Նիկոլ Փաշինյանը փաստացի հանրաքվե է հայտարարել

75

Սեպտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իմ քայլը դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունները փաստացի հայտարարել է խորհրդարանի արձակման «հանրաքվե»: «Իմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների օգտին», հայտարարել էր Փաշինյանը:

Մամուլում պարբերաբար տեղեկություն է հրապարակվում, որ Փաշինյանն իր դաշինքի աներկբա հաղթանակի դեպքում հրաժարական կտա, կհասնի խորհրդարանի լուծարմանը եւ երկիրը կտանի արտահերթ ընտրությունների: Եթե Երեւանի ընտրություններում հաղթանակը ջախջախիչ չլինի, առավել եւս, եթե մյուս կուսակցություններն ավելի շատ ձայն ստանան, խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են հարցականի տակ հայտնվել:

Խորհրդարանի «խաղաղ» արձակումը կարող է տեղի ունենալ, եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվեն ու երկու անգամ նոր վարչապետ չընտրեն: Խորհրդարանի խոսնակ, հանրապետական Արա Բաբլոյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ասել է, որ խորհրդարանի արձակումը չի կարող մեկ մարդու որոշման կամ ցանկության արդյունք լինել: Դա կարող է տեղի ունենալ միայն քաղաքական ուժերի հետ քննարկման արդյունքում: «Եթե քաղաքական ուժերը գան այդպիսի համաձայնության, այդ ժամանակ կգնանք այդ քայլին», – ասել է նա:

Ավելի վաղ Բաբլոյանը եւ Փաշինյանը հանդիպել էին ու հանդիպման արդյունքով հաստատել, որ արտահերթ ընտրությունները պետք է կայանան մեկ տարվա ընթացքում: Ընդ որում, փաստացի կանգնեցվեց անցումային արդարադատության ու սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Կողմերը պայմանավորվեցին բանակցություններ սկսել:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ մրցակիցների հանդեպ Իմ քայլի նման վերաբերմունքի պայմաններում ԲՀԿ-ն կարող է կողմ չքվեարկել խորհրդարանի արձակմանը: Կուսակցությունները, սակայն, որոշել են չգնալ բաց առճակատման, եւ արդեն երեկ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ իրենք, իհարկե, կողմ կքվեարկեն խորհրդարանի արձակմանը: Դրանով հանդերձ նա ասել է. «Հերիք է շանտաժ անեն ժողովրդով։ Մենք նման հարց չենք քննարկել, քանի որ ԱԺ–ում նման նախագիծ չկա։»

Ժողովուրդը լսել է Նիկոլ Փաշինյանի ուղերձը, եւ շատերը կգնան քվեարկելու խորհրդարանի արձակման համար, բայց վերջնական արդյունքը դժվար է կանխատեսել:

Ընտրությունների օրը քվեարկելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի ԱՄՆ, որտեղ ելույթ կունենա ՄԱԿ ամբիոնից: Հայ ղեկավարները հենց ՄԱԿ ամբիոնից են հնչեցրել հայ-թուրքական հարաբերությունների, Արցախի ինքնորոշման ռազմավարությունը, իսկ այս անգամ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, հայտարարի արտաքին ու ներքին քաղաքականության ինքնիշխանացման մասին:

Դրանից հետո հնարավոր կլինի ցրել խորհրդարանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache