Նախարարի անակնկալը Սերժ Սարգսյանին. խորհրդավոր հրաժարական

0

lragir.am — Էներգետիկայի նախարարը Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ զրույցից հետո որոշել է շարունակել պաշտոնավարումը: Այդ տեղեկատվության աղբյուրը նախարարության մամուլի քարտուղարն է: Փաստորեն, մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարված հրաժարականը չեղարկվում է, ինչը խիստ ուշագրավ է:Բանն այն է, որ էներգետիկայի նախարարը՝ կառավարության անդամի եւ Հայաստանի համար գերկարեւոր տնտեսական ու անգամ ռազմա-քաղաքական նշանակություն ունեցող ոլորտի պատասխանատուն պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյան չէ, որ կարող է հայտարարել մանդատից հրաժարվելու մասին, իսկ մի քանի օր անց հայտարարել հակառակը:Եթե այդպես է, ապա այստեղ մնում է պարզապես «անջատել Հայաստանի լույսն» ու փակել պետությունը:

Պետք է հուսալ, որ այդպես չէ, գոնե առայժմ, ու գոնե այդ աստիճանի չի լինի երբեք:Սակայն իրավիճակը բոլոր դեպքերում հետաքրքիր է, անկախ դրանից:Էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղարն ասում է, որ հրաժարականի հարցն օրակարգից հանվել է հանրապետության նախագահի ու վարչապետի հետ զրույցից հետո: Հետաքրքիր է, Աշոտ Մանուկյանը զրույց է ունեցել նրանց հետ առանձին առանձի՞ն, թե՞ զրույցը եղել է երեքով: Իրականու՞մ էլ եղել է զրույց, թե՞ տեղի է ունեցել առերեսում:

Ի վերջո, ուշագրավ է, թե ինչպես եւ ինչու է նախարարի հրաժարականը հայտնվել օրակարգում, ու՞մ հետ զրույցից հետո, եթե Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ զրուցելուց հետո այն դուրս է եկել օրակարգից:Միթե էներգետիկայի նախարարը իր վերադասի հետ նախապես չի խոսել հրաժարականի մտադրության մասին: Նրա հրաժարականը ու՞մ համար է եղել անակնկալ՝ Կարեն Կարապետյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի: Իսկ եթե որեւէ մեկի համար չի եղել անակնկալ, ինչու՞ է հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարվել, որ հետո նրանց հետ զրույցից հետո էլ չեղարկվեր:Ի՞նչ է փոխվել այդ մի քանի օրերի ընթացքում:

Դիտարժան է, որ էներգետիկայի նախարարի հրաժարականի եւ դրա չեղարկման արանքում հնչել է ուշագրավ հայտարարություն աշխարհքաղաքական մակարդակով՝ Դավոսի տնտեսական համաժողովում ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է ԱՄՆ համաշխարհային նպատակներից մեկի մասին՝ դիվերսիֆիկացնել էներգետիկան եւ հասնել այն վիճակին, որ ԱՄՆ բարեկամ որեւէ երկիր չլինի որեւէ աղբյուրից միակողմանի կախված:Իհարկե հազիվ թե իրապաշտական կլինի մտածել, որ Թրամփի հայտարարությունից հետո է Հայաստանի էներգետիկայի նախարարի հրաժարականը հանվել օրակարգից: Բայց Դավոսը գուցե ունենա դրանում նշանակություն, պարզապես ավելի նեղ՝ հայկական կտրվածքով:Աշոտ Մանուկյանը կառավարություն է եկել Կարեն Կարապետյանի հետ եւ դիտվում էր նրա «մենեջերական թիմի» անդամներից մեկը, որը մասնավոր ոլորտից տեղափոխվեց կառավարություն:

Մանուկյանը Կարեն Կարապետյանի հետ էլ դարձավ ՀՀԿ անդամ:Նրա հրաժարականը, այդ համատեքստում, դիտարկվեց Կարապետյանի դիրքերի թուլացման համատեքստում: Ըստ այդմ, նրա հրաժարականի չեղարկումը ստացվում է Կարապետյանի դիրքերի ամրացում կամ առնվազն վերականգնում: Իհարկե, դա ընդամենը խնդրի դիտարկման մի տեսանկյունն է, սակայն հատկանշական է, որ Կարապետյանի Դավոս մեկնելուց առաջ տեղի ունեցած հրաժարականը օրակարգից դուրս է գալիս Դավոսից վերադառնալուց հետո, որտեղ Կարապետյանը փորձել էր Եվրանյուզում ստանալ մեկ րոպե եւ դրա ընթացքում անգլերեն հայտարարել, որ «շարունակելու է իր բարեփոխումները»:

Երբ Կարապետյանը Դավոսում էր, Սերժ Սարգսյան էլ Ֆրանսիայում էր՝ Ելիսեյան Պալատում Մակրոնի հետ, իսկ հետո ԵԽԽՎ-ում: Սարգսյանի այդ այցն էլ Հայաստանում հիմնականում մատուցվեց նրա դիրքերի ամրացման համատեքստում, թեեւ Սերժ Սարգսյանի պլանը հայտնի չէ, կա միայն համոզում, թե նա ուզում է դառնալ վարչապետ:

Արդյոք էներգետիկայի նախարարի հրաժարականը Կարեն Կարապետյանի նախազգուշացումն էր՝ որ սկսելով էներգետիկայի նախարարից, մինչեւ ապրիլ նա կհասնի իր հրաժարականին, Սարգսյանին դնելով որոշակի ֆալս-ստարտի առաջ, հատկապես նկատի ունենալով, որ նախորդ տարեվերջին նա դժգոհեց Սերժ Սարգսյանի անորոշությունից:Թե՞ Սերժ Սարգսյանն էր Կարեն Կարապետյանին ցույց տալիս, որ կաշկանդված չէ այդօրինակ ֆորս-մաժորով եւ նույնիսկ կարող է ինքը գնալ այդ քայլերին:

Համենայն դեպս, առայժմ որեւէ կերպ չի նշմարվում նախարարի հրաժարականի, իսկ հետո դրա չեղարկման այսպես ասած հանրային-պետական օրակարգ:Իհարկե ուշագրավ է նաեւ այն, որ նախարարը հրաժարական տվեց ԱԺ էներգամատակարարման ոլորտի շուկայի ազատականացման հայեցակարգի ներդրմանը զուգահեռ, որտեղ որոշակիորեն կարող են շոշափվել նաեւ մատակարարման մենաշնորհատեր բաշխիչ ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանի շահերը, եւ չի բացառվում, որ նախարարի հրաժարականի տակ հենց այդ խնդիրն է, որը դուրս է եկել Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի միջամտությունից հետո:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache