Նախարարների «պապայի արևը»

2

shame.am — ՀՀ կառավարության աշխատակազմի ու արդարադատության նախարարության կողմից արդեն մշակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծ, որով սահմանվել են կառավարության կազմավորման կարգը, ժամկետները, կառավարության անդամների լիազորությունները, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների իրավասությունները և այլն: Կարծես թե փոփոխություններ են սպասվելու, բայց իրականության մեջ ոչ մի էական տարբերություն չկա, գրեթե ամեն ինչ նախկինի նման է: Ընդամենը մի դեպքում է, որ 3 փոխվարչապետերն ու 18 նախարարները կտարբերվեն իրենց նախորդներից: Խոսքը երդման մասին է:

Հիմա արդեն լիազորություններ ստանձնած կառավարության անդամները երդվելու են: Նախարարները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նախագահի նստավայրում, վարչապետի ներկայությամբ` վարչապետի նստավայրում: Այսինքն երկու անգամ, թեև ճիշտ կլիներ, որ դա կատարվեր մեկ անգամ, և այն էլ` ժողովրդի առաջ: Ամեն դեպքում, երդման տեքստն արդեն պատրաստ է: Ահա այն. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման, երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, թե ում է պետք այս բեմականացումը: Ասենք, թե երդվեցին: Հետո՞: Տասնյակներով չերդված նախարարներ ենք ունեցել, այս երդվողները պիտի տարբերվե՞ն նրանցից: Երդում ասվածը կարող է ներգործել սրբություններ ունեցող և արժանապատվությամբ օժտված մարդու վրա: Սրբապիղծն ու անպատիվը երդմնազանց լինելիս նույնիսկ աչք չեն թարթի: Իսկ եթե մարդը բարոյական տեսակ է, նրա համար երդման տեքստեր պետք չեն, առանց դրա էլ նա հավատարիմ կերպով ու բարեխղճորեն կկատարի իր ստանձնած գործը: Մնացած դեպքերում ոչ մի «պապայի արև» մխիթարություն չի լինի, հատկապես որ երդում դրժելու համար պատիժ չի սահմանված:

Հետգրություն

Այս երդման տեքստը հատկապես հետաքրքիր կհնչի, ասենք, Գագիկ Խաչատրյանի, երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանի, բոլոր դաշնակ նախարարների, և ինչու չէ` փայլուն մենեջեր ու կոմերսանտ Կարեն Կարապետյանի կատարմամբ: Սա կլինի սյուռեալիզմ, այլ կարծիք լինել չի կարող:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache