Լրահոս

Նալբանդյանին Մոսկվա «ուղեկցող» մահաբեր զենքը

 

Մինչ Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը կհասնի Մոսկվա՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի հովանու ներքո ադրբեջանցի նախարար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպման համար, Ադրբեջան է հասել ռուսական ռազմական տեխնիկայի եւ սպառազինության հերթական խմբաքանակը, որն ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ հնարավորինս արագ կներառվի ադրբեջանական բանակի զինանոց:

Հազիվ թե Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումն ու ռուսական սպառազինության խմբաքանակի Բաքու ժամանումը փոխկապակցված լինեն: Սպառազինության նախ առաջին խմբաքանակը չէ, բացի այդ էլ դրա վերաբերյալ պայմանավորվածությունները մեկ օրում չէ, որ ձեռք են բերվում:Բայց, եռակողմ հանդիպումն ու Բաքու ռուսական մահաբեր սպառազինության «ժամանումը» ունեն  խորհրդանշական զուգորդում:Ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցությունը ռազմավարական գործընկերության առանցքային բաղադրիչներից է արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ: Այդ տարիների ընթացքում Ռուսաստանը դարձավ Ադրբեջանի սպառազինության թիվ մեկ մատակարարը՝ մոտ 80 տոկոսի: Այդպես Ադրբեջանը որդի Ալիեւի իշխանության գալուց հետո ՌԴ իշխանության հետ սկսեց կառուցել ռազմական դիվանագիտության ռազմա-քաղաքական հենքը, իսկ այդ դիվանագիտությունն էլ իր գագաթնակետին հասցրեց ապրիլի պատերազմով:

Դրանից հետո ստեղծվեց ռազմա-քաղաքական լիովին նոր իրավիճակ, որն Ադրբեջանին դրել է խորը փակուղում: Գործնականում բավական անկյուն քշված վիճակում է հայտնվել նաեւ Ռուսաստանի քաղաքականությունը՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի հանդեպ:Տեւական ժամանակ թե Հայաստանը, թե Ադրբեջանը փորձում են օգտագործել այդ հանգամանքը, Ռուսաստանին բերելով հոգեբանական ճնշման դաշտ: Բաքուն այդպիսով փորձում է նորոգել ռազմական դիվանագիտության ռազմա-քաղաքական լրջագույն ճաքեր տված եւ վթարային դարձած հիմքը, իսկ Երեւանը փորձում է թույլ չտալ Բաքվին իրականացնել այդ նորոգումը:

Իսկ Բաքուն դա կարող է անել միայն Ռուսաստանի օգնությամբ, հատկապես այժմ, երբ Արեւմուտքի հետ ունի լուրջ խնդիրներ եւ արժանանում է արհամարհական վերաբերմունքի:Ռուսաստանը միայն մի դեպքում զերծ կմնա Բաքվին օժանդակությունից՝ եթե իր թիկունքին մշտապես զգա Հայաստանի շունչը, թե իշխանության, թե հասարակության: Ապրիլի պատերազմից հետո թե իշխանությունը, թե հասարակությունը բավական ինտենսիվ եւ շոշափելի կերպով էր Մոսկվային զգացնել տալիս այդ շունչը:Սակայն, ժամանակի ընթացքում նկատելի է դրա նվազում: Իսկ ՌԴ արտգործնախարարի հովանու ներքո եռակողմ հանդիպման կազմակերպումը առաջացնում է որոշակի հարցեր ու մտահոգություն, կապված եռակողմ ֆորմատի վերականգնման հետ, որը Բաքվի համար անցնող տարիներին հենց ռազմական դիվանագիտության ռազմա-քաղաքական հենքն ապահովող ֆորմատն էր:

Ի՞նչ է անելու Նալբանդյանը Մոսկվայում Լավրովի եւ Մամեդյարովի հետ: Նալբանդյանը գնում է Մոսկվա, որ Բաքու եկած սպառազինությունը չկրակի՞ Հայաստանի ուղղությամբ: Սերժ Սարգսյանն ապրիլից հետո մի քանի անգամ խոստովանեց, որ մինչ այդ էլ Ռուսաստանը հավաստիացնում էր, թե զենքը չի կրակի, Բաքուն չի գնա ագրեսիայի: Սարգսյանն այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց նաեւ Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ ՄԳԻՄՕ-ում ելույթի ժամանակ:Բաքվի ստացած սպառազինությունը չի կրակի, եթե Հայաստանը թույլ չտա վերականգնել այսպես ասած եռակողմ ֆորմատը Ռուսաստանի գլխավորությամբ:Խնդիրը տվյալ պարագայում այն չէ, որ արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը կարող է ունենալ որեւէ ճակատագրական հետեւանք: Խոշոր հաշվով, ստատուս-քվոյի փոփոխությունը տեսանելի ապագայում անելանելի տարբերակ է մի շարք հանգամանքների պատճառով: Բոլորովին վերջերս Բաքուն այդ կապակցությամբ նախազգուշացում ստացավ նաեւ Թեհրանից:
Ռուսաստանը ներկայում ի վիճակի չէ անգամ եռակողմ ֆորմատում հասնել որեւէ բեկման:Խնդիրն այն է, որ եռակողմ ֆորմատի հնարավոր վերականգնումը կդառնա այն խոփը, որը սկսելու է տարեցտարի փորել նոր պատերազմի ակոսը, ինչպես փորեց մինչեւ ապրիլ:Միեւնույն ժամանակ, ֆորմատի խնդիրը ամենեւին ֆիզիկական չէ: Հարցն այն չէ, թե ում հովանու ներքո ովքեր են հանդիպում: Հարցն օրակարգն է, այսինքն այն, թե ինչ է քննարկվում եւ կողմերը ինչ հարցապնդումով են հանդես գալիս:
Եթե Հայաստանը պնդելու է Վիեննայի օրակարգը՝ այսինքն հրադադարի պահպանման հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչը ոչ միայն Արցախի խնդրին, այլ ընդհանրապես տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համակարգին առնչվող, թեկուզ հարաբերական կայունության ու խաղաղության օրակարգ է, ապա մեծ հաշվով կարեւոր չէ, թե որ մայրաքաղաքում եւ ում մասնակցությամբ սեղանի շուրջ է պնդելու դա:Մտահոգիչը այն է, որ Մոսկվայի հանդիպումը չդառնա Վիեննայի օրակարգից շեղման գործընթացի սկիզբ, թեկուզ շատ դանդաղ եւ զգուշավոր սկիզբ: Որովհետեւ Վիեննայի օրակարգը ոչ միայն Ադրբեջանի համար է անընդունելի, այլ նաեւ Ռուսաստանի, քանի դեռ Մոսկվան ապրիլից հետո հայտնվելով որոշակի մարտավարական շփոթմունքի մեջ, ռազմավարական իմաստով դեռեւս շարունակում է տարածաշրջանը դիտարկել ռուս-թուրքական 1921 թվականի պայմանագրի տրամաբանության ներքո:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing