Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անսպասելի հայտարարությունը

105

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՅԴ ղեկավարության հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե Արմեն Սարգսյանն ինքը հենց սկզբից ասել է, որ խոսքն ըստ էության ոչ միայն չորրորդ նախագահի, այլ փաստորեն չորորդ հանրապետության մասին է:

Ռուստամյանը նշել է, որ այդ մոտեցումը համահունչ է իրենց պատկերացումներին, եւ կառավարման նոր մոդելով փաստացի գործ ունենք նոր հանրապետության հետ:Այդպիսով, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարում է Հայաստանի չորրորդ հանրապետության մասին, այսինքն երրորդ հանրապետությունը փաստացի համարում է ավարտված կամ ավարտվող:Իրականում այդ ձեւակերպումների ներքո լոկ բառախաղ կամ պատկերավոր նկարագրություն չէ. կառավարման մոդելի փոփոխությունն անկասկած ժամանակի ընթացքում ենթադրում է համակարգի խորքային տրանսֆորմացիա եւ նոր իրողություններ: Ադ իմաստով էլ առկա է առանցքային հարցը՝ Սերժ Սարգսյանն ինչ կարգավիճակով է երրորդ հանրապետությունից անցնում չորրորդ հանրապետություն:

Տրամաբանությունը հուշում է, որ նա չպետք է լինի չորրորդ հանրապետության առաջին դեմքը: Կամ, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի դեռ նա կլինի առաջին դեմքը, Հայաստանը խցանված կմնա երրորդ եւ չորրորդ հանրապետությունների արանքում, դրանք արդեն լիովին վերածելով պայմանականության:

Համենայն դեպս, Արմեն Սարգսյանը պետք է որ հստակ պատկերացնի այդ իրողությունը եւ Հայաստանի թեկուզ ներկայացուցչական, խորհրդանշական նախագահ դառնալու ճանապարհին նրա համար հենց դա պետք է լիներ սկզբունքային հարցերից մեկը՝ Սերժ Սարգսյանը գնու՞մ է, թե՞ կանգնում չորրորդ հանրապետության ճանապարհին:Չի բացառվում նաեւ, որ Արմեն Սարգսյանն այդ տեսանկյունից խնդրում է ՀՅԴ աջակցությունը, թերեւս համարելով, որ ՀՀԿ հետ այդօրինակ կատեգորիաներով խոսելն անիմաստ է: ՀՅԴ-ն Հայաստանի բացառիկ քաղաքական կառույցներից է, իր ամբողջ բիզնես շահերով հանդերձ՝ քաղաքական մտածողության եւ գաղափարախոսության վրա հիմնված:

Դաշնակցությունն իր հաղթանակն էր հռչակել Սահմանադրության փոփոխությունն ու անցումը խորհրդարանական կառավարման մոդելի: Առերեւույթ որեւէ հաղթանակ էլ չկա, սակայն հենց քաղաքական մտածողության պարագայում ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանում քաղաքական մտածողության մոդելն է, թեկուզ նախկինի համեմատությամբ, եւ ըստ այդմ այդ մոդելը հաղթանակ է բոլոր այն ուժերի համար, որոնք իրենց համարում են քաղաքական:

Չորրորդ հանրապետության մասին խոսելով, Արմեն Սարգսյանն ըստ երեւույթին քաղաքական աջակցություն է ակնկալել ՀՅԴ-ից: ՀՀԿ-ից նրան պետք է այլ բնույթի աջակցություն կամ լոյալություն, քանի որ Սարգսյանն անկասկած խաղալու է բոլորովին այլ դաշտում: Նա փաստորեն Դաշնակցությանն առաջարկում է լինել քաղաքական հենարան, դառնալ քաղաքական բազա կամ գործընկեր առանցքային խնդրի լուծման՝ Սերժ Սարգսյանի մոտ վարչապետի պաշտոնի շատ հնարավոր հավակնությունը չեզոքացնելու, նրան այդ արգելակող քայլից հետ պահելու հարցում:

Դաշնակցության դերն այստեղ առանձնահատուկ է նաեւ նրանով, որ գործնականում ՀՅԴ-ն դեռեւս 2015-ին ձեւակերպեց նոր իրավիճակի առանցքային խնդիրը: 168 ժամ-ին տված հարցազրույցում Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ կառավարման խորհրդարանական մոդելը բարձրացնում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, քանի որ որոշումներ կայացնողը մեկ ինստիտուտ, մեկ անձ չէ, ինչպես նախագահական մոդելի դեպքում:Մոդելը կվերածվի ցուցանակի, եթե վարչապետի պաշտոնում մնա Սերժ Սարգսյան անձը, որն իրենով գործնականում անձնավորելու է նաեւ խորհրդարանական կառավարման մոդելն ու այն վերածելու է ընդամենը ցուցանակի:

Կհամոզի՞ ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանին չանել այդ բանն ու թույլ տալ բարձրացնել Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, թե ոչ: Ի վերջո հենց նույն Ռուստամյանն էր նաեւ այլ առիթով հայտարարել, որ մոդելի փոփոխության դեպքում իրենք խնդիր չունեն Սերժ Սարգսյանի վարչապետության հետ:Դե յուրե խնդիր չկա, իհարկե, սակայն դե ֆակտո այդ հանգամանքն արգելակելու է խորհրդարանական մոդելի արդյունավետությունը համակարգային տրանսֆորմացիայի հարցում:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache