Նա, ով կփորձի կանգնել հեղափոխության ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում

73

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ուղիղ եթերով դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ նա, ով կփորձի կանգնել հեղափոխության ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում օրինականության հաստատումն այլընտրանք չունի, պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության:

«Այս ճանապարհը՝ օրինականության հաստատման ճանապարհը, այլընտրանք չունի: Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով և ձևերով, բայց ուզում եմ նաև ասել, որ այս ողջ պրոցեսի ընթացքում մեր կառավարությունը, իշխանությունը նույնպիսի պատասխանատվություն է զգում ձեր առաջ՝ ՀՀ ժողովրդի, պետականության, օրինականության առաջ:

Մենք այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում, մենք չենք ուզում ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, այլ տեղափոխել պետբյուջեև ծառայեցնել ժողովրդի կարիքներին»,- ասել է նա:

Փաշինյանը կրկին ընդգծել է, որ բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է, ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթարշավն այլընտրանք չունի, այն ուներ մի տեր, մի իշխանություն, և այդ տերը ՀՀ քաղաքացին է: Փաշինյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ բոլորին հրավիրելով Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին՝ ամփոփելու քաղաքացու իշխանության հաստատման 100 օրը և խոսելու հետագա հաղթարշավի, արդյունքների, հաղթանակների մասին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache