Մտրակի հարված եւ կոնֆետ. Պուտինը դիմավորում է Ալիեւին

41

Սեպտեմբերի 1-ին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Սոչիում Պուտինը կընդունի Ալիեւին: Այդ հանդիպման մասին դեռեւս հունիսի 3-ին ազդարարել էր ինքը Պուտինը, երբ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության առիթով Մոսկվա ժամանած Ալիեւի հետ հանդիպմանն ասել էր, թե հիմնական հարցերը կքննարկեն օգոստոսի 30-ին նրա Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում:

Այդ ընթացքում տեղի ունեցավ երկու նշանակալի իրադարձություն` Ադրբեջանի ստացած մինգեչաուրյան ծանր հարվածը եւ Կասպիցի կարգավիճակի շուրջ հինգ ափամերձ երկրների համաձայնությունը:

Մինգեչաուրի ՀԷԿ-ում վթարի հետեւանքով Ադրբեջանի գրեթե կեսը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն հայտնվել էր խավարի մեջ, մի քանի ժամ շարունակ: Կաթվածահար էր եղել նաեւ Ադրբեջանի զինուժի խոշոր զորավարժությունը: Դրան զուգահեռ, մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, իսլամականները մահափորձ էին կատարել քաղաքապետի դեմ, որի համար Բաքուն գրեթե բաց տեքստով մեղադրեց Իրանին:

Ռեգիոնալ «հսկայի» հավակնություն ցուցաբերող Ալիեւը հայտնվեց բավական նվաստացուցիչ վիճակում:

Դրանից մի քանի շաբաթ անց ղազախական Ակտաու քաղաքում կայացած հինգի Վեհաժողովն ու Կասպիցի շուրջ համաձայնությունն այդ ֆոնին Ադրբեջանի համար նշանակալի որակելը խորքային առումով կարող է դառնալ փոքր ինչ անլուրջ, կամ առնվազն հարաբերական: Բանն այն է, որ առերեւույթ Բաքուն ստանում է Կասպիցում նավթի ու գազի օգտագործման նոր հնարավորություն, այդ թվում գազամուղի, որը թուրքմենական գազը Բաքվի տարածքով կտեղափոխի Եվրոպա: Բայց դա ավելի շատ հիշեցնում է կոնֆետ, որ Ադրբեջանին խոստանում են իրեն խելոք պահելու դեպքում, դրանից առաջ ցույց տալով, թե ինչ կլինի, եթե Բաքուն այդուհանդերձ որոշի իրեն խելոք չպահել:

Իրավիճակը ավելի պատկերավոր է դառնում այն համատեքստում, որ դեռեւս մի քանի ամիս առաջ Բաքվի մտահոգությունն էր առաջացրել Կասպիցի նավատորմը Ադրբեջանին ավելի մոտ տեղակայելու Ռուսաստանի որոշումը, իհարկե բոլորովին այլ առիթով:

Այդ իրավիճակում զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահը Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ իբրեւ փաստարկ իր պատգամավորների եւ մամուլի միջոցով շրջանառության մեջ դրեց ՀԱՊԿ հանդեպ Բաքվի հետաքրքրության հարցը, հատկապես այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարի շուրջ Հայաստանի ստեղծած իրավիճակում, որից գուցե փորձում է օգտվել Ադրբեջանը:

Ավելի շուտ իհարկե դա ոչ թե փաստարկ է, այլ փաստարկների բացակայության «փոխհատուցում», յուրօրինակ «գայթակղություն» Պուտինի համար:

Բայց Ռուսաստանի նախագահը ներկայում ունի իր լուրջ խնդիրները: Նախօրեին Պուտինը փորձեց ճառով որոշակի մեղմել կենսաթոշակային ռեֆորմի կապակցությամբ առաջացած սուր դժգոհությունը: Ուժի մեջ են մտնում ամերիկյան նոր պատժամիջոցներ: Եթե հունիսին Պուտինի գլուխը զբաղված էր միայն ֆուտբոլով եւ նա Ալիեւին լսելու ժամանակ չուներ, ապա այժմ թեեւ ֆուտբոլ չկա, բայց այդ զբաղվածությունը ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է առավել լուրջ հարցերով: Պուտինն այս անգամ էլ չի «լսի» Ալիեւին, որքան էլ գայթակղիչ մտքեր հնչեն նրա շուրթերից:

Առավել եւս մեծ հարց է, թե Մոսկվայի համար որքանով է գայթակղիչ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում, լավ պատկերացնելով, որ Ադրբեջանն այնտեղ դառնալու է պարզապես միանգամից մի քանի երկրի «ազդեցության գործակալ»՝ Թուրքիա, Իրան, Իսրայել:

Այդ իմաստով ավելի մեծ է հավանականությունը, որ Ալիեւը թերեւս կփորձի Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը իր համար որոշակի հարցեր լուծելու նպատակով «հանձնել» իր միջոցով Պուտինի հետ հարցեր լուծել փորձող խաղացողների՝ Էրդողանի եւ Նաթանյահուի շահերը:

Առավել եւս, որ Ալիեւին «կոնֆետ խելոք պահելու դիմաց» սկզբունքը նրբորեն հիշեցրեց նաեւ Պուտինի հետ հուլիսի 18-ին Բեռլինում հանդիպած  ֆրաու Մերկելը, մի քանի ժամով այցելելով Բաքու եւ ի տարբերություն Թբիլիսիի ու Երեւանի՝ գիշերը չմնալով այնտեղ, թերեւս հասկացնելով, որ չի վստահում Բաքվի գիշերներին՝ հանկարծ ու դարձյալ մի բան եղավ Մինգեչաուրին, ու Բաքուն դարձյալ թաղվեց խավարի մեջ:

Իսկ միջազգային դիվանագիտական պրակտիկայում այցերի ընթացքում գիշերելը խորհրդանշական նրբերանգ է:

Բաքուն ըստ երեւույթին ստիպված կլինի բավարարվել կոնֆետով, որ ստացավ Ակտաույում: Այդ իմաստով նաեւ խորհրդանշական է, որ Ադրբեջանին զբաղեցրին Կասպիցով, որովհետեւ այդ ընթացքում Կովկասի համար առանցքային նշանակության իրադարձություններ ծավալվում են Հայաստանում, եւ այստեղ է գործնականում գեներացվում նոր Կովկասի ռազմավարությունը, ներքին գործընթացների տեսքով, որոնց արդյունավետ ընթացքը ձեւավորելու է ոչ միայն լիովին նոր ներքին, այլեւ ռեգիոնալ իրավիճակ ու հարաբերակցություն: Այդ համատեքստում ուշագրավ խորհրդանշականություն է ստանում բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռք բերման հայ-ռուսական բանակցությունը, որի վերաբերյալ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը, այդ իրողության ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլ ռազմա-քաղաքական համատեքստում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache