Նիկոլ Փաշինյանը բացահայտել է, որ ՀՀԿ-ն խառն է. Հանրապետականը չունի ասելիք, այն էլ Սերժ Սարգսյանի խառնվելուց հետո

55

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո, որով Նիկոլ Փաշինյանը սկսում է արտահերթ խորհրդարանի ընտրության շուրջ խորհրդակցությունները խորհրդարանական ուժերի հետ, վարչապետը հայտարարել է, որ դեռևս չկա այդ հարցում ՀՀԿ հետ համաձայնություն, և պայմանավորվել են սկսել բանակցություն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենց պատկերացումով արտահերթ ընտրությունը պետք է լինի երկու-երեք ամիսների ընթացքում, այսինքն՝ մինչև տարեվերջ: ՀՀԿ-ն, ըստ նրա, կարծում է, որ ընտրությունը պետք է լինի 2022 թվականին: ՀՀԿ այս դիրքորոշումն, իհարկե, ծանոթ է, նորություն չկա:

Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման արդյունքը անկասկած սպասելի էր: Միամիտ կլիներ պատկերացնել, որ մեկ հանդիպումով լինելու էր բոլոր հարցերի լուծում, և մինչ այժմ չհամաձայնող ՀՀԿ-ն պետք է համաձայներ առաջին իսկ հանդիպումից հետո: Ու խնդիրն այստեղ ամենևին այն չէ, որ ՀՀԿ-ն համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ: Ավելին՝ այստեղ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հարցը չէ, քանի որ արտահերթ ընտրության օրակարգը դա հանրային օրակարգ է, հետևաբար համաձայն կամ անհամաձայն լինել դրա հետ, նշանակում է դիրքավորվել հանրային օրակարգի հանդեպ: Սակայն այստեղ բուն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն նախ համաձայն չէ ինքն իր հետ, այսինքն՝ պարզ չէ, թե ընդհանրապես ինչ է ՀՀԿ-ն այժմ: Եվ դա առավել քան ակնառու էր օրերս տեղի ունեցած ԳՄ նիստից հետո, որը երկար ընդմիջումից հետո անցկացվեց Սերժ Սարգսյանի նախագահությամբ:

Մի հանգամանք միայն, որ նիստից հետո կուսակցության խոսնակն, ըստ էության, Գալուստ Սահակյանն էր, վկայեց, որ ՀՀԿ որպես այդպիսին գոյություն չունի, և այնտեղ կան բազմաթիվ տրամադրություններ, որոնց հանրագումարում որոշվեց ընդամենը հանրությանն ինչ-որ բան ասելու գործուղել մարդու, որը իր հրապարակային խոսքով հասարակությանը լավագույն դեպքում զվարճացնում է, իսկ վատագույն դեպքում մատնում շոկի: Բայց բոլոր դեպքերում հստակ էր, որ Հանրապետականը չունի ասելիք, այն էլ Սերժ Սարգսյանի խառնվելուց հետո:

Զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն էլ Գալուստ Սահակյանին չեն գործուղել, այլ Վահրամ Բաղդասարյանին: ՀՀԿ-ն իշխանական կուսակցություն չէր, ՀՀԿ-ն իշխանական կորպորացիա էր՝ չկա իշխանություն, չկա ՀՀԿ: Բայց կան շահերը, սակայն դրանք քանի որ չունեն հավասարության և ծանրության կենտրոն, ապա գտնվում են, այսպես ասած, բրոունյան շարժման ռեժիմում: Միայն առերևույթ է թվում, որ ՀՀԿ խնդիրը  խորհրդարանական տեղերը պահելն է: Իրականում ՀՀԿ-ն խորհրդարանում ունի 50 պատգամավոր, որոնց մի մասի համար էլ այդ տեղերը չունեն այն նշանակությունը, որը ունեին մինչև թավշյա հեղափոխություն: Դրանից հետո այդ տեղերը շատերի համար կորցրել են կարևորությունը, սակայն բնական է, որ նրանք լավ են հասկանում դրանց կարևորությունը հանրության, Նիկոլ Փաշինյանի համար և բնականաբար, փորձելու են հնարավորինս բարձր գնով թողնել այդ տեղերը: Մյուս կողմից նաև նրանք հասկանում են, որ եթե հանկարծ չկարողանան կողմնորոշվել ճիշտ պահի և գնի հարաբերակցության հարցում և գերագնահատեն արժեքը, ապա կարող են հայտնվել կոտրած տաշտակի առաջ և ոչ միայն անվճար հանձնել տեղերը, այլ ստիպված կարող են լինել վճարել այդ տեղերը հանրությանը վերադարձնելիս:

 

Մինչդեռ, այդ ամենով հանդերձ, ՀՀԿ-ն բոլորովին այն 50 պատգամավորները չեն, որոնք ունեն պառլամենտական մանդատ: ՀՀԿ-ն ունի նաև շերտեր, որոնք մանդատ չունեն, որոնք դուրս են մնացել խորհրդարանից կամ չեն էլ հավակնել այնտեղ մտնելուն, սակայն ունեն որոշակի դերակատարում և շահեր խորհրդարանից դուրս: Այսինքն՝ ակնառու է այն բազմազան և բազմավեկտոր բնույթը, որ այդ ուժն ունի այժմ: Եթե դրան հավելենք նաև Ռոբերտ Քոչարյանի գործոնը, ինչպես նաև մի շարք այլ գործոններ՝ կապված արտահերթ ընտրության և ընդհանրապես քաղաքական հեռանկարներում այլ կուսակցությունների հետ գործակցության մասով, պատկերը կարող է դառնալ ամբողջական:

Թեև Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ ներկայացնում է նաև 49 պատգմավորի, սական ակնհայտ է, որ իրական ռեժիմում Վահրամ Բաղդասարյանը հազիվ իրեն է ներկայացնում, և հազիվ թե 49 պատգամավորը իրենց շահերը իրականում վստահեին Վահրամ Բաղդասարյանին կամ որևէ մեկին, եթե նրանք առ այսօր նույնիսկ Սերժ Սարգսյանին չեն վստահում:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը չէր կարող Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումով ստանալ մի բան, որը, ըստ էության, կամ չկա ընդհանրապես, կամ էլ կա մի քանի տարբերակով, որի համար անհրաժեշտ են լինելու շփումներ նաև այլ սեգմենտների հետ: Եվ խնդիրն, իհարկե, այն էլ չէ, որ Փաշինյանին հարկ է հանդիպել բոլոր շահառուների հետ առանձին և բավարարել նրանց պայմանները: Խնդիրն այն է, որ ընդամենը հարկավոր կլինի նրանց յուրաքանչյուրին հասկանալի ձևով բացատրել խորհրդարանի արտահերթ ընտրության հանրային օրակարգը մերժելու քաղաքական, բարոյական, իսկ գուցե նաև իրավական հետևանքը, որովհետև ի վերջո հասարակությունը տալիս է քաղաքական ճանապարհով հեռանալու հնարավորություն մի նախկին իշխանության, որը իր գոյության ընթացքում իր քայլերով, ըստ էության, չի թողել առանց իրավական հետևանքի հեռանալու տեղ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache