Նիկոլ Փաշինյանը խառնեց իրար. վտանգավոր թիրախ

59

Փանիկի միջադեպի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ սա սադրանք է Հայաստանի ինքնիշխանության ու հայ-ռուսական բարեկամական հարաբերության դեմ, արժանացել է տարբեր գնահատականների, այդ թվում հասարակական-քաղաքական որոշակի խմբերի մտահոգությունների: Մտահոգությունը կապված է այն բանի հետ, թե Փաշինյանի հայտարարությունը կոշտ էր ու կարող է խնդիրներ առաջացնել հայ-ռուսական հարաբերության տիրույթում: Մտահոգություն է արտահայտել ընդհուպ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ուրեմն, Հայաստանի գյուղերից մեկը ռուսական ռազմակայանի զինծառայողների բացահայտ մասնակցությամբ հոգեբանական տեռորի ենթարկելու հանգամանքը հայ-ռուսական հարաբերության համար խնդիր առաջացնել չի կարող, իսկ ահա Հայաստանի վարչապետի հստակ ու միարժեք գնահատականը՝ կարող է:

Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ինքը ոչ թե հայ-ռուսական հարաբերության համար մտահոգիչ գնահատական է տվել, այլ իր մտահոգությունն է հայտնել այդ հարաբերության կապակցությամբ: Առավել եւս, երբ բոլորիս աչքի առաջ է Պերմյակովի ոճրագործության դառը եւ ցավոտ դասը, ինչը մարդկային ողբերգությունից բացի, կարող էր հանգեցնել քաղաքական եւ նույնիսկ ռազմա-քաղաքական խորը ճգնաժամի թե հայ-ռուսական հարաբերության, թե ռեգիոնալ անվտանգության մասով:

Իսկ այդ ամենի խորքային պատճառն էլ այն է, որ նախորդ իշխանությունն այդօրինակ հարցերում առաջնորդվում էր հենց այդ մտայնությամբ՝ լռենք, որպեսզի չառաջանա հայ-ռուսական հարաբերության խնդիր, չտանք հստակ գնահատականներ:

Իրականում սակայն դա արվել է ոչ թե հայ-ռուսական հարաբերության ամրության համար մտահոգությամբ, այլ պարզապես սեփական իշխանության, սեփական դիրքերի, ինչի կարեւոր գրավական է եղել Ռուսաստանի իշխանության հետ ավելորդ հարցեր չքննարկելը, եթե դրանք անմիջականորեն պետք չեն եղել արդեն սեփական քաղաքական կարիքների համար:

Նիկոլ Փաշինյանը չունի այդ խնդիրը, որովհետեւ ի տարբերություն նախորդ իշխանության՝ ունի հանրային լեգիտիմություն եւ իրեն կարող է թույլ տալ խոսել քաղաքական տրամաբանությամբ եւ խնդիրները դնել հստակ: Առավել եւս, որ միայն այդ կերպ է հնարավոր առողջացնել հայ-ռուսական հարաբերությունը, այդ հարաբերության այն արատներն ու դրանց տարաբնույթ մետաստազները, որ առաջացել են նախորդ իշխանության վարած քաղաքականությունից ու կիրառած մոտեցումներից:

Հայաստանում ռուսական ռազմակայանը ռազմա-քաղաքական կարեւորագույն միավոր է, անկախ դրա հանդեպ վերաբերմունքից ու քաղաքական գնահատականներից: Ըստ այդմ, դրա հանդեպ վերաբերմունքն ու պատասխանատվությունն էլ պետք է լինի նշանակությանը համարժեք: Ի վերջո, այդ միավորը անկասկած գտնվում է ռեգիոնալ անվտանգության համակարգում տարաբնույթ շահեր ունեցող բազմաթիվ մոտ ու հեռու սուբյեկտների ուշադրության կենտրոնում ու ենթակա է թիրախավորման, ցանկացած հարմար պահի:

Ընդ որում, թիրախավորման թե հայ-ռուսական հարաբերության, թե ռեգիոնալ անվտանգության հարցերին առնչվող նպատակներով, թե նաեւ գուցե Ռուսաստանի հետ այլ ռեգիոններում ունեցած խնդիրների բերումով: Օրինակ, որեւէ պետություն, որեւէ ուժային քաղաքական կենտրոն Ռուսաստանի հետ ինչ որ այլ հարց ունենալու դեպքում կարող է խնդրի լուծման, Ռուսաստանին ինչ որ համաձայնության բերելու նպատակով թիրախավորել Հայաստանում ռուսական ռազմակայանը, պատկերացնելով դրա չափազանց նուրբ ու բազմաշերտ գոյության հանգամանքները:

Ի վերջո, դեպքի առիթով հիշվում է Պերմյակովի ողբերգությունը, սակայն հիշարժան է դրանից հետո մեկ այլ դեպք, երբ Իսլամական պետության հետեւորդ դարձած մի նախկին հայաստանցի, վերադառնալով Հայաստան, մահափորձ էր կատարել ՌԴ ռազմակայանի զինծառայողներից մեկի նկատմամբ:

Փանիկի միջադեպը քննարկվում է ամենատարբեր ֆոնային դիտարկումներով, կապված հիմնականում Հայաստանի այս կամ այն իրողության, քայլի հետ, մինչդեռ գուցե պակաս կարեւոր չէ այն դիտարկել Իսրայելի վարչապետի Մոսկվայում Պուտինին արած առաջարկի համատեքստում, կապված Սիրիայից Իրանին դուրս հանելու հետ: Նաթանյահուն ասել էր, թե կընդունեն Ասադի իշխանությունը, եթե ռուսներն օգնեն Իրանին դուրս հանել Սիրիայից:

Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է խորհել ու միաժամանակ բավական հստակ խոսել Ռուսաստանի հետ, բարձրացնելով ռազմակայանի անվտանգության համար Ռուսաստանի պատասխանատվության մակարդակը: Հայաստանի հյուսիսում մեծ աշխարհքաղաքական թիրախ ռազմակայանը պետք է ի վերջո  անկեղծ ու լուրջ քննարկումների շնորհիվ բերել մեծ պատվարի կարգավիճակի:

Հասկանալի է, որ չկա ռազմակայանը հանելու հնարավորություն, ու թերեւս չկա նաեւ դրա կարիքը: Կարիք կա փոխել դրա գոյության տրամաբանությունը: Այն դե ֆակտո եղել է ռուս-թուրքական պայմանագրի պահապաններից մեկը, սակայն Արցախում առաջին պատերազմի արդյունքից հետո, երբ փոխվեց այդ պայմանագրով գծված ստատուս-քվոն, ռուսական ռազմակայանը մնացել է օդում:

Այդ ռազմակայանը գետնին ամուր կկանգնի երկու պարագայում՝ կամ Արցախում ստատուս-քվոն հետ շրջելու, կամ ռազմակայանի գոյության ռազմա-քաղաքական տրամաբանությունը փոխելու եւ այն հենց գոյություն ունեցող ռեգիոնալ ստատուս-քվոյի պահպանության հիմքի վրա դնելու համար, ինչը հնարավոր է անել արդեն հայ-ռուսական հարաբերության արհեստական կուսականությունը բնական գործընկերության ու դաշնակցության վերածելու դեպքում:

Ապրիլյան քառօրյայի ընթացքում հայկական զինուժը եւ հանրությունը թույլ չտվեցին շրջել ստատուս-քվոն, իսկ մեկ տարի անց Էրդողանը հրապարակավ խոստովանեց, որ Պուտինի առաջ բարձրացրել է հարցը, սակայն ՌԴ նախագահն ասել է, որ հույս չունի, թե դա հնարավոր է:

Նվազագույն խնդիրը հայկական կողմը լուծել է, իսկ թավշյա հեղափոխության միջոցով ստացել է առավելագույն խնդիրները ձեւակերպելու եւ առաջ մղելու, այլ կերպ ասած Ռուսաստանի հետ բաց խոսելու եւ խնդիրներն ու փոխադարձ մարտահրավերները ընդգրկուն շրջանակով քննարկելու հնարավորություն: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մի առաջին քայլ է այդ ուղղությամբ: Բայց դա իհարկե շատ երկար ու բարդ ճանապարհ է, որը սակայն պետք է սկսել, որովհետեւ դա չանցնելու դեպքում է, որ Հայաստանի ինքնիշխանության խնդրից բացի, ծանր հետեւանքներից մեկը լինելու է հայ-ռուսական հարաբերության խորացող ճգնաժամը, առավել եւս հաշվի առնելով դրա ուղղությամբ աշխատող ներքին ու արտաքին տարբեր խմբերի բազմությունը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache