Без рубрики

Մոտենում է նոր ցիկլոն, որն ավելի ընդգրկուն է ու հզոր. Գագիկ Սուրենյան

 

83735

armtimes.com-ը գրում է.Վաղը օրվա երկրորդ կեսին Հանրապետություն է ներթափանցելու նոր ցիկլոն, որն իր հետ հյուսիս-արեւմուտքից բերելու է ցուրտ օդային հոսանքներ: Այս ցիկլոնը շատ ավելի ընդգրկուն ու հզոր է, ինչի հետեւանքով վաղը կեսօրից հետո եւ հունիսի 8-ին ու 9-ին տեղումները կլինեն ոչ թե երեկոյան ժամերին, այլ նաեւ օրվա ընթացքում: Կրկին մեծ է կարկուտի հավանականությունը: Մեր երկրում սպասվող եղանակային «իրադարձությունները» այսպես բնութագրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ հունիսի 8-9-ին սպասվում է նաեւ ջերմաստիճանի նվազում՝ 3-5 աստիճանով: Ցիկլոնի ուժը, ըստ Սուրենյանի, կթուլանա հունիսի 10-ին: Աստիճանաբար կնվազի նաեւ տեղումների հավանականությունը. եթե հունիսի 10-ին տեղումներ են սպասվում հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ միայն երեկոյան ժամերին, ապա հունիսի 11-ին տեղումների հավանականությունը մեծ է միայն հյուսիսային շրջաններում:

«Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ ամսի 10-ից: Շատ բարձր ջերմաստիճան դեռ մի ակնկալեք: Բարձրացումից հետո ջերմաստիճանը հազիվ կմոտենա 30 աստիճանին»,- ընդգծում է օդերեւութաբանը:

Սուրենյանի հետ զրուցեցինք նաեւ վերջին օրերին հանրապետության գրեթե բոլոր մարզերում եւ Երեւանի որոշ հատվածներում գրանցված կարկտահարության դեպքերի մասին:

Մասնագիտորեն նկարագրելով երեւույթը՝ Սուրենյանն ասաց, որ ուժեղ կարկուտի պատճառը ձեւավորված գերհզոր կարկտային ամպամածությունն է. «3000-6000 մետր բարձրությունների վրա վերջին երկու օրերին տեղի է ունենում ցուրտ օդի ներհոսք, իսկ գետնամերձ շերտում՝ տաք օդի ներհոսք: Այս երեւույթով պայմանավորված մեծանում է ըստ բարձրության ջերմաստիճանի անկման մեծությունը. մենք դրան ասում ենք ջերմաստիճանի ուղղաձիգ գրադիենտ: Կեսօրից հետո, օդի տաքացումով պայմանավորված առաջացնում են ուժեղ վերընթաց հոսանքներ եւ հզոր կարկտային ամպամածություն, ինչի հետեւանքով հանրապետության առանձին հատվածներում անձրեւների հետ տեղում է նաեւ կարկուտ»,- բացատրեց Սուրենյանը:

Մեր հարցին՝ արդյո՞ք այդ կարկտաբեր ամպերի հզորությունն է պատճառը, որ հակակարկտային կայանների ներգործությունը չի ազդում՝ Սուրենյանը դրական պատասխան տվեց.

«Այո, վերջին երկու օրերին գերհզոր ամպամածություն է առաջանում: Հենց հակակարկտային կայանների ներգործության շնորհիվ է, որ աղետալի կարկտահարություն չի լինում: Եթե կայանների ներգործությունը չլիներ՝ հետեւանքերը շատ ավելի ծանր կարող էին լինել, որովհետեւ ամպի ուղղաձիգ հզորությունը հասնում է մինչեւ 10-12 կիլոմետրի, իսկ ամպի մեջ կարկտի գոտին՝ մինչեւ 4-5 կիլոմետրի: Ամպի մեջ ունենում ենք 4-5 կլիոմետր շերտով կարկտի կուտակում. դա հզոր սառցե կուտակում է: Եղել են դեպքեր, որ չպաշտպանվող տարածքներում նման ամպերից տեղացել է մինչեւ 5-6 սանտիմետր տրամագծով, այսինքն հավի ձվից էլ մեծ կարկուտ, որի տեւողությունը կարող է հասնել մինչեւ 40 րոպեի: Իսկ վերջին օրերին տեղացած կարկուտի տրամագիծը 1-2 սանտիմետր է, տեւողությունը՝ 4-5 րոպե»:

Նախորդ անգամ մեզ հետ զրույցում Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ եղել են դեպքեր, երբ հակակարկտային կայանները չեն կարողացել գործի դրվել, քանի որ «Ucom» ընկերության կապը լավ չի աշխատել եւ չեն կարողացել կայաններին SMS ուղարկել:

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է նաեւ հակակարկտային կայանքների արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցը: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ «Ucom» հեռահաղորդակցական ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: «Մենք պետք է հնարավորինս ապահովագրված լինենք բոլոր տեսակի խափանումներից»,- նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ շեշտել է նախարար Արմեն Երիցյանը: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է 460 հակակարկտային կայանք:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանից տեղեկացանք, որ վերջին օրերին կարկուտից ամենաշատը տուժել է Արմավիրի մարզը: Ըստ նրա՝ բոլոր մարզպետարաներում ստեղծվել են մասնագիտական հանձնաժողովներ, որոնք հաշվում են վնասի չափը:

«Մասնագիտական հանձնաժողովներն առաջիկա օրերին կարձանագրեն վնասները, չափերի մասին կտեղեկացնենք»,- այսօր հրավիրված ասուլիսում էլ այս մասին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նշենք, որ վնասներ են կրել խաղողի, կեռասի, բալի, ծիրանի այգիները:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...