Նիկոլ Փաշինյանը զգաց վտանգը. Պետք չէր շտապել

356

lragir.am — Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարությունն ունի հասարակության վստահությունը եւ պարտք չէ որեւէ քաղաքական ուժի: Նա հայտարարեց, որ այդ կառավարությունը ժողովրդի հաղթանակի կառավարությունն է եւ որեւէ մեկի մտքով թող չանցնի, որ կարող է խլել այդ հաղթանակը:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը վերաբերվում էր բոլորին, բայց նախեւառաջ կառավարության մաս կազմած Ծառուկյան դաշինքին ու ՀՅԴ-ին, որոնք տարբեր առիթներով ակնարկել են, թե «լավություն են» արել ժողովրդին, առանց իրենց հեղափոխությունը չէր հաղթի եւ այլն: Ավելին, նրանք նաեւ ինչ որ պահանջներ են դնում, ՀՅԴ-ն օրինակ դեմ էր խոսում արտահերթ ընտրությանը եւ այլն:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում փաստացի «հիշեցնում» էր, որ բոլորը պարտք են ժողովրդին, եւ առաջնայինը թավշյա հեղափոխության օրակարգն է: Նիկոլ Փաշինյանն այս մասին հիշեցնում է արդեն երկրորդ անգամ, եւ երեւում է դեռ առիթ կունենա հիշեցնելու: Բանն այն է, որ հայկական այսպես կոչված քաղաքական համակարգն ինքնին հակահեղափոխական է իր էությամբ եւ հակված է իրավիճակը վերադարձնել «սովորական հուն», որտեղ արդեն որոշակի առավելություն ունի: Ըստ ամենայնի, սերն ու համերաշխությունը մի քիչ շուտ էին, եւ ժամանակին առաջարկվել էր այլ անվանում՝ պատվի, արժանապատվության հեղափոխություն: Ավանդական համակարգում սերն ու համերաշխությունն արագ հանգում են «ախպերությանը», մանր մոտիվացիաներին, այսինքն՝ հակահեղափոխությանն իր մշակութաբանական ու մենթալ դրսեւորումներում, ինչին էլ ականատես ենք դառնում հետհեղափոխական շրջանում:

Ընդ որում, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. ՀՀԿ-ն այսօր կամա թե ակամա վեր է ածվել հեղափոխության «պահապանի», իսկ Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն դառնում են հակահեղափոխության շարժիչ ուժը հենց վերն ասված ավանդույթի ու արժեհամակարգի ուժով: Ըստ ամենայնի, ժամանակին նրանց պետք էր բերել հրապարակ եւ այնտեղ «միացնել» հեղափոխությանը՝ հարյուր հազարների առջեւ, ոչ թե կաբինետներում:

Նիկոլ Փաշինյանը զգացել է այդ մեթոդաբանական սխալը եւ զգուշացրեց, որ կրկին կարող են հարյուր հազարներ հավաքվել՝ առաջ մղելու հանրային օրակարգը: Այն է՝ Ընտրական նոր օրենսգրքի, Կուսակցությունների մասին նոր օրենքի հիմքով արտահերթ ընտրություններ եւ դեկապիտալիզացիայի մասին օրենք: Միայն այդ դեպքում տեղի կունենան համակարգային փոփոխություններ, հեղափոխությունը կհասնի իր տրամաբանական ավարտին, եւ կհաստատվի սերն ու համերաշխությունը՝ հիմնված հանրային նոր պայմանադրության վրա:

ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն ու ժամկետանց շատ այլ խմբեր այդ ժամանակ կարող են նաեւ չլինել, բայց դրանից Հայաստանը չի կորցնի ոչինչ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache