Նախիջեւան. Թուրքիան նոր քա՞յլ է նախապատրաստում

0

2017 թվականի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն անսպասելի այցելել է Նախիջեւան եւ հանդիպել հանրապետության ղեկավարի հետ: Թուրքիայի վարչապետի այցի մասին քիչ է խոսվել, հիմնականում ռուսական մամուլը մտահոգություն է հայտնել, որ Թուրիան Նախիջեւանում կարող է ռազմաբազա ստեղծել:Որոշ վերլուծաբաններ Նախիջեւանում բազայի բացումը դիտարկում են որպես Թուրքիայի հնարավոր պատասխան պայմանագրերի վերանայմանը, որոնցով որոշվել են Թուրքիայի սահմանները, այդ թվում՝ նախկին խորհրդային հանրապետությունների հետ: Այդ սահմանները, ինչպես հայտնի է, որոշվել են ռուս-թուրքական պայմանագրերով: Այդ պայմանագրերի ամենախոցելի կետը Նախիջեւանն է:

Հիշեցնենք, որ պայմանագրի 3-րդ հոդվածում նշված է, որ կողմերը համաձայն են Երեւանի նահանգի Նախիջեւանի գավառում Ադրբեջանի ենթակայության ներքո ինքնավարություն ստեղծել պայմանով, որ Ադրբեջանը այն չի զիջի երրորդ պետության:Հայաստանը, որը չի ստորագրել Մոսկվայի պայմանագիրը, այնուամենայնիվ, այս բոլոր տարիներին ճանաչել է պայմանագիրը որպես տարածաշրջանում տարածքային բաժանման հիմք: Ավելին, ինչպես նշում է Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները «հայկական կողմի լրացուցիչ հավաստիացումն են, որ Երեւանը ճանաչում է Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի իրավաչափությունը»:

«Այդ իսկ պատճառով թուրքական կողմն այդ արձանագրություններն անգամ չվավերացնելով կարող է հանգիստ խոսել այն մասին, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի և, առնվազն Նախիջևանի մասով, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու տարածքային պահանջներ ունենալ չի կարող», — ասել է նա:Ըստ ամենայնի, Թուրքիայում հենց այդ լույսի ներքո են հասկանում հայ-թուրքական արձանագրությունների էությունը՝ դրանք անմիջականորեն կապելով նաեւ Նախիջեւանի ապագայի հետ: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերին ՄԱԿ ամբիոնից հայտարարել է, որ եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, 2018 թվականի գարունը կդիմավորենք առանց դրանց: Նույն բանը հաստատել է նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:Բինալի Յըլդըրըմի Նախիջեւան այցը կապվա՞ծ էր այդ հայտարարությունների հետ, եւ Թուրքիան մտադի՞ր է Նախիջեւանում ռազմաբազա ստեղծել հայկական պահանջներից «պաշտպանելու» համար:

Դրա հավանականության մասին վաղուց է խոսվում: Մասնավորապես, խոսակցություններն ակտիվացան 2017 թվականի ամռանը: Հայաստանի ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանն այն ժամանակ նշել էր, որ Կարսի պայմանագրի 5-րդ կետը բացառում է Նախիջեւանում որեւէ զորամիավորման տեղակայումը: Նա նշել է, որ 4-րդ հոդվածի համաձայն, եթե Թուրքիան ու Ադրբեջանը գնան այդ քայլին, նշանակում է կվերանայվեն Թուրքիայի 20-ական թվականների սահմանները:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, մեկնաբանելով 2017 թվականի ամռանը Նախիջեւանում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժությունները, նշել է, որ Հայաստանը պետք է բարձրացնի Ադրբեջանին Նախիջեւանի բռնի միացման հարցը եւ դրա միջազգային կարգավիճակը:Այն մասին, որ տարածաշրջանում պայմանագրային բազան սպառնալիքի տակ է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: «ԱՄՆ-ն թող է ների մեզ, սակայն մեր երկկողմ հարաբերությունների օրենքներն ու երկկողմ համաձայնագրերը կորցնում են ուժը: Տխուր է ասել, սակայն այդպես էլ կլինի», օրերս հայտարարել է Էրդողանը:Հիշեցնենք, որ 1920 թվականին Թուրքիայի խորհրդարանը, իմանալով, որ սուլթանական կառավարությունը մտադիր է համաձայնություն տալ Վիլսոնի իրավարար վճռով Թուրքիայի եւ Հայաստանի սահմանների որոշմանը, Թուրքիայի համար նվաստացուցիչ ու անընդունելի է համարել այն եւ հունիսի 7-ին չեղյալ է հայտարարել բոլոր պայմանագրերը, կոնվենցիաները, համաձայնագրերը, պաշտոնական հրամանագրերը, որոնք ստորագրվել են 1920 թվականի մարտի 16-ից սկսած:

Այդ ժամանակ թուրքական զորքը Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությամբ շարժվեց Նախիջեւանի ուղղությամբ:Թուրքիան մտադի՞ր է մինչեւ 2018 թվականի գարուն վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Հայաստանը քայլեր ունի՞ այն դեպքի համար, եթե Թուրքիան «կանխարգելիչ քայլեր» ձեռնարկի, օրինակ, Նախիջեւանում բազա ստեղծի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache