Նիկոլ Փաշինյանը հաղթեց Սամվել Ալեքսանյանին

332

politik.am — Վերջին օրերին հեռակա «պատերազմ» էր ընթանում Նիկոլ Փաշինյանի և Սամվել Ալեքսանյանի միջև։

Նախ, ԱԱԾ հայտնի բացահայտումներից հետո «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը շեշտակի բարձրացրեց գյուղմթերքի եւ մսամթերքի գները՝ բացատրելով, որ հնարավոր չէ ապրանքը վաճառել նախկին գնով ու  վճարել 20 տոկոս ԱԱՀ։

Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հայտարարությունը․

«Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:

Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»:

Վարչապետի այս կոչը բուռն արձագանք գտավ հանրության շրջանում և գրեթե բոլորը համաձայն էին Փաշինյանի հայտարարության հետ ու պատրաստ էին աջակցել նրան։ Հասարակությունը քննարկում էր, որ ավելի ճիշտ է բանջարեղեն և մսամթերք գնել փոքր խանութներից և շուկաներից։

Այսօր արդեն առևտրի մեծ անկում է գրանցվել սուպերմարկետներում, ինչը նկատելի էր նույնիսկ անզեն աչքի համար։ Շատերը ուղղակի անտարբեր անցնում էին գյուղմթերքի եւ մսամթերքի բաժինների կողքով։

Երեկոյան արդեն «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել՝ կապված մսամթերքի գները բարձրացնելու հետ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի եւ մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցավծ տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները:

Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի, եւ դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

Սա արդեն կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի և հասարակության հաղթանակը։ Առաջին օրվա բոյկոտից «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի համար արդեն իսկ պարզ դարձավ, որ այս ամենը կարող է ճակատագրական լինել ցանցի համար։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache