Նա ասաց, որ սա 10 օր է տեւելու, և հենց այդքան էլ տևեց. Վերջին ճիգն է մնացել

0

lragir.am — Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, Ծառուկյանը հայտարարեց, որ աջակցելու են ժողովրդի թեկնածուին, նույնը հայտարարել է ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն էլ հայտարարել է, որ թեկնածու չեն առաջադրելու, բայց չեն խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Այնուամենայնիվ կա՞ն վտանգներ, որոնք կխոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն։

Համաժողովրդական ընդվզումն ու ցասումը իշխող ՀՀԿ-ի և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի նկատմամբ հանգեցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Հարթակում հնչած հայտարարություններն ու մոտեցումները լավ չսերտեց իշխանությունը, և ամբողջ աշխարհը ճանաչեց հայ ժողովրդի թավշյա հեղափոխությունը առանց բռնության ու արյունի, որը կատարվեց առանց դրսի միջամտության։ Մեր ժողովուրդը Երևանի և այլ քաղաքների փողոցներում մեծ ցնծությամբ տոնեց ոչ թե Սերժ Սարգսյանի հեռացումը, այլ  որ ինքն ազատագրվեց այն դինաստիայից, որն արդեն 30 տարի կեղեքում է հայ ժողովրդին, որը ժողովրդին հասցրել է արտագաղթի, արդյունաբերության կորստի, ընտրությունների բացարձակ կեղծման։ Վերջում էլ կեղծեցին սահմանադրության հանրաքվեն ու ընդունեցին մի այնպիսի ընտրական օրենսգիրք, որը չարորակ ուռուցք է Հայաստանի մարմնի վրա։

Ապրիլի 23-ից հետո այնքան մեծ էր ՀՀԿ-ականների լկտիությունը, որ նրանք փաստորեն չհանձնեցին իշխանությունը և հանդգնեցին շարունակել իրենց գործունեությունը՝ ժողովրդին խոստանալով պայծառ ապագա։ Սակայն ժողովուրդն անդրդվելի էր, և ՀՀԿ-ում հասկացան, որ ոչ մի տարբերություն չկա մայիսի 1-ին իրենք վարչապետ կընտրեն իրենց թեկնածուին, թե չեն ընտրի։ Այսօր էլ նրանք ունեն իշխանություն, ԱԺ մեծամասնությունն իրենք են, վարչապետի պաշտոնակատարը Կարեն Կարապետյանն է, նախարարներն իրենք են, բայց կարողանո՞ւմ են աշխատել, գործունեություն ծավալել։ Ժողովուրդը քաղաքացիական անհնազանդության է դիմում, և այս իշխանությամբ այլևս անհնար է առաջ գնալ։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ առաջնորդել ժողովրդին և հաջողություն գրանցել։ Նա ասաց, որ սա 10 օր է տևելու, և հենց այդքան էլ տևեց։

Հանրապետականների մոտ հայրենասիրության անգամ փոքր նշույլ չերևաց, և սկսեցին մեր իրադարձություններին միջամտել դրսից՝ ԱՄՆ պետքարտուղարություն, Զատուլին, Ռիժկով։ Իհարկե, Ռիժկովը իրեն վատ պահեց, բայց դա վերագրենք իր տարիքին, արդեն 90 տարեկան է։ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը ողջունելի է, քանի որ ասացին, որ սա Հայաստանի ներքին խնդիրն է։ Բայց ես այսօր դեռ մինչև վերջ չեմ հավատում, թե ամեն բան ավարտվել է։ Երբ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի ունենալու, նրանք նշում էին, որ նայելու են թեկնածուների ծրագրերը, երևի նկատի ունենալով, որ Ծառուկյանը կառաջադրվի թեկնածու։ Սակայն Ծառուկյանը հայտարարեց, որ միանում է շարժմանը և կքվեարկի Փաշինյանի օգտին։ Փաստորեն, Փաշինյանը մնաց միակ թեկնածուն, որին պետք է քվեարկեն նաև ՀՀԿ-ականները։ Մինչև չտեսնենք նրանց հանձնած իշխանությունը, չպետք է հավատանք, և ժողովուրդը պետք է զգոն լինի։

Ես կոչ եմ անում ողջ հայ ժողովրդին իր վերջին ճիգը հավաքի, ներքին ուժերը հավաքի և մայիսի 1-ին շրջափակի բոլոր վարչական ու կառավարական շենքերը, Ազգային ժողովը։ Մարզերից բոլորը պետք է գան Երևան, որովհետև ՀՀԿ-ականներին հավատալը շատ դժվար է։ Նրանք հայրենասիրություն չունեն, որովհետև մեր արյունով կերտած հայրենիքը վեր են ածել համատարած աղքատության ու սովի երկրի։ Փաստորեն հայ մարդն իր սեփական երկրում ապրելու հնարավորությունը չունեցավ վերջին տասնամյակներում։

Մենք բոլորս պետք է միահամուռ լինենք այդ օրը։ Ես որպես արցախցի, որպես առաջին գծին մոտ մարդ և որպես պատերազմով անցած վետերան և զինվորական, կոչ եմ անում ՀՀԿ-ականներին վերջին անգամ գոնե խելքի գան և մայիսի 1-ին միաձայն ընտրեն Նիկոլ Փաշինյանին, որովհետև ժողովուրդը հետ չի կանգնելու։Մենք չենք կարող երկար մնալ այս անորոշության մեջ։ Եթե այս լարվածությունը շարունակվի, առաջնագծում ադրբեջանցիներն իրոք կարող են առաջխաղացում անեն, և մենք չպետք է թողնենք, որ մի խումբ մարդկանց պատճառով ամբողջ ազգը տուժի։

Իշխանությանն ասում ենք՝ ավելի խոհեմ գտնվեք և չտանեք սրացման, քանզի դա չի բխում հայրենիքի շահերից



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache