Без рубрики

Մոսկվայում բարձր են գնահատում Ադրբեջանի հավասարակշիռ քաղաքականությունը

 

efd3988696298be2fdddc27eee4ed4fb

mitk.am-ը  գրում է. Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև տեղի ունեցող դեպքերը բացասաբար չեն ազդում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Նա ընդգծել է, որ Մոսկվայում բարձր են գնահատում այդ հարցում Ադրբեջանի հավասարակշիռ քաղաքականությունը. «Մեր համագործակցությունն անցել է փորձությունը: Ադրբեջանում իմ բարձրաստիճան զրուցակիցներից մեկն ինձ ասել է, որ «մեք ձեզանից շատ ենք ապրումներ ունենում նրա համար, ինչ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերություններում»:

Կարծում եմ՝ նա չի չափազանցել: Ադրբեջանի համար ոչ միայն զգացական առումով է ցավալի տեսնել կոնֆլիկտ իրեն մոտ երկու երկրների միջև, այլև նա պետք է մշակի գործնական ճիշտ քայլեր:

Ձեզանից նրանք, ովքեր պատմություն են սերտել, գիտեն, որ ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես բարդ են դասավորվել, եղել են մի քանի պատերազմներ: Ճիշտ է՝ հետագայում մշտապես հաշտվել ենք: Հուսով եմ, որ դա տեղի կունենա նաև այս անգամ: Քայլը թուրքական կողմինն է: Նա գիտի, թե ինչ է պետք անել»:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները պատմականորեն ձևավորվել են տարբեր կերպ:

«Այդ հարցում իր դերն ունի էթնիկ, կրոնական ու մշակութային գործոնների միահյուսումը: Մեծ կարևորություն ունեն քաղաքականությունն ու տնտեսությունը:

Հայաստանը որոշել է դառնալ Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, մեր երկրի հետ մտել է տնտեսական խորը ինտեգրման մեջ: Ադրբեջանն ընտրել է այլ մոդել. առանց ռազմաքաղաքական ու տնտեսական պարտավորությունների: Մենք հարգում ենք երկու ընտրություններն էլ: Մենք չենք հակադրում այդ երկրներին: Մոսկվան բարեկամություն չի անում Ադրբեջանի հետ ընդդեմ Հայաստանի և հակառակը: Դա նաև վերաբերում է Ռուսաստանում երկու երկրների սփյուռքին:

Չենք ցանկանում, որ Ռուսաստանը վերածվի այնպիսի վայրի, որտեղ հայերը ու ադրբեջանցիները հաշիվներ կմաքրեն ինչ-ինչ վիրավորանքների պատճառով: Դրան է ուղղված մեր ողջ պետական քաղաքականությունը:

Իսկ երբ ասում են, թե Ռուսաստանն ավելի վատ է վերաբերվում ադրբեջանցիներին, քան հայերին, դրանք միայն զգացմունքներ են: Հուսով եմ, որ դրանք ամեն դեպքում կանցնեն: Այլ բան է, որ Ռուսաստանում պետք է ավելի շատ բան իմանան Ադրբեջանի մասին, ինչի մասին ես հայտարարել եմ քանիցս»,- ասել է դեսպանը:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

«Սխալվում է նա, ով ասում է, թե Ռուսաստանը կարող է հակամարտությունը կարգավորել 15 կամ 20 րոպեի ընթացքում: Ռուսաստանը միայն կարող է միջնորդ լինել:

Կողմերից մեկի վրա ցանկացած ճնշմամբ չես հասնի անհրաժեշտ արդյունքի: Հիմքում պետք է ընկած լինի վստահությունը, և դա կարող են ստեղծել միայն ձեր երկրները»,- ասել է դեսպանը:

Դիվանագետն ընդգծել է, որ ապրիլի սկզբի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է պահպանվող իրավիճակը. «Է՛լ ավելի ակնհայտ դարձավ, որ խելամիտ լուծումը միայն մեկն է՝ խաղաղ ճանապարհով: Հակամարտող կողմերն ու միջազգային հանրությունը պետք է ճիշտ եզրակացություններ կատարեն: Ռուսաստանը նույնպես իր եզրակացություններն է կատարում: Նա ընդլայնելու է միջնորդական ջանքերը»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...