Մխչյանի «Չախչախ թագավորը»

92

Հովիկ Արգամի Աբրահամյան,  (հունվարի 24, 1958, Մխչյան գյուղ, Արարատի մարզ), Հայաստանի պետական և կուսակցական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ և ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին առաջնորդներից, խոշոր բիզնեսմեն և մեծահարուստ։

Կրթությունն ու պատանեկությունը
1980-1984 թվականներին սովորել է Երևանի ավտոճանապարհային տեխնիկումում։

Մականուն
Հովիկ Աբրահամյանը հայ հասարակության շրջանում հայտնի է «Մուկ» կամ «Մխչյանի մուկ»մականվամբ։

Պարգևները՝
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով,
• Անանիա Շիրակացու մեդալով,
• ՀՀ վարչապետի հուշամեդալով,
• «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
• «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով,
• Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով,
• Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների և Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով,
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով,
• միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար՝ ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով,
• «Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով։

Վիքիպեդիա, ազատ հանրագիտարան

Մխչյանում էլի վիճակը խառն է:
Հիմա էլ մուկը, հազա՜ր ներողություն, մե՛կը (էս Վիքիպեդիան էս ի՜նչ է անում) մտել կենտրոնական մագիստրալ, իր արտերն է ջրում:
Ինչից ելնելո՞վ:
Ա՜յ էն իրեն տված 10 մեդալ-շքանշանների՛ց ելնելով: Ու դրանից այնպե՛ս ճոխ թևավորվելով, որ «Մենք ենք, մեր սարերի» Իշխանի նման իրեն իրավունք վերապահելով ու ասելով. «Լավ եմ անում, ես ինձ պարգևատրում եմ»:
Բայց ժողովուրդ ջան, ո՞ւմ հաշվին:
Պարզ չէ՞, որ մեր ու մեր աղքատ երկրի՛ հաշվին:

«Թավշյա» հեղափոխությունից առաջ ինքը հարստանում, մենք աղքատանում էինք, «թավշյա» հեղափոխությունից հետո ինքն ավելի՛ կատաղի տեմպերով է երկրի հաշվին հարստանում, մենք իր արածներից հետո ավելի՛ կատաղի միայն էսպես… խոսում:
Թե էն ժամանակ աղքատանալուց էնքա՛ն էինք խելքներս գցել՝ մեր կառավարությունն էինք իրեն տրամադրում, մեր խորհրդարանն էինք իրեն տրամադրում, ինքն էլ երկրի հետ ինչ ուզում՝ անում, ապա հիմա Սևանի բախտն ենք իրեն անուղղակի հանձնել ու խելոք սպասում՝ Սևանից ինքը մեզ ու մեր սերունդներին մի բան կթողնի՞:

Որ սառը դատենք՝ լավ էլ անում էր ու է՛: Հասնո՛ւմ էր մեզ, ու է՛: Չախչախ թագավորի պես ոչ թե մի հատ, այլ մի քանի հատ իրեն երախտագետ աղվես իր առաջը գցած՝ երկրում ինչ որ կար, իրենով էր անում, ոչ մի տեղ իր անունով ոչինչ չէր գրանցում, մկան պես երկրի ունեցվածքը կրում, իր ամբարներն էր տանում, բայց ոչ մի տեղ ոչ մի տող անգամ չէր գրվում, թե այդ ամենը հենց ինքն է անում:
Հա՛, մուկը, երկո՜ւ հազար ներողություն, մե՛կը մտել էր կենտրոնական մագիստրալ՝ ասածիս և՛ ուղիղ, և՛ փոխաբերական առումով: Բա ՀՀ վարչապետ կամ ԱԺ նախագահ դառնալը նույն «կենտրոնական մագիստրալ մտնել» չէ, ի՞նչ է:

