Նամակ Վաշինգտոնից․ Երևանը դեռ լուռ է

1

1in.am — ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն և Բրեդ Շերմանը ստորագրություններ են հավաքում՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինին կոչ անելով վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման հնացած պայմանագիրը: Վալադաոյի և Շերմանի նամակում նշվում է, որ «խորհրդային ժամանակաշրջանից գոյություն ունեցող պայմանագիրը չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի աճող բարդությունները, ինչպես նաև ամերիկացի և հայ ժողովուրդների բարեկամությունը»:

ԱՄՆ-ում կրկնակի հարկման մասին պայմանագիրը հստակ իրավական հիմք կստեղծի ներդրողների և անհատ ձեռնարկատերերի գործունեության համար՝ կանխելով կրկնակի հարկումը և նպաստելով տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի հարկային քաղաքականության հարցերով ապագա օգնական Դեյվիդ Քոթերը պատրաստակամություն էր հայտնել, որ եթե իր թեկնածությունը հավանության արժանանա, ապա ինքը կզբաղվի ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրով:

Այս հարցով Վաշինգտոնն ու Երևանը բանակցում են վաղուց, սակայն այնպիսի տպավորություն է, որ երկուստեք մեծ շահագրգռվածություն առկա չէ: Երևանում, կարծես, առայժմ տիրապետող չէ այն գիտակցությունը, որ շեշտը պետք է դնել ոչ թե ամերիկյան օգնությունների վրա, այլ խրախուսել տնտեսական լուրջ հարաբերությունների զարգացումը, ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ: Մյուս կողմից` ԱՄՆ-ի հետ տնտեսական, առևտրային հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր են արմատապես փոխել տնտեսության կառուցվածքը` այն ազատելով մենաշնորհային, կոռուպցիոն դրսևորումներից և ռուսական տոտալ կախվածությունից: Հիշեցնենք, որ մոտավորապես նման նախապայման էր առաջ քաշել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, երբ անցած տարվա ընթացքում հնչեցրել էր էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ ներդրում անելու ամերիկյան պատրաստակամության մասին: Դեսպանի առաջարկը Հայաստանի վերնախավում համարժեք պատասխանի չարժանացավ, նույնիսկ որոշակիորեն կասկածի տակ դրվեցին նրա խոսքի մասնագիտական հիմքերը: Իրականում` ամերիկացի դիվանագետը, ըստ ամենայնի, ձևակերպել էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման բանաձևը, որի շնորհիվ Վաշինգտոնը փորձում էր պարզել` ինքնիշխան որոշումներ կայացնելու Հայաստանի իշխանության պոտենցիալը:

Եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն կառուցվածքային փոփոխություններ կատարել տնտեսության մեջ և դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները, ապա կոնգրեսականների նախաձեռնությունը կամ նույնիսկ Հայաստանի հետ կրկնակի հարկման հնացած պայմանագրի չեղարկումը գործնականում Հայաստանին որևէ բան չեն տալու:

Գնդակն իրականում Հայաստանի իշխանությունների դաշտում է, իսկ լուծումներ պետք է գտնել քաղաքական որոշումների մակարդակում: Ռուսական կոռուպցիոն համակարգի հետ ինտեգրված Հայաստանի տնտեսությունը մրցունակ չէ և գրավչություն չունի արտաքին ներդրումների համար, իսկ նման իրավիճակում, Վաշինգտոնում, բնականաբար, մոտիվացված չեն արտոնյալ պայմաններ ստեղծել Հայաստանի համար:

Մյուս կողմից` խնդրի քաղաքական կողմն է կարևոր, որովհետև հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Եթե անկեղծ լինենք, չկա հայ-ամերիկյան օրակարգ բովանդակային առումով: Հենց սա է գերխնդիրը, հիմնական հարցը և այս հարթության վրա անելիք ունի պաշտոնական Երևանը, մանավանդ, կոնգրեսականների նամակը մեր իշխանությունների համար նախաձեռնողական քաղաքականության ազդակ պետք է հանդիսա: Ղազախստանը ԵՏՄ անդամ է, սակայն տաս օր առաջ Նուրսուլթան Նազարբաևը տվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու բանաձևը: Անկարելի ոչինչ չկա, նույնիսկ ԵՏՄ անդամությունը կարող է խոչընդոտ չլինել, եթե կա ինքնաբավ, մոտիվացված արտաքին քաղաքականություն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache