Նիկոլ Փաշինյանը սկսում է Վրաստանից

119

1in.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին պաշտոնական այցը կկատարի՝ Վրաստան, ինչը բավականին խորհրդանշական ու կարևոր է մի շարք առումներով: Վրաստանը Հայաստանի համար դե յուրե հարևան, սակայն դե ֆակտո ռազմավարական դաշնակից պետություն է: Իհարկե, այդպիսին է իրողությունը նաև հակառակ ուղղությամբ՝ Հայաստանն է Վրաստանի համար այդպիսին:

Թվում է, որ Հայաստանի կախվածությունը ավելին է, քանի որ Վրաստանով է անցնում, ըստ էության, մեր միակ ճանապարհը դեպի մեր հիմնական առևտրային շուկաներ: Իրականում, սակայն, քաղաքականությունը, միջազգային քաղաքականությունն առավել ևս բավականին բազմաշերտ ու բազմերանգ երևույթ ու գործընթաց է, որտեղ միջպետական հարաբերությունները կառուցվում են ամենատարբեր բաղադրիչների վրա և ըստ էության՝ ձևավորվում դրանց հանրագումարում: Եվ ուրեմն՝ հանրագումարում Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար անհրաժեշտ են միմյանց առանց այս կամ այն կողմի համար առավել անհրաժեշտության:

Միևնույն ժամանակ, դրանով հանդերձ՝ երկու երկրների միջև հարաբերությունը բավական ջերմ լինելով երկրների ղեկավարների մակարդակում, համենայնդեպս վերջին տարիներին, ըստ էության բավականին զուսպ է միջպետական մակարդակում, ու Երևանը և Թբիլիսին առայժմ կարծես թե բավականին լավ արդյունք են համարում այն, որ հայ-վրացական հարաբերության խնդիրներով շահագրգռված մի շարք սուբյեկտների կամ երրորդ կողմերի չի հաջողվում տեսնել այդ խնդիրները, այսպես ասած, գործողության մեջ: Իսկ խնդիրները պայմանավորված են, իհարկե, պատմաքաղաքական մի շարք իրողություններով, աշխարհաքաղաքական և ռեգիոնալ հանգամանքների բերումով, ինչը թե՛ Երևանին, թե՛ Թբիլիսիին թույլ չի տվել առավել հանգամանալից, անկեղծ ու համարձակ երկխոսության միջոցով հաղթահարել դրանք:

Նիկոլ Փաշինյանն առաջին արտերկրյա պաշտոնական այցը կատարում է դեպի ահա այս իրողություն: Պետք է նկատել, որ նա Վրաստան է մեկնում հայ-վրացական հարաբերության դրականորեն կայուն և մարդկայնորեն ջերմ «ժառանգությամբ», որ ստացել է նախկին իշխանությունից, իր նախորդից: Իհարկե, դժվար է ասել, թե չերևացող ինչ խութեր կարող են եղած լինել, ի վերջո ամեն ինչ չէ, որ եղել է հրապարակի վրա, սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ հայ-վրացական հարաբերությունն այն եզակի ուղղություններից կամ հարթություններից է, որտեղ Փաշինյանը նախորդ իշխանությունից ստացել է բավականին լավ իրավիճակ և դրական միտումներ: Այն շարունակելու և զարգացնելու հարցում Նիկոլ Փաշինյանն ունի կարևորը՝ հանրային մեծ լեգիտիմությունը, թավշյա հեղափոխության ահռելի կապիտալ, որը ընդհանրապես փոխել է Հայաստանի ընկալումը և ըստ այդմ՝ նաև կշիռը, հաշվեկշիռը աշխարհում, ինչը, անշուշտ, Երևանին ավելի համարձակություն և անկաշկանդություն կարող է հաղորդել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ հայ-վրացական: Մյուս կողմից, սակայն, սպասել, որ առաջին այցը ունենալու է հեղափոխական կամ արագ արդյունք, թերևս կլինի միամտություն:

Փաշինյանը կատարում է ճանաչողական այց, և այստեղ շատ կարևոր է շփումների, կոնտակտի և փոխադարձ վստահության ձևավորումը, որը կլինի հետագա համատեղ աշխատանքի հիմք: Իսկ աշխատանքի ուղղությունները արդեն շատ են՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ, բազմաֆորմատ, ընդ որում՝ թե՛ հյուսիս, թե՛ հարավ, իսկ երբեմն էլ, անշուշտ, երկուսը միասին՝ հյուսիսից հարավ կամ հարավից հյուսիս: Խոսքը թե՛ Հայաստան-Իրան-Վրաստան, թե՛ Հայաստան-Վրաստան-Ռուսաստան, թե՛ նաև քառակողմ ուղղությամբ նախաձեռնողականության մասին է, որ հնարավոր ուղղություններով ու ոլորտներով թերևս պետք է փորձի զարգացնել Երևանը, տարբեր մշակումների ու առաջարկների տեսքով, իհարկե՝ այդ ամենից վեր ունենալով երկկողմ հայ-վրացական փոխադարձ կապի ոչ միայն ամրացումը, այլ նաև խորացումը բոլոր մակարդակներում՝ միջպետականից մինչև հասարակական սեկտոր:

Այդ իմաստով, հայ-վրացական հարաբերությունն ունի գաղափարներով սնուցման անհրաժեշտություն, ու եթե Հայաստանն իր վրա վերցնի այդպիսի առաքելություն կամ դնի այդպիսի նպատակ, ապա դա կարող է երկկողմ ֆորմատից արդեն սահուն կերպով անցնել բազմակողմի, որն էլ իր հերթին հակակշիռ կարող է լինել այն ֆորմատներին, որ Հայաստանը շրջանցելու համար փորձում են կազմավորել Ադրբեջանն ու Թուրքիան՝ ներգրավելով թե՛ Վրաստանին, թե՛ Իրանին:

Մյուս առանցքային ուղղությունը, որ առկա է հայ-վրացական հարաբերության տիրույթում, երկու երկրների առանցքային շահերն են ռեգիոնալ անվտանգության ոլորտում, որտեղ Հայաստանն ու Վրաստանն ունեն զսպելու ընդհանուր մարտահրավերներ, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի գործոնը: Թվում է, թե դա միայն Հայաստանի համար է խնդիր: Դա լրջագույն խնդիր է նաև Վրաստանի համար, որն, ըստ էության, գտնվում է խաղաղ օկուպացման ռիսկի առաջ, ու եթե դա առայժմ մեծ դրսևորում չունի, դա դեռ չի նշանակում, որ նշանները չունեն ժամանակի ընթացքում մեծանալու հակվածություն: Այստեղ Հայաստանն ու Վրաստանը բնական դաշնակիցներ են, և կարևոր է այդ դաշնակցության ամրացումն ու առարկայացումը: Այս տեսանկյունից, կարող է թվալ տարօրինակ, սակայն անվտանգության հակադիր բլոկների ուղղված հայացքները Հայաստանն ու Վրաստանը կարող են ծառայեցնել ընդհանուր մարտահրավերի չեզոքացմանը, իրավիճակը համարժեք գնահատելու և դրա վրա ավելորդ բարդություններից ու ամբիցիաներից զերծ հարաբերություն կառուցելու դեպքում:

Իհարկե, առանձին խոսակցության առարկա է Ջավախքը, որը մի կողմից կարծես թե բավականին բարդ և նուրբ խնդիրների կծիկ է, մյուս կողմից՝ իրապես երկու երկրների միջև բարեկամության կամուրջ: Մի բան հստակ է, որ կծիկն ունի ոչ թե քանդվելու, այլ հակառակը՝ լուծման ավելի ու ավելի կայուն հուն մտնելու և դրանով իսկ երկկողմ հարաբերության իրապես խորքային հենարան դառնալու անհրաժեշտություն: Հատկանշական է, որ Վրաստան այցի ընթացքում Փաշինյանը նախատեսել է նաև հանդիպումներ Ջավախքում, ջավախահայության հետ: Այստեղ շատ կարևոր է տեղի հայության և Հայաստանի իշխանության փոխադարձ վստահությունը, որովհետև դա կարող է հիմք լինել նաև տեղի հայ բնակչության՝ Վրաստանի հայազգի քաղաքացիների և Վրաստանի իշխանության միջև փոխադարձ վստահության ձևավորման համար: Ջավախքն ունի այդ խնդիրը, և դա այլ խնդիրների արմատ է, որը պետք է հաղթահարել:

Նիկոլ Փաշինյանը կարող է անել դա, ունի անհրաժեշտ գրեթե ամեն ինչ, և մնում է միայն Վրաստան կատարելիք առաջին այցով ձևավորել փոխադարձ վստահություն Հայաստանի նոր իշխանության ու Վրաստանի ղեկավարության միջև: Ընդ որում՝ այստեղ հատկանշական է, որ սկսվել է կարծես թե բավականին աշխույժ երկուստեք աշխատանք, քանի որ մայիսի 26-ին էլ Թբիլիսի էր այցելել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Դա տեղի էր ունեցել Վրաստանի անկախության 100-ամյակի տոնակատարությունների առիթով, բայց Արմեն Սարգսյանը նաև բավականին ներկայացուցչական հանդիպումներ էր ունեցել պաշտոնական Թբիլիսիի, ընդհուպ իշխող քաղաքական ուժի նոր առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache