Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը

2

lragir.am — Եթե խելոք լինեն, 35 տարեկանից բարձրերին չպետք է ընդգրկեն կառավարության կազմում: Ես լավն եմ, բայց ինձանից լավերն էլ կան: Այդ միտքը արտահայտել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստ է ներգրավվել նոր իշխանության կազմում: Ասատրյանը ասել է, որ պատրաստ է օգնել, բայց հետո խոսել է 35 տարեկաններից բարձրերին չներգրավելու մասին:

ԿԲ նախկին նախագահը գուցե փոքր ինչ խիստ տարիքային ցենզ է սահմանել, եւ գուցե ընդհանրապես ճիշտ չէ տարիքային ցենզ սահմանելը, բայց էությունը բավական պարզ է՝ կառավարության, գործադիր իշխանության համալրումը պետք է տեղի ունենա գերազանցապես նոր դեմքերով, բացառությամբ գուցե անվտանգության ոլորտի առանցքային մի քանի ուղղություններից, որտեղ իհարկե անհրաժեշտ է բավական կենսափորձ:

Միեւնույն ժամանակ, անգամ այդ ոլորտներում անհրաժեշտ է այսպես ասած նկարագրային թարմություն:

Բագրատ Ասատրյանը սակայն շոշափում է իսկապես կարեւոր խնդիր: Նոր Հայաստանը հնից չպետք է «փոխառի» պաշտոնյաներ: Եվ ոչ թե այն պատճառով, որ նրանք վատն են, հին են եւ այլն, այլ որովհետեւ ժամանակն է այլ, աշխարհն ու խնդիրներն են այլ եւ ըստ այդմ պահանջվում է երիտասարդություն, թարմություն, պահանջվում է հին կենսափորձից ազատություն, որովհետեւ այդ կենսափորձը ինչ որ իմաստով օբյեկտիվորեն կաշկանդում է, առաջացնում նույնիսկ հնի ու նորի միջեւ երկվություն, երկփեղկում, ինչի պարագայում դժվար է ասել, թե այդ անձի մեջ որը «կհաղթի»:

Մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է ճեղքում, իսկ դրա համար անհրաժեշտ է նաեւ լավ իմաստով հավակնոտություն եւ ինչ որ տեղ նաեւ ավանտյուրիզմ:

Նրանք, ովքեր ունեն ահռելի կենսափորձ, կարող են օգնել իշխանությունից դուրս, խորհուրդներով, իսկ հարկ եղած դեպքում նաեւ ռացիոնալ ու նույնիսկ կոշտ ընդդիմախոսությամբ: Դա կլինի լավագույն եւ առավելագույն ծառայությունը, որ «հին Հայաստանը» կմատուցի նորին:

Արժե կրկնել, որ ի վերջո չի կարող լինել այդ իմաստով սեւ ու սպիտակ կամ գծված սահմանային, ցենզային բաժանում: Վերջին հաշվով 60 տարեկան անձը շատ դեպքերում կարող է լինել ավելի նորարար մտածող, քան 25-30 տարեկանները: Այստեղ չկա մաթեմատիկական ճշգրտությամբ որոշում կայացնելու բանաձեւ, բայց խնդիրը սկզբունքն է, քաղաքականության հիմքում դրվելիք փիլիսոփայությունը:

Միեւնույն ժամանակ, կադրային քաղաքականության առանցքը պետք է լինի մասնագիտական, իսկ մի շարք առաջնային պաշտոնների դեպքում քաղաքական պատրաստվածությունն ու գրագիտությունը:



Загрузка...