Լրահոս

Նախարարը հաստատում է՝ ղեկը պետք է լինի ձախ կողմում

 

Այսօր ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն արեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ ճի՞շտ է, որ կառավարությունում քննարկում է եղել աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասին: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ այս հարցը մամուլում շրջանառվեց եւ բուռն քննարկումների տեղիք տվեց:

Այսօր Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Քննարկումներ եղել են»: Նա ասաց, որ դեռ որոշում վերջնական չեն ընդունել, բայց առաջին հերթին փորձում են ճանապարհային անվտանգության խնդիրները լուծել. «Հաշվի առնելով ոստիկանության կողմից ներկայացված վթարների քանակը, թե որ տոկոսն է կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, հաշվի առնելով այդ ամենը՝ կունենանք որոշման նախագիծ, որը կքննարկվի նաեւ ԱԺ խմբակցություններում: Առաջին հերթին մենք մոտենում ենք մարդկանց անվտանգության խնդիրներից: Ժամանակին ՀՀ-ն ընդունել է աջակողմյան երթեւեկության կանոնները, այսինքն՝ ղեկը պետք է լինի ձախ կողմից եւ մենք պետք է սահմանված օրենքին համապատասխան մեքենաներ ունենանք»:

Նախարարն ասաց, որ եթե մարդիկ գնել են աջ ղեկով մեքենաներ, ժամանակ կտրամադրվի՝ ղեկը ձախ կողմ տեղափոխելու համար:

Կարինե Աճեմյանն ասաց, որ եղել են մարդիկ, որոնք իրենց կամքով ղեկը տեղափոխել են եւ այդ մեքենան այլեւս շահագործման ենթակա չի եղել, պիտանի չի եղել: Ղեկը տեղափոխելուց աշխատանքը երբեմն խափանվում է եւ դրանից էլ կարող են վթարներ առաջանալ:

Պատգամավորն ասաց, որ մարդիկ անհանգստացած են, ինչպե՞ս պետք է վարվել, այլեւս այդ մեքենաները վաճառել էլ չեն կարողանա: Նախարարը պատասխանեց, որ անպայման կներգրավեն մասնագետներին, բայց առաջին հերթին մարդու անվտանգության մասին պետք է մտածեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր` aravot.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am