Նիկոլ Փաշինյանի հիշեցումը. Սառը ցնցուղ ՀՀԿ համար

227

lragir.am — Խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները վրդովված են, որ Սարդարապատի հուշահամալիրում Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը ՀՀԿ խմբակցությունից հրավիրվել է ընդամենը 3 պատգամավոր՝ ԱԺ նախագահ Բաբլոյանը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու անկուսակցական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:

Սարդարապատում հանդիսավոր արարողությանը Հայաստանի եւ Արցախի ղեկավարության շարքում ԱԺ նախագահը չկար՝ նախագահ Արմեն Սարգսյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

ԱԺ ղեկավարությունը արարողակարգի այդ որոշումը գնահատել է իբրեւ ոչ համարժեք վերաբերմունք խորհրդարանի հանդեպ:Ավելին, նաեւ հանրային շրջանակներում հնչում են կարծիքներ, թե ինչպես է հնարավոր խորհրդարանական կառավարմամբ երկրում չհրավիրել խորհրդարանի նախագահին, ու՞մ մտքով կանցնի այդպիսի բան:Այստեղ մտքի հարց իսկապես կա, բայց ըստ երեւույթին այլ համատեքստում՝ շատերի «մտքից թռել» է երեւի այն, որ Հայաստանում թավշյա հեղափոխություն է, որը չի ավարտվել, չի հասել իր տրամաբանական ավարտին՝ խորհրդարանի արտահերթ ընտրության: Ըստ այդմ, գործ ունենք ոչ թե խորհրդարանական, այլ հեղափոխական կառավարման մոդելի հետ:

Ընդ որում, հարցն այն է, որ անգամ ՀՀԿ-ն է ընդունում այդ հանգամանքը, հայտարարելով, որ ընդդիմություն է: Ինչպե՞ս կարող է խորհրդարանական կառավարում լինել, եթե խորհրդարանի դե յուրե մեծամասնությունն ինքն է ընդունում, որ ընդդիմություն է: Հետեւաբար Հայաստանում հեղափոխական կառավարում է, եւ պետական արարողակարգը հաշվի է առել առկա իրողությունը, չշարժվելով ամեն ինչ «թղթերով ծածկելու» ավանդական մեթոդով, երբ թղթով կամ արարողակարգով Հայաստանում ամեն ինչ կարգին էր, իսկ իրականում՝ ոչ:

Ըստ այդմ, պետական արարողակարգը թերեւս առաջին անգամ Հայաստանում համապատասխանել է դե ֆակտո իրականությանը, ինչն էլ թերեւս հանգեցրեց նրան, որ գործնականում առաջին անգամ Առաջին հանրապետության տոնակատարությունը ֆալշ չէր եւ աչքի էր ընկնում բնական կամ դրան առավելագույնս մոտ էներգետիկայով:

Որովհետեւ, երբ օրինակ Նիկոլ Փաշինյանը տալիս է Արամ Մանուկյանի անունն ու խոսում այն մասին, որ պետությանը պետք է զրկանքի պատրաստ վերնախավ, ապա անշուշտ համեմատելի չլինելով Նիկոլի եւ Արամի վիճակները, այդուհանդերձ ակնառու է այդ օրինակը բերելու Փաշինյանի իրավունքը, ով ընդամենը երկու օր առաջ հայտարարել է իր որդու՝ Արցախ ծառայության մեկնելու մասին:

Մի բան, որով աչքի ընկնելու որեւէ հնարավորություն այդպես էլ չի օգտագործել հեռացող վարչակարգի քաղաքական առաջնորդներից որեւէ մեկը:

Հարցը սակայն, տվյալ պարագայում, անշուշտ հուզական մակարդակի վրա չէ, այլ պրակտիկ քաղաքական: Պարզապես, թե ՀՀԿ-ում, թե հանրության մեջ որոշ շրջանակների թերեւս թվացել է, որ թավշյա հեղափոխությունն ավարտվել էր, ու շատերի մտքում թերեւս հնչել է՝ «շնորհակալություն նկարահանման համար, բոլորն ազատ» են արտահայտությունը, ու մարդկանց թվացել է, թե ամեն ինչ ընկավ իր բնականոն հունի մեջ:

ՀՀԿ-ն էլ սկսել էր ավելի ու ավելի հաճախ հայտարարել, թե իր օրակարգում չկա արտահերթ ընտրության հարց:Պետական արարողակարգով պարզապես տեղի է ունեցել պարզ հիշեցում, որ թավշյա հեղափոխությունը շարունակվում է, ավարտված չէ, ըստ այդմ իրադարձություններն ու արարողակարգը մշակվում է ըստ հեղափոխության, այսինքն ըստ Հայաստանի հանրապետության քաղաքացիների օրակարգի:

Իսկ այդ իրավիճակում ՀՀԿ-ն ունի բոլորովին այլ դեր եւ առաքելություն, քան Սարդարապատում հանդիսավոր արարողությանն իբրեւ իշխանության մի մաս կամ դեմքի մի մաս մասնակցելը: ՀՀԿ առաքելությունը հեղափոխությունը պահպանելն է, որպես իր հետհեղափոխական անվտանգության երաշխիք, որովհետեւ Հայաստանում սիրո եւ հանդուրժողության սկզբունքով առաջնորդվող հեղափոխության տապալումը լինելու է ոչ թե ՀՀԿ հաղթանակ, առավել եւս ռեվանշի հնարավորություն, այլ դառնալու է արդեն աղետ:

Եվ թերեւս չարժե հեգնել սիրո եւ հանդուրժողության մասին Փաշինյանի հավաստիացումները, հենվելով արարողակարգային մանրուքների վրա: Այդ հեգնանքը ի վերջո թավշյա հեղափոխությանը չէ, որ կհարվածի, այլ կարող է ունենալ բումերանգի էֆեկտ, որովհետեւ հեղափոխությունը սեր ու հանդուրժողություն է ապահովում այնպիսի մի ծավալով ու խորությամբ, որ ՀՀԿ-ն կառավարման մոտ երկու տասնամյակի արդյունքում հանրության շրջանակներում պահանջված չէ անգամ 5 տոկոսի չափով:



Загрузка...