Հարգարժան Մխչյան գյուղի պատվակա՛ն բնակիչներ, չե՞ք կարողանում՝ մի հատ, «թավշյա» չասեմ, մի հատ գոնե «բամբազյա» հեղափոխություն էլ դո՛ւք անեք: Ինչքա՜ն կարելի է: Թոթափե՛ք վերջապես ձեր էդ Չախչախ թագավորի ու իր աղվեսների քսան-քսանհինգամյա լուծը: Մի քիչ սկսեք ազատ-անկաշկանդ շնչել վերջապես:
Հարգարժա՛ն ՀՀ օրենքի պահապաններ, վերջապես կարգի՛ հրավիրեք էդ «ամենակարող մկանը»: Էդքան դժվա՞ր է: Ամեն օր, գրեթե բամբասանքի մակարդակից, հնչում է՝ «մուկն էս արեց, մկան ախպերն էս արեց, մկան օբյեկտում էս հայտնաբերվեց»… Եվ էսքանից հետո արդյո՞ք կարելի է էդ մարդուն էսպես աջ ու ձախ ու հանիրավի, դնել, «մուկ» ասել:  Որովհետև էդ արդեն «մո՛ւկ» չեղավ, էդ արդեն մի հատ «մուտացված ու դինոզավր դարձած շատ վախենալու նախապատմական առնետ» դուրս եկավ… Երեկ էդ մարդը ՀՀ գործադիր ու օրենսդրակա՛ն գլխավոր «մագիստրալ» էր մտնում, այսօր՝ ջրի՛ գլխավոր մագիստրալ: Ամեն անգամ անարգել մտնում, իր «արտերն է ջրում», դուք էլ դրել, ուշադիր հետևում եք, որ ի՞նչ: Որ բան բաց չթողնե՞ք էդ հետաքրքիր իր պատմությունից:

Խնդրե՛մ, հատված շա՜տ պաշտոնական տեղեկատվությունից. «Կառավարությունը որոշում է կայացրել Սևանից լրացուցիչ 40 մլն խմ ջուր բաց թողնել՝ գյուղացիների խնդիրը լուծելու համար։ Որոշումը հարուցել է բնապահպանների վրդովվմունքը, քանի որ Սևանի էկոլոգիական խնդիրը գնալով լրջանում է, մեկ գրամ անգամ ջրառը ճակատագրական կարող է լինել լճի համար։ Տարիներ շարունակ Հայաստանում ջրային ռեսուրսները մսխել են, վատնել, ոչ արդյունավետ օգտագործել, սեփական շահերին ծառայեցրել»:

Ուրեմն ինքը դրել Սևանն է քամում, իր արտերը ջրում, իսկ դուք կլանված հետևում եք, թե էս հետաքրքիր պատմությունն ինչո՛վ, տեսնես, կավարտվի՞:
Սևանը կխմի՞, թե՞ լրիվ չի խմի, մի բան կթողնի:
Կամ է՞ս անգամ ո՛վ պիտի «խմողի» «քավության նոխազ» սեփական կամքով նշանակվի:

Մի ուրի՛շ հատված տեղեկատվությունից. «Նշենք, որ գյուղացիները պահանջում են Արտաշատի Ջրօգտագործողների ընկերության նախագահ Մարտիկ Առաքելյանի հրաժարականը, քանի որ, վերջինս, իրենց խոսքով, Հովիկ Աբրահամյանի կադրն է, նրա համար է աշխատում և դիտավորյալ գյուղեր ջուր չի տալիս՝ ստիպելով գյուղացիներին բողոքել Կառավարության դեմ»:

Փաստորեն, ո՛չ վերոհիշյալ տեղեկատվության մեջ տեղ գտած «Հովիկ Աբրահամյանի» այդ «կադրը», ո՛չ էլ այդ «կադրը» այդտեղ «մոնտաժողը» որևէ բանից էսօր ո՛չ վախենում են, ո՛չ էլ հեռանկարում վախենալու անգամ մի՛տք ունեն: Ծովն էլի ծնկներից է, իսկ օրենքները՝ ծնկներից մի քիչ… վե՞ր:
Գիտե՞ք ինչ. կամ էդ բազմակի մեդալակրին մի հատ է՛լ մեդալ տվեք, որ էս անգամ է՛լ իր վրա ոչ մի կերպ չկարեցաք, կամ մի հատ պարզե՛ք, թե ի՛նչ «սխրանքների» համար է էդ մեդալներն ստացել, գումարեք դրան այսօրվա՛ «սխրանքներն» ու ՀՀ օրենսդրության մեջ դրանց համապատասխան հոդվածները գտե՛ք…
Թե չէ իմ հոդվածն ի՞նչ՝ էդ հոդվածների դեմ…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Կամ, լա՜վ, էդ Մխչյանում մի հատ կարգին կատու չկա՞, որ «մկան» հարցը «գեղական կարգով» ու կարգին… լուծի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache