Լրահոս

Նեմեց Ռուբոյի անփառունակ վերջը. Նա հրաժարական կտա՞

 

Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական նախավերջին խաղում Երեւանում 1-6 հաշվով խայտառակ պարտություն կրեց Լեհաստանից: Լեհաստանն իհարկե ուժեղ թիմ է, բայց պարտությունը միայն լեհերի ուժով չի բացատրվում: Դա հայկական ֆուտբոլի համակարգային ճգնաժամի արտահայտությունն էր, հավաքականի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտի արդյունքը:
Հայաստանի ֆուտբոլային տնտեսությունը 15 տարի ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը: Նա ֆեդերացիայի նախագահ դարձավ 2002-ին, այն ժամանակ, երբ Հայաստանը մտնում էր քրեա-օլիգարխիկ քվոտավորված կոշտ վերաբաժանման փուլը, իսկ ՀՀԿ-ն, որը համալրվել էր կրիմինալով, պատրաստվում էր իր առաջին բացարձակ իշխանությանը:
Ֆուտբոլն էլ այլ քվոտավորված ոլորտների պես դարձավ մենաշնորհային ոլորտ, որտեղ միանձնյա ամեն ինչ որոշում էր Ռուբեն Հայրապետյանը, միջամտելով թե հավաքականի, թե ազգային առաջնության գործերին: Եվ ինչպես մենաշնորհային տնտեսության ցանկացած ոլորտ Հայաստանում՝ ֆուտբոլն էլ նեխել է ու դեգրադացվել:
Ռուբեն Հայրապետյանին միարժեք մեղադրելն իհարկե ճիշտ չէ, հաշվի առնելով օբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, սակայն ակնհայտ է, որ նա է թիվ մեկ պատասխանատուն: Նաեւ այն առումով, որ նրա խնդիրը եղել է ոչ թե ֆուտբոլի զարգացումը, այլ քվոտայի պահպանումը, ինչն էլ հանգեցրել է ներկայիս անփառունակ իրավիճակին:
Ֆուտբոլում, ինչպես ամենուր Հայաստանում, բարեփոխումներ են պետք, արմատական ու որակական փոփոխություններ, որոնք սակայն Նեմեց Ռուբոյի ու նրա հարազատ իշխանության օրոք անհնար են: Որովհետեւ այն մոտեցումներն ու փիլիսոփայությունը, որոնց կրողն է քրեա-օլիգարխիան, բացառում է փոփոխությունները:
Ռուբեն Հայրապետյանը ժամանակին հայտարարել էր, որ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի ձախողվելու դեպքում հրաժարական կտա:
«Եթե չստացվի, ես հեռանալու եմ: Ես գնում եմ: Երբ եմ ասել, թե այս շրջափուլը չեղավ՝ ես կգնամ: Ես ստախոս չեմ: Ես իմ խոսքը պահում եմ. եթե չկարողացա կարգավորել, գնալու եմ», ասել էր Հայրապետյանը երկրպագուների հետ հանդիպմանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing