Մութ անցյալի ուրվականը. ամեն ինչ հերթով

201

1in.am — «Ալեքս Գրիգ» ընկերության գործունեության վերաբերյալ ԱԱԾ հայտնի հայտարարությունից ու տեղեկություններից հետո հանրային շատ շրջանակներ են արդարացիորեն նկատում, որ իրականում մեծ վերապահումով է հնարավոր խոսել բացահայտումների մասին, քանի որ, խոշոր հաշվով, գրեթե բոլորին էր հայտնի, թե ինչ մեխանիզմով են աշխատել խոշոր օլիգարխներն ու պետությունը, ինչ պայմանավորվածություններով, ըստ այդմ բոլորին հայտնին բարձրաձայնելն ու, այսպես ասած, ֆորմալ իրավական ընթացակարգի ներքո բերելը այդքան էլ ցնցող կամ խոշոր բացահայտում չէ: Իրականում, առերևույթ ամեն ինչ հենց այդպես էլ կա: Խնդիրը սակայն այն է, որ տվյալ պարագայում շատ կարևոր է հասկանալ իրողությունների քաղաքական կոնտեքստը և չմոռանալ, որ ամենը տեղավորվում է թավշյա հեղափոխության շրջանակում:

Ըստ այդմ, ուժը տվյալ պարագայում միայն ու միայն միջոց է, ոչ թե նպատակ, հետևաբար, ուժային լծակները գործադրվում են առավել լայն նպատակին հասնելու համար: Իսկ քանի որ առավել լայն նպատակը Հայաստանում հեղափոխական գործընթացի սահուն, անցնցում, ոչ շոկային շարունակությունն ու տրամաբանական ավարտին հասնելն է՝ ամբողջական համակարգափոխությամբ, ապա ուժի կիրառումը այս դեպքում պետք է այնքանով, որքանով կարիք կա հաղթահարել հնարավոր դիմադրությունն ու նաև քաղաքական հենց այդ խորքային կոնտեքստի չըմբռնվածությունը: Հետևաբար, եթե՝ թե սա ինչ բացահայտում, բոլորը գիտեին, այ պետք է բացահայտել առանձին անձանց հարստության անցյալի մութ էջերը և այդ կարգի այլ համատեքստով դատողությունները, զուտ տեսաբանության մասով, իրավիճակի դիպուկ գնահատական են, պրակտիկ առումով դրանք հաշվի չեն առնում քաղաքական կոնտեքստն ու ձևակերպված երկարաժամկետ նպատակները: Ըստ այդմ, «մութ անցյալ» բացահայտելու պահանջները, անկախ բուն շարժառիթից, մեծ հաշվով պարունակում են թավշյա հեղափոխությանը խորքային քաղաքական նպատակներից շեղելու վտանգ: Բանն այն է, որ թե զուտ մասնագիտա-գերատեսչական, թե քաղաքական առումներով, ռացիոնալ, պրագմատիկ հարթության մեջ առանցքային է հենց ներկայիս ռեժիմում աշխատող կոռուպցիոն սխեմաների գործողությունը դադարեցնելը, թեկուզ բոլորի համար պարզ, սակայն իրավականորեն չգնահատված երևույթները գնահատելն ու, ըստ այդմ, իրավական ընթացակարգի դաշտ բերելը: Որովհետև ավելի հեռուն գնալ և արմատներին հասնելու համար կպահանջվի արդեն նպատակների փոփոխություն: Իսկ եթե թավշյա հեղափոխությունը նպատակների մի համախումբը ամբողջապես չսպասարկած շարժվի արդեն նպատակային այլ համախմբի ուղեծրով, դա կլինի թե՛ ուժերի իռացիոնալ վերաբաշխում, թե՛ նաև անհասկանալի կլինի հանրության համար:

Ըստ այդմ, կոռուպցիայի դեմ պայքարում նոր կառավարության գործողությունների արդյունավետության և անկեղծության, հետևողականության գնահատման ելակետերը պետք է լինեն ներկայում, առնվազն առաջիկա տեսանելի ժամանակահատվածի համար: Դա կլինի նոր կառավարությունից հանրային թե՛ սպասելիքների ու ակնկալիքների, թե՛ միաժաանակ պահանջների արդյունավետ բալանսավորում, որը միայն ու միայն կնպաստի ընդհանուր թավշյա հեղափոխության գործընթացի դրական հաշվեկշռի արմատավորմանը, արդեն կառավարման ոլորտում կոնկրետ քայլերի վիճակագրության և շոշափելիության տեսքով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache