Ներիշխանական հեղաշրջման ուրվականը. Սերժ Սարգսյանը չի պատկերացրել

23

lragir.am — Սերժ Սարգսյանը Բրյուսելում, ուր մեկնել էր ԱլԳ վեհաժողովին, որի շրջանակներում էլ ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, պատասխանելով իր հետագա պաշտոնավարման մասին հարցին, հայտարարել է, թե չի պատկերացնում որտեղ է լինելու 2018-ի ապրիլից հետո. «Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ»։

Կարծես թե նա ավելի վաղ նույնպես նման մի հայտարարություն էր արել: Ներկայում այսպես կոչված քաղաքական շրջանակներում ամենաինտրիգայինը 2018-ի ապրիլին նոր վարչապետի, այսինքն երկրի ղեկավարի թեման է, որի շուրջ առայժմ հստակություն չկա:Ավելին, այս հարցում անորոշությունն ավելի է մեծանում հիմնականում Սերժ Սարգսյանի հայտարարությունների արդյունքում, ով չի հայտարարում իր հետագա ծրագրերի մասին: Այստեղ իհարկե կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ՝ թե ներքին, թե արտաքին: Հնարավոր է Սերժ Սարգսյանը չի հայտարարում՝ վարչապետի թեման զուտ ինտրիգի շրջանակում պահելու եւ անկառավարելի զարգացումներ թույլ չտալու համար, հաշվի առնելով, որ իշխող համակարգին հետաքրքրում է միայն այն, թե ով է լինելու կերակրատաշտի իրենց բաժնի երաշխավորը:

Մյուս կողմից, չի բացառվում նաեւ, որ Սերժ Սարգսյանն իսկապես չի պատկերացնում իր քաղաքական ապագան, կամ դեռ չի որոշել: Բայց այստեղ էլ կան ոչ միայն ներքին, այլեւ հատկապես արտաքին որոշակի խնդիրներ, որոնց հանրագումարում էլ որոշվելու է իշխանության խնդիրը Հայաստանում:Թվում է, թե արտաքին քաղաքական բարենպաստ զարգացումները, մասնավորապես Ղարաբաղում ստատուս-քվոյի ամրագրումն ու ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը մեծացնում են Սերժ Սարգսյանի քաղաքական կշիռն ու նրան դարձնում «անայլընտրանք» ապագա իշխանության հարցում:

Մյուս կողմից, այդ նույն իրադարձությունները նշանակում են, որ փակվում է քաղաքական որոշակի ժամանակաշրջան, որով էլ ավարտվում է Սերժ Սարգսյանի իշխանության շրջանը:Ներկայում սկսում է նոր քաղաքական մի շրջան, որում նկատելի բարձրացվել է Հայաստանի միջազգային դերակատարությունը: Հայաստանի իշխանության հարցը լուծվելու է այս համատեքստում, թեեւ, մյուս կողմից, հայկական քաղաքական դասի շրջանակներում չկան, նույնիսկ չեն էլ նշմարվում նոր խնդիրներին համարժեք խմբեր կամ շրջանակներ: Առկա է ծայրահեղ անհամարժեքություն թե հրապարակային, թե նույնիսկ ստվերային պահվածքի մասով, չկան ուժեր, որոնք ընդունակ են լինել գործընկերներ:

Ահա այս իրավիճակում Հայաստանի քաղաքական դասը գնում է առաջին դեմքի խնդրի հանգուցալուծմանը: Ներկայում տեղի է ունենում օրենսդրության համապատասխանեցումը նոր Սահմանադրությանն ու կառավարման նոր կարգին, որով վերաբաշխվելու են կառավարման լիազորությունները: Մասնավորապես, նախագահից լիազորություններն անցնում են վարչապետին, այդ թվում նշանակումների, եւ հատկապես ուժային կառույցների ղեկավարների նշանակման հարցում:

Այս համատեքստում, «Ժողովուրդ» օրաթերթն ուշագրավ հանգամանք է նկատել: Այդ օրենքները նախատեսվում է կիրառության մեջ դնել եկող տարվա ապրիլի 9-ից, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: 2018 թվականի ապրիլի 9-ից 16-ը Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան լինելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով չնայած ըստ Սահմանադրության հրաժարական է տալու, բայց մինչեւ նոր վարչապետի ընտրությունը շարունակելու է պաշտոնավարել: Ըստ թերթի՝ «նշված մեկ շաբաթվա ընթացքում Կարեն Կարապետյանը լինելու է իշխանության միանձնյա ղեկավարը եւ կարող է փոխել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ ԱԱԾ տնօրենին եւ մնացած ղեկավար կազմին, ու այսպես շարունակ՝ փաստացի հեղաշրջում իրականացնելով երկրում»: Կգնա՞ դրան Կարապետյանը, հարցնում է հոդվածագիրը:

Ուժայինների հարցն ամենաառանցքայինն է իշխանության հարցում: Զուր չէ, որ վարչապետները Հայաստանում բաց տեքստով կամ ակնարկներով մշտապես գանգատվել ու արդարացել են, թե բարեփոխումներ չեն կարողանում անել, որովհետեւ չեն վերահսկում ուժայիններին: Կարեն Կարապետյանն ընդհանրապես լրագրողներին հորդորում էր իրեն «միլիցա չդարձնել»: Նոր Սահմանադրությունը լուծում է այդ հարցը, եւ այս դեպքում գործ ունենք արդեն կոնկրետ պատասխանատվության հետ:Բայց սա՝ իրավական մակարդակում: Իսկ հայկական համակարգային իրողությունների պայմաններում իրավիճակն իհարկե այլ է:

Միով բանիվ, Հայաստանի իրական իշխանության հարցը լուծվելու է այդ մեկ շաբաթվա ընթացքում, եւ այդ համատեքստում վարչապետի խնդիրը դառնում է անէական: Ով վերահսկի ուժայիններին, նա էլ ունենալու է իրական իշխանություն: Առավել եւս, որ չի բացառվում, որ այդ մեկ շաբաթ ժամանակն արտաքին շահագրգիռ կողմերը թողել են հայկական համակարգի «հայեցողությանը»: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն այդ պատճառով էլ «չի պատկերացնում», թե որտեղ է լինելու 2018-ի ապրիլից հետո:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache