Նախիջևա՞ն, թե՞ Արցախ. Փաշինյանի ու Ալիևի սեղանին քննարկման հարցը

92

Hayeli.am —  Հայկական զինված ուժերը ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր են դիտարկում, քան հակառակորդը` հայկական, երեկ «Ազատության» հետ զրուցում ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Արձագանքելով համացանցում հայտնված տեղեկությանը, լուսանկարին, համաձայն որոնց՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր են հայտնվել, Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ այդ դիրքը ադրբեջանցիները տեղակայել են իրենց տարածքում, ինչին ի պատասխան՝ հայկական կողմը ևս բարելավել է իր դիրքերը:

Ի՞նչ է կատարվում Նախիջևանում, ի՞նչ կուտակումներ են Հայաստան-Ադրբեջան սահմանին, այս հարցը արդեն տևական ժամանակ է ինչ հետաքրքրում է շատերին…

Razm.info-ն նախօրեին հայտնեց, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում: «Ադրբեջանական դիրքերն առաջ տանելու մեր ուսումնասիրած բոլոր դեպքերը նախկին Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական հանրապետության սահմաններում են (իմա՝ Նախիջևանի տարածքում)։ Խոսքը միայն ու միայն ոչ մի կողմից չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է, հայկական որևէ դիրքի կորուստ մեր ուսումնասիրած լուսանկարներում չի դիտարկվում։ Նշենք նաև, որ չենք անդրադառնում հայկական կողմի գործողություններին, քանի որ դրանց մասին պաշտոնական աղբյուրներից մանրամասներ դեռևս չկան», գրում էր պարբերականը։

Մայիսի 2–27 ժամանակամիջոցում արված արբանյակային լուսանկարներում երևացող փոփոխություններ են, ըստ Razm.info-ի, մասնավորապես՝ ադրբեջանական կողմից դեպի նոր դիրքեր տանող նոր ճանապարհների հայտնվելը, ինչը խոսում է սեղմ ժամկետներում իրագործած ինժեներական աշխատանքների մասին: Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով: Առաջխաղացման նշաններ նկատվում են մայիսի 2-ից սկսած, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են մայիսի 17–27 հատվածում:

Հունուտի ուղղությամբ առաջանալով` ադրբեջանական կողմը կառուցել է 5 նոր ճանապարհ, որոնք ամենայն հավանականությամբ տանում են դեպի նոր զբաղեցրած դիրքերը: Նախկինում այս հատվածում միջդիրքային տարածությունը 4.5–5 կմ էր, այժմ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 750–1600 մետրի: Ըստ Razm.info-ի՝ հայկական դիրքերը տեղակայված են հենց լքված Հունուտ գյուղի տարածքում: Այս հատվածում ինժեներական աշխատանքների հետքեր նկատվում են մայիսի 2–17-ը ընկած հատվածում, սակայն հիմնական շինարարությունը իրագործվել է մայիսի 17–27-ը ժամանակահատվածում:

Մայիսի 17-ից հետո ադրբեջանական կողմը ձեռնարկում է ինժեներական աշխատանքներ Արենիի ուղղությամբ՝ նոր ճանապարհ բացելով դեպի արևելք ու դիրքավորվելով երկու հայկական դիրքերի միջև գտնվող բարձունքում։ Արենի գյուղն իր մատույցներով բավականին հեռու է ադրբեջանական նոր դիրքերից, և հրաձգային զենքի համար գործնականում անհասանելի: Մայիսի 17-ից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցրել նաև ջրամբարի հարավային ափին, հայտնվելով Արենիի այգիներից մոտ 2000 մ, իսկ մոտակա հայկական դիրքերից՝ մոտ 750 մ հեռավորության վրա:

Երեկ ի դեպ, պաշտոնական Բաքուն վստահեցրել, որ միշտ պատրաստ է Ղարաբաղի հարցով «բովանդակային բանակցությունների»: Դրանով Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու՝ Հայաստանի արտգործնախարարի հայտարարությանն ու պնդել, թե Ադրբեջանը միշտ պատրաստ է բովանդակային բանակցությունների՝ ղարաբաղյան խնդրում առաջընթացի հասնելու համար:

«Այդ բանակցությունների միջոցով պետք է լուծվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերման, բռնի տեղահանվածների վերադարձի հարցերը», ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով «Արմենիա» հեռուստաընկերության հարցին, թե արդյոք այս պահին քննարկվում է Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորությունը, ասել էր․ – «Անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, ես խոսում եմ շաբաթների մասին: Մենք այդ գործընթացի մեջ ենք»:

Նախիջևանում ինժեներական աշխուժացումը, թերևս, Ալիևի կողմից, հայկական ուղղությամբ քարոզչական ճնշումներ իրականացնելու նպատակ է հետապնդում: Երբ էլ որ կայանան Փաշինյան-Ալիև բանակցությունները, Ալիևը փորձելու է ուժի դիրքերից հանդես գալ ստեղծելով յուրօրինակ խառնաշփոթ՝ ԼՂ հարցը քննարկե՞լ, թե՞ Նախիջևանինը…

Թամար Բագրատունի




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache