Նիկոլ Փաշինյանը բռնել է Հայաստանից դուրս տարված փողի պոչը

135

1in.am — Նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն առաջին անգամ հայտարարեց թավշյա հեղափոխության օրերին Հայաստանից կապիտալ դուրս տանելու իրողության մասին, որն ըստ նրա արել են ՀՀԿ խմբակցության հետ կապ ունեցող անձինք:

Իհարկե, հնարավոր է ոչ միայն նրանք, պարզապես այդ հանգամանքը կարող էր շեշտվել լոկ այն պատճառով, որ ներդրումների մասին հարցը հնչել էր հենց այդ խմբակցությունից: Նիկոլ Փաշինյանը բավական պարզորոշ հայտարարել է նոր կառավարության առանցքային նպատակը՝ վերադարձնել հանրությունից ու պետությունից խլվածը: Գործնականում հնարավոր է ասել, որ մնացյալ գործողությունները, այդ թվում իրավական գործընթացները, այդ գլխավոր խնդիրը լուծելու միջոց են: Միաժամանակ ակնառու է նաև, որ այդ խնդիրը լուծելու հարցում անհրաժեշտություն կա աշխատել արտերկրի հետ, կամ այլ կերպ ասած՝ արտաքին ուժային կենտրոնների: Մի կողմ թողնելով ամենի ինչ շատ արագ, մահակի կամ կացնի ուժով լուծելու, կախելու, բանտարկելու, վառելու բոցաշունչ ցանկություններն ու հորդորները, հանրային պահանջը՝ որը հանուն արդարության պետք է ասել, որ առկա է մեծ չափով, ու նաև հասկանալի պատճառներով ու օբյեկտիվորեն, բուն խնդիրը այդուհանդերձ պահանջում է բավականին սառը, սթափ և համակարգված աշխատանք: Միամտություն կլինի կարծել, թե այսպես ասած բուն յուրացումները պահվել են և պահվում են Հայաստանում: Այստեղ ընդամենը մի փոքր մասն է միայն, այնքան, ինչքան պետք է եղել Հայաստանում կոլապս թույլ չտալու համար: Բայց անգամ քիչ թե շատ կայուն զարգացման համար պետք եղածը չի բերվել Հայաստան, ու հասկանալի պատճառներով, ինչին մենք առիթներ ունեցել ենք անդրադառնալ դեռևս նախկին իշխանության տարիներին:

Հանրային պահանջով հանդերձ, պետական, իշխանության պատասխանատվության դիրքերից խնդիրը անշուշտ պահանջում է բազմաթիվ հանգամանքների դիտարկում, գործողությունները մշակելու համար: Եվ այդ իմաստով անհնարին է չդիտարկել արտաքին ուժային կենտրոնների, գործընկերների հետ աշխատանքը, որն անխուսափելի է, եթե դրվում է Հայաստանից յուրացվածը հետ բերելու խնդիր:

Որովհետև այստեղ ըստ էության կա երկու տարբերակ՝ կամ այդ մարդիկ իրենց տարածը հետ են բերում իրենց իսկ ձեռքով, կամ Հայաստանի իշխանությունը գտնում է դրանք հետ բերելու այսպես ասած արտաքին իրավա-քաղաքական տարբերակներ: Ավելին, որքան Հայաստանի իշխանությունը մոտենա այդ տարբերակներին, այդքան թերևս դա ճնշում կլինի այն մարդկանց վրա, որոնք Հայաստանից յուրացված փողը տարել են դուրս: Ահա այդ իմաստով նաև ակնառու է, որ իհարկե դեռևս ոչ պաշտոնական օրակարգային, բայց Նիկոլ Փաշինյանի արտաքին շփումներում տեղի է ունենալու հարցը, այն նախնական քաղաքական համաձայնության բազան ձևավորելու համար, որ անհրաժեշտ է արդեն ֆորմալ-իրավաքաղաքական պրոցես խթանելու և ձևավորելու համար՝ Հայաստանից յուրացվածը հետ բերելու նպատակով, իհարկե մինչ այդ բացահայտելով, թե ինչ մեխանիզմներով և որ շերտերում է հանգրվանել դուրս տարվածը:

Եվ այդ տեսանկյունից նաև պետք է ամենևին պատահական չհամարել այն, որ նախկին իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանը, նաև այլ ներկայացուցիչներ, ներկայումս հայացքն սկսել են ուղղել նաև Եվրոպա, ինչը հատկանշական է հատկապես Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 14-ին Ֆրանսիա այցին ու Մակրոնի հետ հանդիպմանն ընդառաջ:

Միաժամանակ հատկանշական է նաև, որ նախօրեին վարչապետը ընդունել էր նաև Հայաստանում ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպաններին: Նրանց հետ քննարկել են գործակցության, ներդրումների ներգրավման, ընդհուպ Ամուլսարի հարցը, սակայն կասկած չկա թերևս, որ այդ համատեքստում Հայաստանի իշխանությունն էլ իր հերթին կդնի Հայաստանից դուրս տարվածի հարցը: Միով բանիվ, թերևս կասկածից վեր է, որ խնդիրը Հայաստանի իշխանության և արտաքին աշխարհի օրակարգում է ու այդ առումով հետաքրքիր կոնտեքստ է ստանում նաև Ալիևի բավականին անսպասելի աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին՝ Հայաստանում բռնապետության մասին նրա «թեզին», ու Եվրոպայում այդ «թեզն» առաջ տանելու նրա ջանքը: Բանն այն է, որ պետությունից յուրացվածը երկրից դուրս հանելու հարցում նախկին խորհրդային էլիտաները ըստ էության գործել են շատ միանման սկզբունքով և Ադրբեջանի նախագահն այստեղ կարող է ունենալ նաև մտահոգությունների այլ առիթ՝ Հայաստանի նախաձեռնած իրավա-քաղաքական գործընթացի հաջող իմպլեմենտացիայի դեպքում, որովհետև կողքից կարող են բացվել նաև Ալիևի մասին ուշագրավ տեղեկություններ: Առավել ևս, որ նա առանց այդ էլ օֆշորային սկանդալների հերոս է և դրա համար մեղադրել է հայկական լոբբիին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache