Լրահոս

Նալբանդյանը հաստատեց տարածքների հանձնման լուրը. ինչ են ստիպել Սերժ Սարգսյանին

 

big_ecd07f448_1116

politik.am-Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ադրբեջանցի գործչի այս հայտարարությունը լայն արձագանք ստացավ Հայաստանում:  Հասարակական-քաղաքական գործիչների որոշ շրջանակ կարծում է, որ դավադրություն է հասունանում և այդ հաստատելու համար հիշում են Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը: Որոշակի  շրջանակ էլ հայտարարում է, որ պետք չէ հավատալ ադրբեջանական կողմից տարածվող լուրերին, որոնք արվում են ներքին լսարանին բավարարելու համար:

Այս քննարկումներին եկավ եզրափակելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որը նա արել է «Արմենպրես» գործակալության հետ զրույցի ժամանակ:

«Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը»,-անդրադառնալով Նովրուզովի հայտարարությանը ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը անուղղակի կերպով հաստատել է Նովրուզովի հայտարարությունը: ՀՀ ԱԳ նախարարը հստակ արձանագրել է, որ տարածքներ հանձնելու մասին խոսակցություններ իհարկե կան, միայն թե դրանք տեղի չեն ունեցել Սանկտ-Պետերբուրգում և տարածքներ հանձնելուց առաջ Ադրբեջանը պետք է ճանաչի  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Եվ հետո պետք է նկատել, որ տարածքային զիջումների մասին հստակ արձանագրված է՝ և Մադրիդյան սկզբունքներում, և Կազանյան փաստաթղթում:

Այնպես որ իշխանական հաստիքային և արտահաստիքային քարոզիչները լավ կանեն բացատրեն, թե ինչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը եռակողմ հանդիպման ընթացքում: Թող չփորձեն համոզել հանրությանը, որ Պուտինը այս հանդիպումը կազմակերպել է զուտ տեխնիկական հարցեր քննարկելու համար: ՌԴ նախագահի մասշտաբի գործիչը չի կարող միայն տեխնիկական հարցերի քննարկման համար նման հանդիպում կազմակերպել: Եվ որքան իշխանության քարոզիչները փորձում են համոզել, որ քննարկվել են տեխնիկական հարցեր, այնքան վստահ կարելի է ասել, որ ինչ որ բան պարտադրվելու է հայկական կողմին ռուսական կողմից:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...