Նիկոլ Փաշինյանը չեզոքացրեց Ալիեւի թրոլինգը

214

lragir.am — Ադրբեջանի բանակը հուլիսի սկզբին մտադիր է եւս մեկ զորավարժություն անցկացնել 20000 զինվորականի մասնակցությամբ: Բաքվում ասֆալտը չի հասցրել սառչել իսրայելական, թուրքական, բելառուսական, ռուսական եւ այլ ռազմատեխնիկայի ցուցադրությունից, իսկ ադրբեջանցի զինվորականները շտապում են ստուգել դրանք զորավարժարաններում:

Շատերը, եւ ոչ միայն Հայաստանում, հարցնում են, թե ինչով է պայմանավորված Իլհամ Ալիեւի այդպիսի ակտիվությունը: Տարբերակները շատ են. Հայաստանում իշխանափոխությունից ու տարածաշրջանային անվտանգության համակարգի վերափոխումից հետո լիակատար դիվանագիտական ֆիասկոյի պայմաններում Ալիեւին մնում է միայն թրոլինգով զբաղվել: Այլ վարկածներ էլ կան. պաշտպանության նախարար Հասանովը ցանկանում է աչքի ընկնել Ալիեւի առաջ, իսկ Իլհամը սեփական հանրության առաջ փորձում է հավերժացնել իր իշխանությունը, որը պահում է Ղարաբաղը վերադարձնելու խոստումներով: Գլխավորը ոչ թե նպատակն է, այլ գործընթացը, ժամանակը:

Այսպես թե այնպես, Ալիեւի թրոլինգը չեզոքացվել է Նիկոլ Փաշինյանի ելույթով: Նա Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է, որ վերջին շրջանում Ադրբեջանն աննախադեպ պասիվություն է ցուցաբերում: Փաշինյանը նշել էր, որ հրադադարի ռեժիմի խախտման առումով լարվածությունը թուլացել է 10-15 տարի առաջվա աստիճանի:

Նիկոլ Փաշինյանը նաեւ զգուշացրել է Ադրբեջանին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, «քանի որ զինված հակամարտությունն անխուսափելի հետեւանքներ կունենա»: «Եթե Ադրբեջանում կարծում են, որ իրենց համար հետեւանքներ չեն լինելու, ապա կարծում եմ, որ չարժե ստուգել», ասել է վարչապետը:

Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ալիեւի հերթական հայտարարությունները, ասել է, որ Ադրբեջանում, ցավոք, իմաստությունը ժառանգաբար հորից որդուն չի փոխանցվում:

Անկասկած, Հայաստանում ու Արցախում հասկանում են իրավիճակի ողջ լրջությունը եւ չեն բացառում իրադարձությունների ցանկացած զարգացում: Ռազմական գործողությունները, սակայն, հնարավոր են բարենպաստ արտաքին պայմանների ու միջազգային դերակատարների երաշխիքների առկայության դեպքում, իսկ դրանք կախված չեն ադրբեջանական հրթիռների հեռահարությունից եւ Ադրբեջանի նախագահի ելույթներից:

Ղարաբաղյան կարգավորումը կմոտենա, երբ հակամարտության կողմերի միջեւ կոնսենսուս գտնվի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը: Նրա խոսքով, առանց բացառության բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում որոշվել է լուծել մնացած բոլոր հարցերը, այդ թվում՝ «տարածքների ազատման ու քաղաքական կարգավորման հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջոցով»:

Ադրբեջանը պատրաստ չէ քննարկել Ղարաբաղի կարգավիճակը, ավելին, անգամ պատրաստ չէ Ղարաբաղի հետ բանակցությունների սեղանին նստել: Դա նշանակում է, որ Հայաստանը խոսելու բան չունի Ադրբեջանի հետ: Ալիեւին մնում է թրոլինգով զբաղվել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache