Նիկոլ Փաշինյանի ամենաթույլ տեղերը, որոնք վտանգավոր են և իր համար, և երկրի

271

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Մասնավորապես երեկ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենի և Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետի ձերբակալությունը։ Համամի՞տ եք տեսակետին, որ քրեապետությունից անցում ենք կատարում պետության։

Ժողովուրդը խաղաղ պայքարով առաջին հերթին ցրեց այն սուտ պատկերացումը, որ հնարավոր չէ որևէ կերպ հեռացնել իշխանություններին, որ միայն զենքով կա հային փրկություն։ Ժողովուրդը գլխատեց 20 տարում ստեղծված այս ահռելի քրեաօլիգարխիկ համակարգը, հեռացրեց նրա պարագլխին և իշխող ՀՀԿ-ին։ Հիմա վերցնելով կառավարությունն ու ուժային նախարարությունները, վարչապետը, կարելի է ասել, սկսել է քրեաօլիգարխիկ համակարգի դեմոնտաժի երկրորդ փուլը՝ արդեն իրավական և ուժային մեխանիզմներով, օրենքի շրջանակներում։ Դա է կատարվում հիմա։ Երբ հիմա մենք տեսնում ենք Սերժ Սարգսյանի շրջապատի մարդկանց, Մանվել Գրիգորյանին, դրանք այն հենարաններ էին, որոնց վրա հենված էր այդ համակարգը։ Այս ամենը ցույց է տալիս, որ իսկապես դեմոնտաժ է տեղի ունենում։ Ես չէի ասի, թե սա կոռուպցիայի դեմ պայքար է, սա հենց գործող համակարգի դեմոնտաժի երկրորդ ուժային փուլն է։

Գագիկ Ծառուկյանը ոչ մի բանով չի տարբերվում Մանվել Գրիգորյանից իր էությամբ որպես երևույթ, նա քրեաօլիգարխիկ համակարգի հենարաններից մեկն է, շատ ավելի ուժեղ։ Եվ բնական է, որ նրանք շարունակում են իրենց պահել այնպես, ինչպես պահում էին մինչև հիմա՝ ծեծել, ջարդել։ Ու հիմա երկու թաթով թակարդն ընկան։ Հիմա արդեն երևում է, որ ուզում են հին մեթոդներն օգտագործել, մարդկանց վախեցնել, առնել, որ մարդիկ հետ կանգնեն, ասեն՝ այդպիսի բան չի եղել։ Հիմա արդեն կառավարությունից է կախված, որ թույլ չտա նման մեթոդներով օրինակ Ծառուկյանը պատասխանատվությունից խուսափի։ Դա շատ կարևոր է և մեծ նշանակություն կունենա հետագա զարգացումների համար։

Տեսակետ կա, որ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չէր հասկացել, որ ինքն այլևս նոր Հայաստանում է ապրում, նոր իրողություններ են և հին մեթոդներով էր գործում։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

Միայն ինքը չի, բոլորն են այդպիսի վիճակում։ Այդ մարդուն թվացել է, որ եթե ժամանակին հասկացել ու վազել է ժողովրդի մոտ, ուրեմն ինքն արդեն ուրիշ ճամբարում է և ինքը ուրիշ իրավունքներ ունի։ Դեռ այն ժամանակ ժողովուրդը պետք է նրան այդպես հեշտ չընդուներ, պետք է չոքացնեին հրապարակում ու ստիպեին ներողություն խնդրել բոլոր այն կուսակցություններին, որոնք եկել միացել էին շարժմանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը դա այն ժամանակ աներ, այսօր Գագիկ Ծառուկյանն իրեն այդպես չէր զգա։ Կզգար, որ նոր Հայաստանում է, որ ներողություն խնդրելով են նոր Հայաստան մտնում։ Բայց նա կարծել է, թե ինքն առանց փոխվելու կարող է տեղափոխվել նոր ճամբար։ Բայց տեսանք, որ կյանքը ինքն է բերում ու թակարդներ գցում։

Մարտի 1-ի գործով նոր զարգացումներ կան, կալանավորվել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, հարցաքննության է կանչվել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ձեր կարծիքով, իսկապե՞ս մենք ականատես կլինենք Մարտի 1-ի բացահայտմանը, կծիկը մինչև վերջ կբացվի՞։

Որևէ խնդիր չեմ տեսնում, ուղղակի պետք է պարզ, հստակ տեսնել, թե այդ հանցագործությունը կատարած մի խումբ մարդիկ ով ինչ հանցանք է կատարել։ Բնական է, որ հիմա ամեն մեկը փորձելու է տակից դուրս գալ, մեկը մյուսի վրա գցել։ Այստեղ պետք է ճիշտ աշխատանք լինի և պարզ, հստակ երևա, թե ով է հեղինակն այդ ծրագրի, ովքեր են կատարողները։ Ժամանակին շտաբ է եղել, ովքե՞ր են եղել այդ շտաբում։ Այդ ամենը կա և պետք է հետևողականորեն գործն առաջ տանել։

Այս գործընթացը որքանո՞վ է նպաստավոր պայմաններ ստեղծում կառավարության համար ընտրություններում իրենց համար ցանկալի արդյունք գրանցելու համար։ Մինչ այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները խոսում էին 50+1 տոկոս ստանալու հավանականության, վարչապետի իրենց թեկնածուի մասին։

Ծառուկյանը կարծում է, թե հեսա Սերժ Սարգսյանը հրամայելու է, ինքն էլ փողը բաժանելու է և 50+1 ստանա։ Մարդիկ մնացել են ուրիշ տեղ, ոչ միայն իրենք, այլ շատ-շատերը՝ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, օլիգարխներ, բանդիտներ։ Նրանք մնացել են շատ հեռու անցյալում և այդպես էլ չեն հասկացել՝ ինչ է կատարվել։ Ընտրությունների վրա կարող է միայն մեկ բան ազդել՝ Նիկոլ Փաշինյանի՝ կադրերի չմտածված նշանակումը, որոնք այս մեկ ամսվա մեջ արդեն խայտառակել են իրենց։ Ուրիշ ոչինչ նրա վրա չի ազդելու։ Այսինքն՝ միայն հենց իր գործունեությունը, իր կադրային քաղաքականությունը, այն հանգամանքը, որ հստակեցված սոցիալ-տնտեսական ծրագիր և ընդհանրապես քաղաքական ու տնտեսական դաշտը կանոնավորելու որևէ ստրատեգիա չունի։ Դրա մասին շատ է խոսվում ու ճիշտ է խոսվում։ Այդ բոլորը Նիկոլ Փաշինյանը պետք է իրականացնի, երևի կամ չեն հասկանում, կամ չեն ուզում, ես չգիտեմ։

Պարոն Սարգսյան, իսկ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որքա՞ն շանս ունեն հաղթելու ընտրություններում։

Մենք այսօր 95-98 տոկոս ձայների մասին ենք խոսում, այսպիսի դեպքեր աշխարհում եղել են, եթե իրեն ճիշտ է պահում իշխանությունը։ Այդ դեպքում ժողովուրդը պետք է մտածի և թույլ չտա, որ ձևավորվի մեկ կուսակցության, կամ ավելի ճիշտ մեկ կուսակցության ցուցակի մենաշնորհ։ Այնպես չէ, որ ինչ-որ մեկը կարող է կողքից գալ ու ընտրություններում հաղթել։ Ճիշտ պահել ասելով նկատի ունեմ կադրային քաղաքականությունը և սոցիալ-տնտեսական, քաղաքական դաշտը կանոնավորելու ռազմավարություն ունենալը։ Սրանք Նիկոլ Փաշինյանի ամենաթույլ տեղեր են, որոնք վտանգ են ներկայացնում և իր համար, և երկրի։

Այսինքն՝ Փաշինյանը պետք է վերանայի՞ իր մոտեցումներն այս հարցում։

Այո, պետք է հստակ ռազմավարություն ունենա և իրականացնի։ Կամ անում է, կամ չի անում։ Եթե չի անում, ինչ-որ պահի հեղափոխության արդյունքը կարող է ի չիք դառնալ, ինչ-որ պահի վերադառնալու ենք հնին, ավտորիտար պետության։

Քաղաքական դաշտի մյուս ուժերը փորձում են գտնել իրենց տեղը, մի մասը փորձում է ակտիվանալ, հները փորձում են վերափոխվել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ շանսեր ունեն նրանք առաջիկա ընտրություններում հաջողություն ունենալու համար։

Ես բազմիցս ասել եմ, որ առաջին օրենքը, որ այս օրերին պետք է ընդունվի, ընդունված պետք է լիներ, «Կուսակցությունների մասին» օրենքն է, որ բոլոր քաղաքական ուժերը վերագրանցվեն նոր օրենքով։ Այդ պարագայում գործող քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը չի վերագրանցվի, որովհետև դրանք մարդ կուսակցություններ են։ Դրանք անօրինական կառույցներ են, որոնք իրավունք են ստանում մասնակցել ընտրություններին։ Հանցագործություն է թույլ տալ տարբեր կլանների կամ մարդ-կուսակցությունների մասնակցել ընտրություններին։ Հիմա այդ հնարավորությունը նրանք ունեն, ու սա էլ նոր կառավարության թույլ կողմերից մեկն է, որովհետև շարժման ժամանակ խոստացել են ժողովրդին, որ ընդունելու են այդպիսի օրենք, բայց չեն անում։

Խոսքը «Կուսակցությունների մասին»,«Սեփականության մասին» և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասի՞ն է։

Այո, տնտեսական և քաղաքական դաշտը կանոնավորող օրենքներ են պետք, որպեսզի կապիտալի դիկտատը վերանա քաղաքականության վրա, կուսակցությունները կարողանան ազատ մրցակցության մեջ գործել և լինեն իրական կուսակցություններ։ Սա ֆունդամենտալ բան է, ցանկացած հեղափոխությունից հետո միակ ֆունդամենտալ հարցը դա է։ Դա մեզ մոտ չի արվում, բոլոր փոփոխությունների երաշխիքը դրված է մեկ անձի վրա, նրա կամքի վրա։ Բայց այդ մարդը այսօր ունի այդ կամքը, վաղը կարող է ուրիշ կամք ունենալ, կամ վաղը կարող է մեկ ուրիշ մարդ գալ և չունենալ այդ կամքը։ Այդ ժամանակ ամեն ինչ վերադառնալու է իր հին տեղը։ Պետք է մեկ անձի վրա հիմնված չլինի ամեն ինչ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache