Նազարբաեւը «տարավ» Հայաստանի փողը. միլիարդը գնաց, բայց կվերադառնա

1

Ղազախստանը պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ 2,5 միլիարդ դոլարի արտադրանք ձեռք բերելու վերաբերյալ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ամերիկյան այցի արդյունքում: Այցի ընթացքում Նազարբաեւը հանդիպել է ԱՄՆ նախագահ Թրամփին:Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ստորագրվել է մոտ 20 համաձայնագիր, ընդհանուր առմամբ 7 միլիարդ դոլար ծավալով: Խոսքը մասնավորապես վերաբերում է այնպիսի ընկերությունների հետ գործակցության մասին, ինչպես Boeing, GE Transportation, GE Digital, Chevron, Air Astana:

Միեւնույն ժամանակ, կողմերը պայմանավորվել են 2018 թվականին էներգետիկ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին, նաեւ համաձայնագիր են կնքել Ղազախստանի տարածքով առեւտրային երկաթուղային տարանցման ապահովման վերաբերյալ:Նազարբաեւի ամերիկյան այցը համենայն դեպս «թղթի» վրա ստացվում է բավական տպավորիչ, նախանշելով եվրասիական գոտում նոր ու հետաքրքիր զարգացումների հեռանկար:7 միլիարդ դոլարը ամերիկյան առաջին ներդրումները չեն այդ երկրում:

ԽՍՀՄ-ից հետո ամերիկյան Շեվրոն եւ Էքսոն մոբիլ ընկերությունները Ղազախստանում ներդրել են տասնյակ միլիարդ դոլարներ: Ներկայում ամերիկա-ղազախական գործակցությունը ստանում է փաստացի նոր թափ եւ բավական ուշագրավ համատեքստում: Օրինակ, հետաքրքիր է Ղազախստանի տարածքով երկաթուղային առեւտրային տարանցումների մասին համաձայնագիրը, որը ուշագրավ է դիտվում Չինաստանի տրանսպորտային հավակնությունների համատեքստում: ԱՄՆ-ն Ղազախստանին այդ առումով առաջարկում է փաստացի դառնալ Ռուսաստանի այլընտրանք:Ղազախստանն ԱՄՆ հետ գործակցության խորացումով փորձում է ավելացնել իր դիմադրունակության ներուժը, մի կողմից Ռուսաստանի հանդեպ, մյուս կողմից իհարկե Չինաստանի: Ռուսաստանի եւ Չինաստանի հանգամանքն էլ իր հերթին խթանում է Վաշինգտոնի հետաքրքրությունը Աստանայի հանդեպ:Մյուս կողմից, այդ ամենի ֆոնին ուշագրավ է 2017-ի վերջին Ղազախստանի Ազգային հիմնադրամի խնայողությունների մոտ 40 տոկոսի սառեցման մասին Բելգիայի դատարանի որոշումը՝ 22 միլիարդ դոլար:

Ընդ որում, Ղազախստանի պետական մի քանի ընկերությունների հանդեպ համանման որոշումներ կայացրել էին նաեւ New York Mellon բանկը եւ հոլանդական KMG Kashagan BV ընկերությունը, որոնց հետո գործակցել են ղազախական պետական ընկերությունները: Այդ ամենի պատճառը եղել է մոլդովացի գործարար Անատոլ Ստատի հայցը միջազգային դատական ատյաններ, Ղազախստանի դեմ, որտեղ նավթագազային ոլորտում նա ներդրումներ է արել դեռեւս 2008-ի ճգնաժամից առաջ, սակայն հետո ենթարկվել պետական հետապնդման:Ի՞նչ դեր է ունեցել այդ ամենը Նազարբաեւի ամերիկյան այցի «նախապատրաստման» համար, բավական դժվար է ասել, բայց Աստանան փաստացի ավելի է բացվում Արեւմուտքի առաջ:

Մյուս կողմից, Նազարբաեւը գործնականում ամենեւին էլ դժկամություն չի ցուցաբերել Արեւմուտքի հետ հարաբերության հարցում, ընդհուպ այբուբենի մասով, երբ կայացրեց լատինատառ այբուբենի անցման մասին որոշում: Բանն այն է, որ Աստանայի համար խնդիրն այստեղ լոկ Ռուսաստանին եւ Չինաստանին հակակշռելը չէ, այլ պարզապես տնտեսական կենսունակությունը եւ սուբյեկտությունը, որի աղբյուրը արեւմտյան ներդրումներն են: Նազարբաեւը պատկերացնում է, որ դա է ղազախական պետականության ապահովման ճանապարհը:ԵՏՄ անդամ Ղազախստանը չունի ԵՏՄ-ից այլ ակնկալիք, քան այն, որ 17 տարի անց Ղազախստանի ԿՎՆ թիմին տրվեց ԿՎՆ-ի չեմպիոնի կոչում: Նախորդ տարեվերջին տեղի ունեցած ԿՎՆ եզրափակչի հաղթողի կոչումն ըստ երեւույթին այն էր, ինչ կարող էր Ռուսաստանը տալ Ղազախստանին:

Մնացյալ առումով Ղազախստանը Մոսկվայից գործնականում պարբերաբար ստանում է միայն թաքնված կամ ոչ թաքնված սպառնալիքներ:Ամերիկյան միլիարդավոր դոլարների ներդրումների եւ ԿՎՆ չեմպիոնի կոչման միջեւ Նազարբաեւը ընտրեց ամերիկյան ներդրումները: Առավել եւս, որ եթե բանն ընդամենը պայքարն է Ղազախստանում ազդեցության գոտու համար, ապա այդ պայքարի տեխնոլոգիայի առումով առավել նախընտրելի են ներդրումները, քան ԿՎՆ-ը, որն իր հերթին այլ բան չէ, քան ռուսական էքսպանսիայի միջոց:Խորհրդանշական է դեպի Ղազախստան ամերիկյան 7 միլիարդ ներդրումների հոսքը, Հայաստանում ԱՄն դեսպանի 8 միլիարդի մասին արած հայտարարության ֆոնին: Արդյոք Նազարբաեւն ավելի ճարպիկ ու համարձակ գտնվեց ու տարավ Հայաստանի համար «պահած» ութ միլիարդից յոթը:

Դա իհարկե կատակ, քանի որ գործնականում անլուրջ կլինի խնդիրը այս համատեքստում դիտարկելը:Տեղի ունեցող այդ գործընթացները ընդհանուր առմամբ բխում են Հայաստանի շահից, քանի որ Ղազախստանի սուբյեկտությունը, հատկապես ամերիկյան ներդրումների միջոցով, գործնականում ստեղծում է Հայաստանի սուբյեկտության բարձրացման համար նպաստավոր միջավայր, ընդ որում ոչ միայն ԵՏՄ հարթակում, այլ նաեւ Կովկասի անվտանգության համայնապատկերի, քանի որ ԱՄՆ հետ Աստանայի գործընկերությունը որոշակիորեն զսպող գործոն է նաեւ Բաքվի թիկունքում:Ավելին, այստեղ ըստ երեւույթին կարող է նշմարվել ընդհանուր եվրասիական փաթեթ տնտեսա-քաղաքական եւ անվտանգային գործիքների համատեքստում եւ այդ տեսանկյունից էլ կարեւոր է, որ Կովկասում անվտանգության համակարգի արդիականացման ու վերափոխման ուղղությամբ ջանքերի ու պայմանավորվածությունների ֆոնին, ԱՄՆ գործընթացը տեղափոխում է նաեւ Բաքվի թիկունք:

Գործնականում, որքան էլ տարօրինակ է, բայց Երեւանն ու Աստանան՝ որոնք բազմաթիվ խնդիրներ են ունեցել հենց Ադրբեջանի «միջնորդությամբ», կարող են հայտնվել անվտանգության նոր համակարգի միեւնույն ուղղահայացի վրա, որպես հանգրվանային կետեր՝ Ղազախստանը Եվրասիայում, Հայաստանը՝ Կովկասում: Ի դեպ, այդ տեսանկյունից արժե հիշատակել փաստը, որ եվրասիական տարածաշրջանում Հայաստանում իր երկրորդ խոշոր դեսպանատունն է կառուցում Չինաստանը, որն իր մասշտաբով զիջելու է միայն Ռուսաստանում Չինաստանի դեսպանատանը:Այդ ամենը տեղի է ունենում մեկուսացման քաղաքականության միջոցով Ռուսաստանի ներուժը էապես թուլացնելու գործընթացին զուգահեռ, որտեղ Չինաստանը Մոսկվայի համար դիտարկվում էր պաշտպանական զինակից, սակայն Պեկինը գործնականում հրաժարվեց դառնալ Արեւմուտքին դիմադրելու հարցում Մոսկվայի դաշնակիցը, ինչը միանգամայն տրամաբանական էր:Ինչ է կառուցելու Հայաստանում Ռուսաստանը, լայն վերափոխումներում մրցունակ լինելու համար: Ի վերջո ակնառու է, որ խնդիրները հակառուսականության դաշտում դիտարկելու ռուսական քարոզչա-քաղաքական մարտավարությունը տապալվում է պարբերաբար եւ այլ բան չէ, քան կռիվ հողմաղացների դեմ: Ակնհայտ է, որ Մոսկվան ստիպված է մտածել այդ մասին:

Առայժմ Ռուսաստանը Հայաստանին չունի որեւէ նոր առաջարկ: Իսկանդերը Մոսկվայի համար առաջարկ չէ, այլ ընդամենը նվազագույն դաշնակցային եւ բարոյա-քաղաքական պարտք ու պարզապես ապրիլի պատերազմում տապալվելուց հետո Հայաստանում ինքզինքը փրկելու միջոց: Առաջարկներ Մոսկվան առայժմ չունի, նույնիսկ ԿՎՆ-ի տեսքով: Այդ առումով էլ, առավելագույնը նախկին ԿՎՆ-ականներ, որոնք տեղավորվել են Գազպրոմ մեդիահոլդինգի թոփ մենեջերական շերտում, ինչը սակայն առայժմ դրսեւորվում է ավելի շուտ Հայաստանի դեմ, քան Հայաստանի համար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache