Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է խմբակցությունների հետ

0

politics.am ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանդիպելու է խորհրդարանական բոլոր ուժերի հետ, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ։ Այս մասին գրում է Tert.am-ը։

«Ժամանակացույցը կճշտվի, և խմբակցությունների հետ հանդիպումը տեղի կունենա»,-ասաց Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից առաջադրվել է վարչապետի թեկնածու:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու իր թեկնածությանը՝ նա ասաց. «Մենք այսօր ՀՀԿ-ի հետ հանդիպում կունենանք, և հանդիպման ընթացքում պարզ կդառնան որոշ հարցերի պատասխաններ»։

«Պետք է համոզեմ, որ կա քաղաքական այլ իրավիճակ։ Էլի եմ ասում՝ խնդիրն ինչ-որ մեկին վարչապետ ընտրելը կամ չընտրելը չէ: Խնդիրն այն մասին է, թե վաղն այս քաղաքական իրավիճակը կհանգուցալուծվի՞, թե ոչ»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այսօր առավոտից շատ կարևոր աշխատանք ունի Ազգային ժողովում:

«Պետք է հանդիպումներ ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում Ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած վարչապետի թեկնածուի ընտրությունը մայիսի մեկին երաշխավորված է»,- ասել էր նա:

Նա նաև ասել էր, որ դադարեցնում է անհնազանդության ակցիաները՝ ավելացնելով, որ չի կարող գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել՝ իմանալով, որ տարբեր վայրերում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անում, իսկ ինքը սենյակում տարբեր քննարկումների է մասնակցում։

«Որպեսզի մենք կարողանանք մեր թիմով Ազգային ժողովում՝ մեր գրասենյակում, քաղաքական աշխատանքը ավարտին հասցնել՝ մեր դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար»,– ասել էր նա։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache