Լրահոս

«Մտնում եք, լայքում եք, ասվում ա, պիտի արվի»․ ինչպես են Սերժ Սարգսյանի համար «լայքեր» կորզում (ապացույցներ)

 

Օրերս փաստացի ապացույցներ հրապարակվեցին, որ ՀՀԿ-ն օգտագործելով վարչական լծակները՝ համատարած կերպով ստիպում է հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին մարդկանց ցուցակագրել ու իշխող կուսակցության համար ձայներ ապահովել։ Դրանով, սակայն, ՀՀԿ-ն չի սահմանափակվում․ կեղծիքների է դիմում նաև սոցիալական ցանցերում։ Ֆեյքերից, փողով ստատուսներ գրողներից, սուտի ընդդիմադիրներից բացի՝ նաև «լայք» դնողների խմբեր է պահում, որոնց, հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների նման, ստիպում են «լայքել» այս կամ այն ՀՀԿ-ականի գրառումը՝ ընդհանուր ֆոն ստեղծելով, թե իշխող կուսակցությանն ատողներն իրականում այդքան էլ շատ չեն։ Ընդ որում, «լայք» դնող այդ խմբերը բուհերի ուսխորհուրդների շրջանակներում են կազմակերպվում: Ուսանողներին ՖԲ փակ խմբերում են ընդգրկում և «ինստրուկտաժ» անում:

«7օր»-ին հաջողվել է ՀՀԿ-ի վրա աշխատող Մանկավարժական ինստիտուտի փակ խմբից մի գրառում արձանագրել (այն մեզ են ուղարկել այդ փակ խմբում պարտադրաբար ընդգրկված ուսանողները), որում Լալա Սահակյան անունով օգտատերը այդ խմբի մասնակիցներին հրահանգում է մտնել և «լայքեր» դնել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի գրառումների տակ։

«Երեխե՛ք, մտնում եք բոլորդ անխտիր Կարեն Ավագյանի էջ ու վերջին 2 գրառումները լայքում եք, ու չասեք, որ մենք դրա հետ կապ չունենք, ասվում ա, պիտի արվի, ցուցակով ա, արագ արեք ու պլյուսները դրեք, մտնեմ ստուգեմ»,- ուղղագրական ու կետադրական սխալներով գրառմամբ խիստ հրահանգում է Լալա Սահակյանը և կից հրապարակում Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջի հղումը։

Հրամանը ստանալուց հետո մյուս օգտատերերը հերթով մտնում են Կարեն Ավագյանի էջ, հավանում նրա վերջին 2 գրառումները, իսկ փակ խմբում պլյուսները դնում, որ իրենց անվան դիմաց էլ պլյուսը ստանան՝ որպես հնազանդ կամակատարի։

Հավելենք նաև, որ Կարեն Ավագյանը վերջին այդ 2 գրառումներով մեջբերել էր Սերժ Սարգսյանի խոսքերը, որոնք, ինչպես նրա մյուս բոլոր մտքերը, իրականությունից կիլոմետրերով հեռու են և հաստատ չեն կարող հավանության արժանանալ օգտատերերի կողմից։ Բայց, արի ու տես, որ «ֆեյք» գելլափների հեղինակների ստեղծած փակ էջերում հրահանգներ տալու և ստիպողաբար լայքեր կորզելու արդյունքում Սերժ Սարգսյանի այդ խոսքերն ստացել են 240-ից և 190-ից ավելի հավանումներ, ու այդ թիվը գնալով ավելանում է։

Փաստորեն, իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի խոսքերին հավատարիմ, ոչ միայն բուն ընտրատեղամասերում է թիվ խփում, այլ նաև՝ վիրտուալ աշխարհում, ու այդ եղանակով ապահովում իր կեղծ անվտանգությունն ու առաջընթացը։

Հ․Գ․ Վերոնշյալ գրառումից ժամեր անց նույն Լալա Սահակյանն է՛լ ավելի խիստ տոնով ու կրկին ուղղագրական և կետադրական սխալներով հերթական գրառումն է կատարել՝ նշելով․ «Էրեխե՛ք, նորից եմ ասում՝ մտնում եք Կարեն Ավագյանի էջ ու վերջին արդեն 3 գրառումները լայքում եք․․․ ով արել ա, էլ + մի դրեք, ձեր ցուցակն արդեն սարքել եմ, մնացած 22 հոգուն եմ սպասում․․ արագ անում եք ու + եք դնում»։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

www.7or.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing