Նիկոլ Փաշինյանը բարդ վիրահատություն է արել

313

1in.am — Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո շատերն են, այսպես ասած, ոչ ֆորմալ դիտարկումներում գնահատում այն, թե ինչ արեց նա վարչապետի պաշտոնում հինգ ամիսների պաշտոնավարման ընթացքում կամ այլ կերպ ասած՝ որն էր թավշյա հեղափոխության այդ հինգ ամիսների արդյունքը: Իհարկե, ներկայումս համարել, որ Փաշինյանը հրաժարական է տվել նաև դե ֆակտո, կլինի ինքնախաբեություն, և ըստ այդմ՝ նա շարունակում է պաշտոնավարել, և հետևաբար այստեղ իրականությունն ընդհատված չէ, շարունակության մեջ է: Սակայն, մյուս կողմից, սա մի փուլ էր, որը բնականորեն առաջացրել է հանրային ձգտումներն ու փորձերը ամփոփելու անհրաժեշտություն:

Այդ իմաստով գնահատականները, իհարկե, ամենատարբեր են՝ կան հիացածներ ու հիասթափվածներ, թեև դժվար է չափել, թե որքան, քանի որ Հայաստանում դեռևս չկա նաև սոցիոլոգիա: Մյուս կողմից՝ այստեղ թերևս պետք է տարբերակել ընթացիկ խնդիրներն ու խորքային առաջնահերթությունները, որ եղել են անցնող հինգ ամիսների ընթացքում: Եվ այս առումով, թերևս բուն խնդիրը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ՝ թավշյա հեղափոխության ամրացում առանց պետականության կամ պետական կառավարման ներքին ու արտաքին թուլացման: Եվ չնայած ընթացիկ, իհարկե բազմաթիվ, խնդիրներին տարբեր ոլորտներում, այդուհանդերձ, առաջնահերթ խորքային խնդիրը Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը լուծել հաջողվել է, և ներկայիս փուլը դրա վկայությունն է:

Հաջողվել է ամրացնել թավշյա հեղափոխությունը, միաժամանակ ապահովել պետական կառավարումը ներքին ու արտաքին ցնցումներից, ապահովել անվտանգությունը և կայունությունը: Սա շատ կարևոր գործոններ են՝ հատկապես նկատի ունենալով այն, թե նախորդ համակարգը ինչպես էր ինտենսիվորեն աշխատում հենց այդ առումով հեղափոխության գործընթացին հարվածելու և ընդհատելու ուղղությամբ:

Սրանից զատ, ինքնին նախորդ համակարգն իր էությամբ առաջացրել էր բավականին լուրջ խնդիր որևէ հեղափոխական փոփոխության պարագայում: Խոսքն այն մասին է, որ այդ համակարգը իր կոռուպցիոն էությամբ ու բնույթով, իր՝ այսպես ասած, «վերպետական» կոռուպցիոն կառավարման սխեմայով, այդուհանդերձ, ամենայն մանրուքներով սերտաճած էր պետական կառավարման համակարգի հետ, և չափազանց բարդ գործ էր այնպես անջատել այդ սերտաճումը թել առ թել, որ չտուժեն նաև պետական համակարգի հյուսվածքները:

Ահա այդ տեսանկյունից, Նիկոլ Փաշինյանն ու թավշյա հեղափոխության թիմը, ըստ էության, անցնող հինգ ամիսներին իրականացրել են բարդ վիրահատություն, բայց բարեհաջող ելքով: Ներկայումս, իհարկե, հետվիրահատական պատասխանատու շրջանն է սկսում, որը պակաս բարդ չի լինելու՝ իրեն բնորոշ խնդիրներով և մարտահրավերներով: Թեև չի լինում շրջան առանց դրա, լինում են պարզապես դրանց դիմակայելու և լուծելու ունակ կամ անընդունակ ուժեր, ու գլխավորը՝ հասարակություն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache