Լրահոս

Ներիշխանական լրացուցիչ սանձը. բոլորը կմնան իրենց տեղերում

 

235

1in.am — Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը, որով նախատեսվում է պաշտոնյային քրեական հետապնդման ենթարկել, եթե 5 միլիոնից ավելի հայտարարագրված եկամուտը չունի ողջամիտ պատճառաբանություն և չի համապատասխանում նրա աշխատավարձին։

Առաջին հայացքից բավականին հնչեղ օրինագիծ է, իրականում, սակայն, այն քարոզչական գծի մի տարր է, որը բացարձակապես որևէ նշանակություն չի ունենալու Հայաստանում ապօրինի հարստացումը կանխարգելելու կամ, այլ կերպ ասած, կոռուպցիայի դեմ պայքարի գործում։ Եվ պատճառը այն չէ միայն, որ օրինագիծը չունի հետադարձ ուժ և չի ազդելու մինչև այսօր հարստացած պաշտոնյաների վրա, որոնք, որոնց կանայք, այլ բարեկամներ, հարազատներ, մերձավորներ ունեն միլիոններ, ստանում են միլիոնների նվերներ և այլն։

Խնդիրը միայն հետադարձ ուժը չէ, այլ այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում ամենևին այդպիսի օրինագծի առկայություն չէ, որ պահանջում է։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը առաջին հերթին պահանջում է օրինական իշխանափոխության հնարավորություն։ Եթե չի վերացվում ապօրինի իշխանության ձևավորումը, եթե երկրում չի սահմանվում հստակ մեխանիզմ, որը ապօրինի հարստանալուց առաջ կլուծի իշխանությունն ապօրինի ձեռք բերելու կամ պահպանելու հարցի լուծման մեխանիզմ, ապա կոռուպցիայի դեմ գործնական և խորքային պայքարը բացառվում է։

Այսինքն՝ Հայաստանում կոռուպցիան, ապօրինի հարստացումը ընդամենը իշխանության գործունեության մի դրվագ, մի գիծ կամ ճյուղ չէ, որը հնարավոր է նաև ինչ-ինչ նկատառումներից ելնելով էտել և վերջ՝ ծառը կառողջանա։ Հայաստանում ապօրինի հարստացումը իշխանության ապօրինի ձեռք բերման հիմքի հետ սերտորեն փոխկապակցված երևույթ է, առանց որի իշխանության անօրինական ձեռք բերումը դառնում է էապես դժվար երևույթ։ Հետևաբար ապօրինի հարստացման մասին օրինագիծը, քանի դեռ Հայաստանում չկա օրինական ճանապարհով իշխանության համար մրցակցելու երաշխավորված միջավայր, հանդիսանալու է ընդամենը անօրինական, հակասահմանադրական իշխանության և դրա շնորհիւվ կուտակած հարստության օրինական շղարշ՝ քարոզչական նախընտրական էլեմենտներով։

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունն այլևս հստակ ձևավորված միլիոնատերերի, ապօրինի հարստացած անձանց մի հաստ շերտ է, որն արդեն իշխանության է իր սերնդով։ Այսինքն՝ այդ շերտը այլևս իր համար ապահովել է հարաբերականորեն օրինական հարստության հիմքեր, ինչը հնարավորություն է տալիս արդեն ապագայի համար ըստ էության հիմնավորել այդ հարստության որևէ ծավալի գեներացիա։ Այսինքն՝ այդ համակարգն անցել է կապիտալի նախնական կուտակման շրջանը և ներկայումս գտնվում է կապիտալի լեգիտիմացման խնդրի առաջ։

Առաջին հայացքից միգուցե տարօրինակ հնչի, սակայն ընդունված կամ ավելի շուտ՝ կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը իրականում այդ լեգիտիմության խնդիրը լուծող տարրերից է, այսինքն՝ կոռուպցիան լեգիտիմացնող տարր։ Այդ օրինագծի առկայությունը Հայաստանում որևէ կապ չի ունենալու եղած հարստության արդարացի բաշխվածության հետ։ Այսինքն՝ հարստությունը մնում է իր տեղում, հարուստները մնում են իրենց տեղերում, աղքատ ու հարստահարված հասարակությունը մնում է իր տեղում, անօրինական հարստության դեմ պետության ձևավորման հենց սկզբից պայքարելու կոչված իրավապահները մնում են իրենց տեղերում, իշխանությունը մնում է իր տեղում, պարզապես պետական օրենսդրա-իրավական փաստաթղթերի ծավալը ավելանում է ևս մի քանի էջով, որպեսզի իշխանության մոտ փաստաթղթերով ամեն ինչ էլ ավելի կարգին լինի, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը։

Իհարկե, ինչպես ցանկացած խնդիր, այդ մեկն էլ ունի իր այլ դիտանկյունը, և ընդունվող օրենքն, իհարկե, բացի ապօրինաբար հաստատված իշխող համակարգի կապիտալի լեգիտիմության խնդրի լուծմանն ուղղված լինելուց, նաև ներիշխանական խնդիրների լուծման նոր գործիք է, և կասկած չկա, որ ներիշխանական վերադասավորումների և դիրքային պայքարի գործընթացում օրենքը կարող է կիրառվել որևէ անհնազանդ գործչի հանդեպ, և նա կհայտարարվի ապօրինի հարստացած։

Այլ կերպ ասած՝ օրենքը նաև լրացուցիչ սանձ է ներիշխանական տարբեր թևերի համար։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing