Նիկոլ Փաշինյանն ավարտում է. այլընտրանք չկա

74

Ազգային Ժողովի արտահերթ ընտրությանն ընդառաջ աշխույժ քննարկումներ են, թե ի՞նչ ուժեր են հայտնվելու խորհրդարանում՝ Նիկոլ Փաշինյանի Իմ քայլը դաշինքից բացի: Սակայն այդ քննարկումները կարծես թե շրջանցում են այն, թե ի՞նչ են առաջարկելու այդ ուժերը հանրությանը: Այն հանրությանը, որը ներկայում շարունակում է լինել Նիկոլ Փաշինյանի հեղափոխական առաջարկի ռեժիմում եւ նրա հետ միասին տանել այդ առաջարկը տրամաբանական ավարտի՝ խորհրդարանում ամբողջական իշխանափոխության ձեւակերպման:

Այդ առումով առկա է սկզբունքային սխալ կամ բացթողում՝ իրավիճակի դիտարկման համատեքստում: Ընտրական գործընթացը դիտարկվում է «հերթական» տրամաբանության մեջ, իսկ «արտահերթ» հասկացությունը զուտ իբրեւ ընթացիկ ժամանակային հատկանիշ:

Բանն այն է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունը սկսվել է թավշյա հեղափոխությամբ, պարզապես դրա սկիզբն ու վերջը ձգվել են վեցամսյա տարբերությամբ, որի պատճառները բազմաթիվ են, այդ թվում արտաքին: Ի վերջո, Հայաստանը պետություն է, որը կարեւոր ռեգիոնում է եւ առնչություն ունի կարեւորագույն հարցերի հետ, որոնք ունեն աշխարհքաղաքական մասշտաբ: Ըստ այդմ, Հայաստանում որեւէ հեղափոխական գործընթաց չի կարող հաշվի չառնել այդ ամենը եւ դրանցից բխող նրբերանգները: Ավելին, հենց դրանք հաշվի առնելն է նաեւ այդ հեղափոխական գործընթացի սահուն եւ հաջող ընթացքի ու ավարտի գրավականը:

Ինքնին սակայն գործընթացը ամբողջական է, եւ արտահերթ ընտրությունը թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված իրողություն չէ, այլ այդ գործընթացի մաս: Ըստ այդմ, հեղափոխությունը սկսած եւ առաջնորդած ուժը, թիմը դրա միջոցով պետք է ամրագրի իր հաղթանակը: Դա է պահանջում ներքին գործընթացները քաղաքական հուն տեղափոխելու խնդիրը:

Այս տեսանկյունից, ընտրությանը մասնակից մյուս ուժերը ուղղակի անկարող են առաջարկել այլընտրանք: Այլընտրանքի տարբերակները կարող են լինել հեղափոխությունը կիսատ թողնելը կամ հետ շրջելը: Դա կարող է լինել որեւէ այլընտրանքի բովանդակություն: Մինչդեռ այդպիսի բովանդակությամբ ներկայանալ հանրությանը, կնշանակի գնալ ինքնասպանության: Ընդ որում, խոսքը ոչ միայն ուղիղ բովանդակության մասին է, քանի որ հանրությունն անգրագետ չէ եւ լավ հասկանում է իրավիճակն իր տողատակերով:

Այդ դեպքում ինչու՞ մասնակցել եւ ինչպե՞ս: Դա իսկապես բարդ հարց է, եւ հենց դա է իրավիճակի բարդությունը մյուս մասնակիցների համար: Բայց հնարավորությունն այդ մասին ընտրողի հետ անկեղծ խոսելն է եւ ոչ թե «ընդդիմություն» լինելու համար պայքարելը, այլ հանրությանն ապագայի՝ պոստհեղափոխական առաջարկներ ներկայացնելը: Բայց շատ կոնկրետ, պատասխանատու առաջարկներ ներկայացնելը, որոնք չեն կարող լինել որեւէ բանի այլընտրանք, հետեւաբար ընդդիմադիր կամ իշխանահաճ՝ որովհետեւ Հայաստանում բանը՝ որպես այդպիսին, հեղափոխությունն է, որը դեկտեմբերի 9-ին կավարտվի՝ իբրեւ ներքաղաքական գործընթաց եւ իրողություն:

Պետք են պարզապես շատ կոնկրետ առաջարկներ, որոնք կպարունակեն հետագա հնգամյակին առնչվող շատ առարկայական եւ շոշափելի, հասկանալի բովանդակություն:

Գործնականում, Իմ քայլը դաշինքից բացի, մնացյալ բոլոր ուժերը այսօր պետք է սկսեն պայքարը 2023 թվականի խորհրդարանի հերթական ընտրության համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache