Նիկոլ Փաշինյանի կոշտ հակագրոհը

83

Խորհրդարանում ԱԺ նախագահ Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կա հակահեղափոխություն, այն օրենսդրական նախաձեռնություն է բերել ԱԺ՝ որով փորձելու է արգելակել ԱԺ լուծարման իրավական միակ մեխանիզմը, ու դա նշանակում է, որ կոռուպցիոն նախկին համակարգը փորձ է անում խլել իշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա թույլ չեն տա եւ ազդարարեց, որ 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում կլինի խոհրդարանի արտահերթ ընտրություն: Եթե ես կառավարության ղեկավարի պաշտոնում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ապա դեկտեմբերին կլինի արտահերթ ընտրություն, եթե ես ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ապա ընտրություն չի լինի, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա խոստացել է ավելի մանրամասն անդրադառնալ հարցին ուղիղ եթերում, իսկ առայժմ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով մարտահրավերը, անցնում է հակագրոհի: Դա նշանակու՞մ է արդյոք, որ նա դուրս է գալիս խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցության ռեժիմից, որի մասին հայտարարել էր, թե այդ խորհրդակցությունները կարող են լինել միայն մինչեւ դեկտեմբեր ընտրական օրենսդրության եւ այլ կանոնների շուրջ, իսկ արտահերթ ընտրության հարցն այլեւս քննարկման ենթակա չէ՝ այն լինելու է դեկտեմբերին:

Այսինքն, այդ հարցը գործնականում չի էլ կարող լինել քննության առարկա, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին արդեն հայտարարել է անառարկելի տոնով եւ հազիվ թե հնարավոր է պատկերացնել իրավիճակ, երբ նա կհրաժարվի այդ հայտարարությունից: Թերեւս միայն ընտրությունն ավելի շուտ անցկացնելու համար: Հնարավոր է ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը մանրամասնի խորհրդակցության ռեժիմի հանգամանքը, այն կա եւ փոխվում է բովանդակությու՞նը, թե՞ այլեւս չկա, եւ սկսվում է ժողովրդական ուղիղ ճնշում խորհրդարանի վրա:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը հորդորել է Բաբլոյանին եւ Բաղդասարյանին հրաժարվել օրենքի նախագծից, ինչը սակայն մերժվել է, որից հետո էլ վարչապետը հայտարարել է արտահերթ խորհրդարանի ընտրության ժամկետի մասին:

Դրա՞ն էին ձգտում խորհրդարանական ուժերը, վերջին շրջանում ավելի ու ավելի բաց հայտարարելով արտահերթ ընտրությանը դիմադրության մասին: Ինչի՞ վրա է նրանց հույսը, կամ ու՞մ վրա: Թե՞ խորհրդարանական ուժերը ոչինչ չեն անում, մինչեւ չենթարկվեն ճնշման: Պարզապես նախկին համակարգում նրանց որեւէ քայլ պարտադրում կամ հանձնարարում էր Սերժ Սարգսյանը, իսկ հիմա դա անելու է հանրությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache