդիպման արդյունքների վերաբերյալ հրապարակված հայտարարությունից տարբերվող մեկնաբանություն:

Խոսելով Մամեդովի հայտարարության մասին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. «Դա Ադրբեջանի կողմից ձեռքբերված համաձայնությունը սեփական տեսանկյունից մեկնաբանելու փորձ է: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներն ընդունել են եռակողմ հայտարարություն: Նրանք վերահաստատել են, և այդ համաձայնագրում հստակ նշված է, Վիեննայում հայ-ադրբեջանական վերջին գագաթաժողովում ձեռքբերված պայմանավորվածությունները»:

Այնուհետև ընթերցելով Սանկտ Պետերբուրգում ընդունված փաստաթուղթը՝ Զախարովան նշել է, որ այն հրապարակային է, հասանելի է համացանցում և ավելացրել. «Ես կխնդրեի, կարծում եմ՝ դա նաև կոլեկտիվ խնդրանք է՝ առաջնորդվել միայն հայտարարության բնօրինակով, այլ ոչ թե հանդիպման արդյունքները մեկնաբանելու փորձ հանդիսացող բավականին անբարեխիղճ հայտարարություններով: Կա հստակ հայտարարություն, այն հրապարակվել է և հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ: Հենց դա էլ պետք է հիմք ընդունել, այլ ոչ թե որևէ մեկի կամայական ընթերցանությունը կամ այլասերված մեկնաբանությունը»:

Հիշեցնենք, որ Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ բանակցություններից մեկ-երկու օր անց պաշտոնական Բաքուն «ազդարարեց», թե ինչի շուրջ են պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման շուրջ: «Հանդիպման ժամանակ նախապատվությունը տրվել է հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ կոնֆլիկտը պետք է լուծվի փուլերով. նախ ազատում են 5 շրջանը, ապա՝ ևս 2 շրջանը, և հստակեցվում է միջանցքը: Ապա` հստակեցվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Մարիա Զախարովայի անդրադարձն, իրականում, կարելի է սենսացիոն անվանել, որովհետև, սա ոչ այլ ինչ է, քան ապտակ Ալիևի իշխանություններին, որոնք ցանկացած փաստ աղավաղելու և կեղծիքներով ներկայացնելու մեծ «վարպետություն» ունեն:

Ի՞նչ կարելի է եզրակացնել Մարիա Զախարովայից: Սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքից, այսպիսով, որոշակի պատկերացումներ կարելի է պարզել:

Ադրբեջանի իշխանությունները, կարելի է պատկերացնել, որ այսօր, մեղմ ասած, այնքան լավ վիճակում չեն: Ալիևը, վստահաբար Բաքվում այլ ակնկալիքներ է ունեցել, ավելի ճիշտ, հույս է ունեցել, որ Մոսկվան ճնշումներ բանեցնելով Հայաստանի նկատմամբ, կստանա Սերժ Սարգսյանից այն, ինչ նա երազում է. ոչ թե կարգավորում հիմնված սկզբունքների վրա, այլ նրա պահանջների բավարարում` «շրջանների ազատում», ապա` բանակցություններ:

Բաքվի այս աբսուրդային բանաձևը, որը Ալիևի պատկերացրած «կարգավորումն» է, իրականում, աբսուրդային է, ոչ միայն այն առումով, որ բացառապես Ադրբեջանի պահանջն է, այլ սա կարգավորման` հրապարակված սկզբունքների փիլիսոփայության դեմ է: Եթե Ալիևը համարում է, որ պետք է «գրավյալ շրջանների ազատումից հետո» բանակցեն, էլ ինչու՞ է տարիներ շարունակ ինքը բանակցությունների սեղանի շուրջ նստում պաշտոնական Երևանի հետ: Այս առումով, Ադրբեջանի իշխանություններն, իսկապես, հայտնվել են ծանր իրավիճակում:

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ փաստորեն, նույնիսկ պաշտոնական Մոսկվան ստիպված եղավ արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունները խեղաթյուրում են տեղի ունեցած հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածություններն ու բանակցությունների արդյունքները` տարածելով սեփական մեկնաբանությունները, որպես` բանակցություններում ձեռքբերված համաձայնություն:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing