Նիկոլ Փաշինյանը տվեց մեկնարկը

160

1in.am —   Լևոն Տեր-Պետրոսյանը Երրորդ հանրապետության միակ ղեկավարն էր, որ իր ելույթներում անդրադառնում էր պետության կիրառական նշանակության, գաղափարա-քաղաքական հարցերին, որոնք էական են զարգացման մեր տեսլականը ձևակերպելու համար: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այս համատեքստում, այսպես կոչված, սպառողական մոտեցման կրողներ էին. նրանց իշխանությունները խժռում էին պետության պոտենցիալը` նաև գաղափարական, քաղաքական հարթությունների վրա: Ինչ-որ իմաստով` վերջին քսանամյակի համակարգը զարգացել է հենց պետության բովանդակության, նրա ինստիտուտների հաշվին:

Երեկ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը խախտեց վերջին քսան տարիների տխուր ավանդույթը և հանդես եկավ կոնցեպտուալ ելույթով` ըստ էության, ձևակերպելով իր տեսլականը պետության կիրառական նշանակության մասին:
Փաշինյանը կարծում է, որ Երրորդ հանրապետության սուբյեկտը, շահառուն ոչ թե Հայաստանի քաղաքացիներն են, այլ` ողջ հայ ժողովուրդը: Վարչապետը հղում է անում սահմանադրության նախաբանին, սակայն կարծում ենք` այս հարցը շատ ավելի խորքային է, քան` ֆորմալ ձևակերպումները:

Ո՞րն է Երրորդ հանրապետության առաքելությունը, ո՞ւմ շահերն է այն ներկայացնում` իր քաղաքացիների՞, թե՞ համայն հայության: Կարո՞ղ ենք միարժեք պնդել, որ նույնն են Հայաստանի և Սփյուռքի շահերը, մանավանդ, որ մենթալ, աշխարհահայացքային, աշխարհագրական առումնռրով Սփյուռքը, մեղմ ասած, մոնոլիտ կառույց չէ:

Մեկ ելույթը, նույնիսկ գիտաժողովը չեն կարող սպառիչ պատասխաններ տալ այս հարցերին, մանավանդ, որ քննարկումները պետք է տեղի ունենան էմոցիոնալ հարթությունից, քաղաքական կոնյուկտուրայից դուրս` մասնագիտական, փորձագիտական հարթության վրա:

Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքում կան վիճահարույց ասպեկտներ, սակայն էականը դա չէ, այլ այն, որ պետության ղեկավարի մակարդակով տրվեց շատ կարևոր դիսկուրսի մեկնարկ: Փաշինյանի ասածը ոչ թե պետական կնիքով վավերացված ճշմարտություն է, այլ` մտորելու, քննարկելու, բանավիճելու նյութ: Միայն այդ ճանապարհով կարող ենք հասնել Երրորդ հանրապետության ինստիտուցիոնալ վերաարժևորմանը, Հայաստան-Սփյուռք արդյունավետ և ռացիոնալ հարաբերությունների ձևավորմանը, ի վերջո` համազգային օրակարգի ձևակերպմանը, որը ներդաշնակ պետք է լինի համաշխարհային զարգացման համատեքստին:

Երեկվա ելույթում Փաշինյանը հստակ ձևակերպել է, որ իր կառավարության հիմնական նպատակը հայրենադարձությանը նպաստելն է: «Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հետևյալ նպատակով. այն է՝ հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգևոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Մենք հենց այս հայեցակարգային հենքի վրա ենք տեսնում Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը և այս հայեցակարգային հենքն է, որ մեզ պետք է առաջնորդի դեպի ազատ և երջանիկ Հայաստան: Կարծում ենք, որ այս գործընթացի միջնաժամկետ արդյունքը պետք է լինի հետևյալը. հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվն ի վերջո պետք է կանգ առնի և ետ պտտվի, ու հայությունն ի վերջո պետք է սկսի մեծ գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում կենտրոնանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը որպես ինստիտուտ ունենալու և Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունն ու բնականոն զարգացումը»,-ասել է վարչապետը:

Թավշյա հեղափոխությունը համազգային կոնսոլիդացիայի հզոր ազդակ էր, որն, ի դեպ տեղի ունեցավ ազատության գաղափարի, Հայաստանի ժողովրդավարական հեռանկարի տեսլականի շուրջ: Սա արդեն պոզիտիվ ազդակ է:

Հայաստանն աշխարհի հայության համար կարող է գրավիչ դառնալ ոչ թե հայրենասիրական ելույթներով, «չորս միլիոնանոց» Հայաստանի մասին բարձրագոչ հայտարարություններով, այլ` մրցունակ պետություն դառնալու իր հեռանկարով: Միայն էթնիկական հատկանիշը չի կարող հայրենադարձության ազդակ լինել, որովհետև մարդիկ, ի վերջո, ձգտում են ապրել այնպիսի երկրներում, որտեղ պայմաններ են ստեղծված իրենց ռեալիզացիայի, շնորհների դրսևորման համար:

Հայրենադարձության առաջին ազդակը նոր պետություն ունենալն է, որպեսզի յուրաքանչյուր հայի համար Հայաստանի քաղաքացիություն ունենալը պատվաբեր դառնա: Թավշյա հեղափոխությունը տվել է գործընթացի մեկնարկը, հիմա ամեն ինչ կախված է կառավարության քաղաքական կամքից ու հետևողականությունից:

Համենայն դեպս, Փաշինյանի երեկվա ելույթը հայրենադարձության մեծ գործընթացի խորհրդանշական մեկնարկն էր:

Рус



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache