Լրահոս

«Մոսկվայից և Բաքվից բացասական արձագանքներից հետո երեկ ՀՀ կառավարությունը «հետ քաշվեց» Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրենքի սկանդալային նախագծից». Gazeta-ի անդրադարձը

 

banak-2

168.am-ը գրում է. «Մոսկվայից և Բաքվից բացասական արձագանքներից հետո երեկ Հայաստանի կառավարությունը «հետ քաշվեց» Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրենքի սկանդալային նախագծից: Gazeta.ru-ի աղբյուրներն ասում են, թե նախաձեռնությունն առաջ է քաշվել Ղարաբաղի շուրջ առևտրի շրջանակում: Սակայն դա տարածաշրջանին սպառնում է նոր պատերազմով, որն ապրիլի սկզբին ականատես էր եղել մասշտաբային բախումների»,- գրում է ռուսական Gazeta.ru-ի հոդվածագիր Վլադիմիր Դերգաչևը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի կառավարության նիստում հավանության արժանացած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին, որի հեղինակներն են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը։

Հոդվածագիրը նշում է, որ սկզբում հայկական ԶԼՄ-ները հայտնեցին, թե Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի մասին դրական եզրակացությունը հաստատվել էր առանց քննարկումների և ելույթների: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, թե պատգամավորների նախաձեռնությունը եղել է Հայաստանի և Ղարաբաղի միջև բանակցությունների արդյունք:

Ռուսական պարբերականի հաղորդմամբ՝ սպասվում էր, որ օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկեր մայիսի 10-ի նիստում, ինչից հետո փաստաթուղթը պետք է ստորագրեր նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն երեկ երեկոյան պարզ դարձավ, որ այն չի ներառվելու օրակարգում, ավելին, պարզվեց, որ Հայաստանի կառավարությունն «ընդհանրապես հավանություն չի տվել ինքնահռչակ հանրապետության անկախության ճանաչման օրենքի նախագծին»:

Gazeta-ն մեջբերում է ՀՀ վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանի խոսքերն առ այն, որ որոշումն ընդունվելու է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով արտաքին գործոնները:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Ղարաբաղի ճանաչումը մերժվել է նաև ՀՀ կառավարության ապարատում քննարկման փուլում, սակայն հիմա՝ ապրիլյան պատերազմից հետո, իրավիճակը «կարող է փոխվել այլ կողմը»:

Վլադիմիր Դերգաչևն այնուհետ նկարագրում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող լարվածության սրացումը, գրում, թե «Բաքվում ու Երևանում, ավանդույթի համաձայն, միմյանց մեղադրել են սադրանքների մեջ, հակամարտության նոր հոսքն ուժեղ հայրենասիրական տրամադրությունների վերելք հարուցեց երկու երկրներում»:

«Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանն ու Հայաստանը, ԼՂՀ-ի անկախությունը չեն ճանաչում: Շրջանի կարգավիճակի մասին բանակցությունները 22 տարվա ընթացքում այդպես էլ տեղից չեն շարժվել: Ժամանակ առ ժամանակ Ղարաբաղի սահմանին բախումներ են ընթանում, ու վերջին տարիներին ավելի հաճախ են սկսել կիրառվել ծանր զինատեսակներ: Որպես ՀԱՊԿ անդամի դաշնակցի՝ Մոսկվան Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում պետք օգնի Երևանին, սակայն մարտերն ընթանում են մի տարածքում, որի կարգավիճակը որոշված չէ, բացի այդ, Ռուսաստանը փորձում է հավասարակշռություն պահպանել կողմերի միջև՝ զենք վաճառելով ինչպես՝ Երևանին, այնպես էլ՝ Բաքվին»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Երևանը, որը «կրիտիկորեն» կախման մեջ է ռուսական տնտեսական ու ֆինանսական օգնությունից, փորձում է քաղաքական ճնշման մեթոդներ օգտագործել Բաքվի վրա, և իրավիճակի սրացման դեպքում շարունակ ադրբեջանական կողմին սպառնում է ԼՂՀ անկախության ճանաչմամբ:

«Կճանաչի՞ Երևանը Ղարաբաղը, թե՞ ոչ, այստեղ ամեն ինչ կախված է քաղաքական և ռազմական պլանում իրավիճակի զարգացումից: Իրականում դա սակարկություն է»,- պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Ազդանշաններ Մոսկվայից

Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի աղբյուրներն ասում են, որ երկու կողմերն էլ ազդանշանի են սպասել Մոսկվայից, որը համարվում է ԼՂ հակամարտության գլխավոր արբիտրը:

Պարբերականը գրում է, որ դատելով ռուսական կողմի հայտարարությունից, Ռուսաստանը դեմ է ռազմական իրավիճակի էսկալացիային ու բացասաբար է վերաբերվում ԼՂՀ-ի ճանաչման օրինագծին: «Դա, երևի թե, ստիպեց Երևանին շտապ հետ քաշվել նախաձեռնությունից»,- գրում է հոդվածագիրը:

Ինչո՞ւ չի գործում Երևանի վրա գործադրված ճնշումը

Ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո ադրբեջանական փորձագետները Gazeta-ի հետ զրույցում ասել էին, թե Մոսկվան կարող է լրջորեն ճնշում գործադրել Երևանի վրա: Բաքվում հույս ունեին վերադարձնել Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները, որը «հայերը զբաղեցրել են դեռ 90-ականներին»:

Պարբերականի աղբյուրները, որոնք մոտ են կանգնած ՌԴ ԱԳՆ-ին, նշում էին, թե շրջանների մի մասի վերադարձը կարող է տեղի ունենալ մինչև 2016 թվականի վերջը, սակայն «դատելով հայկական և ադրբեջանական կողմի խստացած հռետորաբանությունից ու ԼՂՀ-ի հարցով օրենքի նախագծից՝ դեռ դրան շատ կա»:

«Մոսկվան և Բաքուն թերագնահատեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հիմա ու մինչ օրս էլ այն վատ են պատկերացնում»,- կարծում է հետխորհրդային տիրույթի երկրների հարցով փորձագետ Արկադի Դուբնովը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող թուլություն ցուցաբերել արտաքին քաղաքական հակառակորդների ու ներքին ընդդիմախոսների առաջ, որոնք նրան թուլության մեջ կմեղադրեն վերջին մարտերից հետո:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing