Լրահոս

Նախընտրական թիրախի վտանգավոր սահմանը

 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինքը չի վախենում իր պաշտոնավարման հետ կապված բացահայտումների եւ քրեական գործերի հարուցման վտանգից, որի առկայության վերաբերյալ տարբեր հրապարակումներ են լինում մամուլում: Ըստ այդ հրապարակումների, իշխանությունն այդ միջոցով կփորձի ճնշում բանեցնել խորհրդարանի ընտրությանն ընդդիմության կարգավիճակով հանդես եկող նախկին նախարարի վրա:
Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հենց ինքն է պայքար մղել կոռուպցիոն ռիսկերի դեմ, ինքն է տարբեր կառույցների եւ մեխանիզմների, այդ թվում քաղաքացիական վերահսկողության միջոցով փորձել պայքարել այդ արատավոր երեւույթների դեմ եւ այդ առումով իր պաշտոնում պետությանը ծառայել է արդար:
Սեյրան Օհանյանի դեմ հնարավոր այդօրինակ ճնշում-հետապնդումների մասին խոսակցություններն ավելի աշխուժացան փետրվարի 20-ին պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանի ելույթից հետո, երբ նա բանակի հրամկազմի առաջ հայտարարեց, թե խստորեն կպատժի բանակը միջկուսակական քննարկումների մեջ ներքաշելու փորձ անողներին: Դա ընկալվեց իբրեւ հենց Սեյրան Օհանյանի համակիրներին զսպելու եւ զգուշացնելու քայլ:
Ւր հերթին, Սեյրան Օհանյանն էլ հայտարարելով, թե առաջին հերթին հենց ինքն է տարիներ շարունակ տարբեր մեխանիզմներով պայքարել կոռուպցիոն երեւույթների դեմ, փաստացի ակնարկում է, որ այդ առումով չի կարող լինել խոցելի, հետեւաբար հեռանկար չունի իրեն այդ ճանապահով ճնշելու կամ հետապնդելու փորձը:
Այն, որ Սեյրան Օհանյանը քաղաքականության մեջ լինելու էր ներքաղաքական ուշադրության կենտրոնում, անկասկած էր: Դրա պատճառները մի քանիսն են, որոնց մի մասը մակերեւույթին, իսկ մյուս մասը՝ խորքում: Մակերեւույթին է այն, որ իշխանությունից ընդդիմություն է անցնում պաշտպանության նախարարը, որը տարիներ շարունակ եղել է իշխանության ռազմա-քաղաքական առանցքային դերակատարներից մեկը: Նույն գործոնը խորքում է, սակայն հասարակական-քաղաքական միջավայրում առանցքային ուշադրություն գրավողը հենց մակերեւույթին գտնվող, առերեւույթ դրսեւորում ունեցող հանգամանքն է, քանի որ այն իր բնույթով առավել ինտրիգային է:
Իսկ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում գերական, թելադրողը հենց այդ ինտրիգներն են: Սեյրան Օհանյանն այդ իմաստով հայտնվել է նախընտրական ինտրիգների հանգույցում, այդպիսով գործնականում բոլորի՝ թե իշխանության, թե ընդդիմության մյուս ուժերի համար վերածվելով «թիրախի» եւ դրանով իսկ քաղաքական սնուցման աղբյուրի՝ միաժամանակ:
Այդ իրավիճակում, ռիսկերը գեներացվում են այլեւս ինքնաբերաբար, անկախ որեւէ մրցակից սուբյեկտի մտադրությունից, ցանկությունից թե շարժառիթից:
Մինչդեռ, առերեւույթ ուշադրության արժանացող գործոնի խորքային ասպեկտը իրավիճակը հագեցնում է այլ տրամաբանությամբ, հակառակ կողմով, որն առայժմ արժանանում է բավական քիչ ուշադրության:
Սեյրան Օհանյանի՝ իշխանության մեջ տարիներ շարունակ ռազմա-քաղաքական առանցքային դերակատար լինելու հանգամանքը, անկախ այդ իշխանության հանրային լեգիտիմության աստիճանից, որակներից, բնույթից, ձեւավորման եւ կենսագործունեության մեխանիզմների տրամաբանությունից, իր մեջ պարունակում է նաեւ հենասյուներ, որոնք անխուսափելիորեն առնչվում են պետական խնդիրներին, պետական անվտանգությանը:
Գործնականում հենց այդ հենասյուների վրա է պահվել Հայաստանի ինքնիշխանությունը եւ անվտանգությունն անցնող երեք-չորս տարիներին, որի ընթացքում Հայաստանն անցավ մի շարք բուռն, նաեւ թեժ, ընդհուպ ողբերգական փուլերով եւ դրվագներով:
Սեյրան Օհանյանի հանդեպ կենտրոնացված ուշադրության պատճառի խորքային այդ շարժառիթը նկատելի ու արձանագրելի է Հայաստանի ներքաղաքական անցուդարձով եւ իշխանության ու քաղաքական կյանքի համակարգային վերադասավորումներով հետաքրքրվող չափազանց փոքրաթիվ սուբյեկտների համար:
Բայց, մակերեւույթի համընդհանուր թիրախում, որոշակի սահմանից այն կողմ հայտնվում է արդեն ոչ այնքան Սեյրան Օհանյանը, որքան հենց այն հենասյուները, որոնց վրա վերջին երեք-չորս տարիներին պահվել է Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, դրա շնորհիվ խուսափելով անդառնալի կորուստներից:
Նախընտրական գործընթացն ընդհուպ մոտեցել է այդ վտանգավոր սահմանին, որից այն կողմ թիրախը այլեւս չի կարող լինել որեւէ անձ՝ թիրախ դառնում է պետական անվտանգությունն ու դրա ռազմա-քաղաքական հենքը: Պետության անվտանգությանն առնչվող բազմաթիվ խնդրահարույց երեւույթների համար հանրության առաջ պատասխանատվությունն առանցքային գործոն է բոլոր հանրային սուբյեկտների համար, բայց ինտրիգներ սնուցող շարժառիթները ոչ թե բերում են այդ խնդիրների լուծման, այլ ընդամենը հանգեցնում են դրանց շահարկմանը, ինչը բացի էրոզիան խորացնելուց, չի բերի ոչնչի:
Ինչ որ իմաստով բնական է նաեւ, որ այդ սահմանը նկատելի չէ ներքաղաքական եւ նախընտրական գործընթացում ներգրավված մեծամասնության համար:
Բայց այդ սահմանը պետք է նկատելի լինի այն սուբյեկտների համար, որոնք այդուհանդերձ կրել են երեք-չորս տարիների ընթացքում տեղի ունեցած անցուդարձի թե բացթողումների եւ խոշոր վրիպումների, թե ձեռքբերումների եւ լուծված խնդիրների համար պատասխանատվությունը, որի հանրագումարում Հայաստանն այդուհանդերձ կարողացել է հաղթահարել խոշոր վտանգներ:
Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը այդ սուբյեկտներն են, եւ կասկած չկա, որ անկախ ամեն ինչից երկուստեք գիտակցում են պատասխանատվությունը, անգամ նախընտրական տարբեր դիրքերում հայտնվելու պարագայում:
Տվյալ իրավիճակում պարզապես պահանջվում է սահմանի հստակ պահպանում, ինչպես կպահպանվի պետական սահմանը: Որովհետեւ գործընթացն ընդհուպ մոտեցել է այն «կարմիր գծին», որտեղ անձի փոխարեն իրականում թիրախավորվում է այլեւս պետական անվտանգությունը եւ դրա մի ամբողջ ռազմա-քաղաքական կարեւոր ժամանակահատված: Անթույլատրելի է այն վերածել նախընտրական տեսարանների թատերաբեմի, քանի որ այդ ժամանակահատվածը ծավալվել է իրական մարտադաշտերում:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing