Նիկոլը հրապարակավ ստանձնեց. Ինչ է լինելու վաղը

1

lragir.am  -«Ուզում եմ  հստակ պատասխանել Հայաստանում օդում կախված մի հարցի: Ուզում եմ ուղիղ ու հստակ բոլորիդ աչքերի մեջ նայելով հայտարարել, որ, այո, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդին, ԼՂՀ-ին»,- Հանրապետության հրապարակում հանրարավաքի ժամանակ ասաց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ երեք խմբակցություններ հայտարարել են, որ մայիսի մեկին տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին:

«ՀՀԿ խմբակցությունը որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել, ինչը նշանակում է, որ կա չափազանց մեծ հավանականություն, որ ՀՀԿ անդամների առնվազն մի մասը ևս կքվեարկի ձեր առաջարկած թեկնածուի օգտին, ինչը նշանակում է, որ մենք մայիսի մեկին ունենք հնարավորություն դե ֆակտո արձանագրած հաղթանակը արձանագրել նաև դե յուրե: Դա նշանակում է, որ ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ աշխատանքը դեռ չի ավարտվել, վերջին երկու օրերին այս շարժումը պետք է լինի շատ ավելի կարգապահ ու հանդուրժող, քան նախկինում էր:

Նա նշեց, որ վաղը առավոտյան շատ կարևոր գարսենյակային աշխատանք ունի անելու Ազգային ժողովում, պետք է հանդիպում ունենա ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի օրվա վերջում կարողանա տեղեկատվություն տալ հանրությանը, թե ժողովրդի թեկնածուի ընտրությունը ինչպես է ընթանալու:

«Ես չեմ կարող հանգիստ աշխատել, եթե իմանամ, որ հանրապետությունում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են լինում: Ես խնդրում եմ հետևյալը՝ վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում, որպեսզի հնարավորություն ունենանք ԱԺ-ում մեր քաղաքական աշխատանքն ավարտին հասցնել: Կոչ եմ անում այս պահից սկսած դադարեցնել նաև բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների հետ հեռախոսային հաղորդագրութունների ու զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը և նրանց առաջ պահանջներ դնելը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ես վաղը ձեր անունից հանդիպելու են նրանց՝ որպես վարչապետի թեկնածու»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ վաղը ժամը 17:00-ին Գարեգին Նժդեհի հրապարակում կլինի, այնտեղից երթով կգան Հանրապետության հրապարակ, որտեղ մարդկանց կպատմի բանակցությունների արդյունքի մասին:«Եվ մենք իրար հետ կորոշենք մեր հետագա անելիքները՝ կախված իրավիճակից: Ամեն դեպքում մյուս օրը՝ առավոտյան ժամը 8:00-ից բոլոր մարզերից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում: Իսկ թե օրը ինչպես և որտեղ կանցկացնենք, կախված կլինի այդ օրը հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակից», հայտարարեց նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache