Նիկոլ Փաշինյանը զրկեց ՀՀԿ-ին եւ օգնեց մյուսներին

83

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկկողմ բանավեճի մասին ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանի առաջարկն անտրամաբանական է: Նրա խոսքով, այդպիսի առաջարկ կարող է անել մասնակից մեկ տասնյակ կուսակցության յուրաքանչյուր առաջին համար, եւ ստացվում է, որ ինքը պետք է առանձին ունենա տասը բանավեճ: Ըստ Փաշինյանի, հենց այդ պատճառով է, որ նախընտրելի է համարվել բոլոր առաջին դեմքերի մեծ բանավեճը:

Նիկոլ Փաշինյանն այդպիսով փաստորեն ՀՀԿ-ին զրկեց լրացուցիչ բոնուսի հնարավորությունից: Բանն այն է, որ երկկողմ բանավեճի միջոցով Վիգեն Սարգսյանն ըստ ամենայնի ակնկալում էր էլ ավելի բեւեռացնել նախընտրական իրավիճակը, որն առանց այդ էլ կենտրոնանում է Փաշինյան-ՀՀԿ դիմակայության վրա:

Առավելագույն բեւեռացումը ՀՀԿ շանսն է: Դա կարող է տարօրինակ թվալ, սակայն ՀՀԿ շանսը հիմնականում այն է, որ մյուս ուժերը հավաքեն հնարավորինս քիչ ձայն: ՀՀԿ-ն թերեւս ակնկալում է որոշակի կայուն ընտրազանգված, որոնք են թավշյա հեղափոխությունից հենց սկզբից դժգոհները: Կասկած չկա, որ կան այդպիսիք, եւ նրանց մի որոշակի մաս քվեարկելու է ՀՀԿ օգտին: Հնարավոր է, որ մի մասն էլ ԲՀԿ, սակայն եթե կա ՀՀԿ-ն, ապա մեծ է հավանականությունը, որ կընտրվի «օրիգինալը»:

Ըստ այդմ, Փաշինյանի հետ դիմակայությամբ ՀՀԿ-ն իր այսպես ասած հավելյալ ձայնի խնդիր չէ, որ փորձում է լուծել: ՀՀԿ-ն փորձում է լուծել մյուս ուժերին հնարավորինս քիչ ձայն թողնելու խնդիր, որպեսզի հնարավորինս շատ ձայն գնա հեղափոխությանը, այսինքն Նիկոլ Փաշինյանին, Իմ քայլը դաշինքին:

ՀՀԿ-ն իր շանսը տեսնում է այդտեղ, որ մյուսները կհավաքեն այնքան քիչ, որ ՀՀԿ հավաքած քիչը կդառնա «շատ» եւ կարող է օգնել անցնել խորհրդարան:

Որքան է դիպուկ այդ հաշվարկը, կամ իրատեսական, այլ հարց է, բայց ուրիշ խաղադրույք կամ խաղաքարտ ՀՀԿ-ն չունի եւ դա լավ է պատկերացնում:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանին բանավեճի հրավիրելով, Վիգեն Սարգսյանի խնդիրը նույնիսկ հաղթելն էլ չէր, առավել եւս, որ Սարգսյանը թերեւս չուներ էլ դրա հնարավորությունը:

Նրա խնդիրը ընդամենը ֆոնն ընդգծելն էր, բեւեռացումն ընդգծելը:

Նիկոլ Փաշինյանը սակայն որոշեց այդ գործընթացը պահել իր վերահսկողության ներքո եւ ապահովել այնքան բեւեռացում, որքան ինքը հարկ կհամարի, ՀՀԿ-ին չտալով ավելորդ բոնուսի հնարավորություն եւ այդպիսով նաեւ քաղաքական «բարի կամքի» ժեստ անելով մյուս ուժերին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache