Նիկոլ Փաշինյանի նուրբ ակնարկը. ճակատագրական սաբոտաժի խնդիրը

92

1in.am — Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրակեղծարարության համար պատժամիջոցների խստացում նախատեսող օրինագիծը, որը խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ օրենսդրական փոփոխությունների, այսպես ասած, լայն փաթեթի մաս է: Ընտրակեղծարարության համար պատժի խստացումը, անշուշտ, կարևոր քայլ է, որի նպատակը, իհարկե, խորքային առումով պետք է լինի, ի վերջո, ընտրական մշակույթի ձևավորման հիմք նախապատրաստելը: Վերջին հաշվով, հնարավոր չէ անընդհատ մահակի օգնությամբ պահել ընտրական համակարգը, այն պետք է պահվի հանրային գիտակցության վրա: Բայց, մյուս կողմից, հնարավոր չէ ձևավորել այդ գիտակցությունը, եթե հնարավորինս չի սահմանափակվել այդ գիտակցությունը տարիների ընթացքում քայքայած և քայքայող տարրերի գործունեության դաշտը, և չի սահմանվել պատժի այնպիսի զգացում, որը մարդկանց կստիպի մտածել որևէ քայլից առաջ, պատկերացնելով և կշռադատելով ռիսկը՝ հնարավոր էֆեկտի կամ դիվիդենտի համեմատ:

Մյուս կողմից՝ անհրաժեշտ է արձանագրել նաև ամենակարևորը, թերևս: Խոսքը օրենսդրության իրավակիրառական պրակտիկայի արդյունավետության մասին է, որովհետև, խոշոր հաշվով, հայաստանյան ներկայիս օրենսդրությունն ինքնին թույլ է տալիս ապահովել ընտրական համակարգի արդարացի, ազատ գործունեություն: Այլ հարց է, որ չկան վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն հանրային վստահություն այդ համակարգի աշխատանքի հանդեպ: Մինչ այժմ այնպես չի եղել, որ ընտրախախտումները չեն նկատվել, կամ ընտրախախտումների համար մեղադրվող, կասկածվող անձինք պատասխանատվությունից խուսափել են օրենքի ուժով: Հակառակը, նրանք պատասխանատվությունից խուսափել են, որովհետև չի կիրառվել օրենքը, չի ապահովվել պատժի արդյունավետ մեխանիզմի կիրառումը:

Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ խնդիրն ունի երկու ծայր, և, մի կողմից, նեղացնելով այսպես ասած ընտրակեղծարարների մանևրի տեղը, մյուս կողմից, իհարկե, առաջնային ուշադրությունը պետք է կենտրոնացնել վերահսկողական մեխանիզմների վրա, այդ թվում թե՛ իրավապահների, թե՛ քաղաքացիական վերահսկողության կառույցների: Եվ այս տեսանկյունից, այս երկսայր իրողությունների տեսանկյունից արժե, թերևս, խոսել մի հատկանշական հանգամանքի մասին, որի մասին սեպտեմբերի 6-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում որոշակիորեն ակնարկել է նաև Նիկոլ Փաշինյանը: Նա ասել էր, որ իր խնդիրն է ձևավորել ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն, կերաշխավորեն ժողովրդի իշխանությունը անգամ այն դեպքում, երբ ժողովրդի թեկնածու համարվող Փաշինյանը չի լինի իշխանության: Նիկոլ Փաշինյանը այդ ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորումն էր դիտարկել իշխանությունը թողնելու պայման: Այստեղ արժե նկատել մի հանգամանք: Եթե արտահերթ ընտրության գնում ենք վարչապետի հրաժարականի հայտնի մեխանիզմով, ապա ստացվում է մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացը կազմակերպվում է, այսպես ասած, ժամանակավոր պաշտոնակատար կառավարության և վարչապետի պայմաններում: Ու այստեղ առաջանում է հարցը, թե այդ պայմաններում արդյո՞ք կան երաշխիքներ, որ իրավապահ համակարգը իրեն կպահի այնպես, ինչպես պետք է, որ ընդհանրապես վերահսկողական գործառույթ ունեցող պետական կառույցները, որոնք պետք է ապահովեն ընտրության օրինականություն, կպահեն իրենց այնպես, ինչպես պետք է:

Այս հարցը, հատկապես առկա է՝ հաշվի առնելով այն, որ այդ համակարգերում դեռևս բազմաթիվ են սեգմենտներ, որոնք գործնականում նախկին համակարգի «կրողներ» են, և ընտրությանն ընդառաջ ընտրական օրենսդրության փոփոխություններին զուգահեռ, ըստ երևույթին, հասունանալու է նաև այդ ոլորտներում կադրային փոփոխությունների հարցը, նախընտրական ճակատագրական սաբոտաժների չբախվելու համար: Այսինքն, խնդիրն այստեղ այն չէ, որ կարող են առաջանալ ֆորս-մաժորային հանգամանքներ խորհրդարանի անորոշ մեծամասնության առումով, այլ նաև պետական կառավարման համակարգի ամենևին չերևացող շերտերում, որտեղ կան լուծելու շոշափելի հարցեր, ընդ որում՝ ոչ միայն զուտ ընտրական, այլ նաև կառավարման էֆեկտիվության տեսանկյունից: Սա կարևոր է արձանագրելու համար, որ խնդիրը չպետք է լինի «օտարին» զուտ «յուրայինով» փոխարինելը, այլ կադրերով, որոնք, մի կողմից, չեն լինի հին համակարգի կրողը, բայց մյուս կողմից՝ կլինեն պրոֆեսիոնալ, բանիմաց և կապահովեն ոչ միայն հավատարմություն, այլ աշխատանքային բարձր արտադրողականություն:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache