Նախարարական բլից-կրիգ. ինչ է կանխվում Նախիջեւանի ուղղությամբ

132

lragir.am — Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 18-ին այցելել են հայ-ադրբեջանական սահման, Նախիջեւանի դիրքեր: Այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները ծանոթացել են օպերատիվ իրավիճակին, պաշտպանության նախարարը հանձնարարել է լինել զգոն, չտրվել սադրանքների, նաեւ կանխարգելել հակառակորդի առաջխաղացման ցանկացած փորձ:

Գործնականում բացառիկ վիճակ է, երբ սահմանային դիրքեր են այցելում պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները համատեղ: Առավել եւս հետաքրքիր է, որ այցը Նախիջեւանի ուղղությամբ է, ուր օրերս այցելել էր Ադրբեջանի նախագահ Ալիեւն ու հայտարարել, թե Նախիջեւանում տեղակայված հրթիռները կարող են խոցել հայկական ցանկացած թիրախ:

Ալիեւի այդ հայտարարությունները սովորական ռազմատենչություն են եւ առաջին անգամը չեն ոչ միայն ընդհանրապես, այլ Նախիջեւանի մասով էլ մասնավորապես: Մյուս կողմից, սակայն, նախարարների սահմանային համատեղ այցը թերեւս հուշում է, որ դա պայմանավորված չէ զուտ Ալիեւի հայտարարությամբ, ինչի մասին վկայում է պաշտպանության նախարարի հորդորը սահմանապահ ստորաբաժանումներին՝ չտրվել սադրանքի, միաժամանակ կանխարգելել հակառակորդի առաջխաղացման ցանկացած փորձ:

Չի բացառվում, որ հրթիռային ունակությունների մասին հայտարարության ֆոնին Ալիեւը Նախիջեւանում էր դիրքային խնդիրներ լուծելու համար: Առավել եւս, որ ապրիլյան քառօրյային մի քանի դիրքային ձեռքբերում ունեցող Ադրբեջանը դրանից երկու տարի առաջ Նախիջեւանում ունեցավ դիրքային մի քանի անգամ ավելի մեծ կորուստ, առանց ռազմական գործողության, հայկական զինուժի հատուկ օպերացիայի միջոցով, երբ մեր ստորաբաժանումները վերադիրքավորվելով պարզապես ստիպել էին ադրբեջանական զինուժին առանց դիմադրության հետ տանել զբաղեցրած դիրքերը:

2014 թվականին Նախիջեւանի ուղղությամբ զարգացումները հայտնվել էին ընդհուպ ՀԱՊԿ այն ժամանակ գլխավոր քարտուղար Բորդյուժայի ուժադրության կենտրոնում, որը հոկտեմբերին այցելելով Հայաստան, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եղել էր Նախիջեւանի սահմանին եւ դիտարկել իրավիճակը:

Հայտնի է նաեւ, որ Նախիջեւանում կա համազորային բանակ՝ Ադրբեջան-Թուրքիա ձեւաչափով, այսինքն նաեւ թուրքական ռազմական ներկայություն:

Պատերազմող պետությունը պարտավոր է ունենալ ոչ միայն դիվանագիտություն, այլ ռազմա-քաղաքական դիվանագիտություն, ինչը ենթադրում է, որ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները համաժամանակ պետք է տիրապետեն փոխադարձաբար ոլորտային նրբությունների: Այդ տեսանկյունից է նաեւ, որ նոր կառավարությունում պաշտպանության եւ ԱԳ նախարարների նշանակումները բավական ուժեղ են եւ ներդաշնակ: Մի բան, որը գործնականում իր անհրաժեշտությամբ հանդերձ, Հայաստանի պարագայում բացակայել է գրեթե միշտ:

Նախիջեւան սահմանային համատեղ այցը ոչ միայն իրավիճակային-օպերատիվ, այլ նաեւ ռազմա-քաղաքական խորքային արձագանքի ռազմավարության անցնելու վկայություն է:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր պաշտպանության նախարարությունում հյուրընկալել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին եւ քննարկել հայ-ամերիկյան պաշտպանական գործակցության օրակարգը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache