Նիկոլը ճիշտ էր, իսկ Ռոբե՞րտը. Սերժ Սարգսյանի անպատեհ լռությունը

98

Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքից եւ կալանավորումից հետո արտահայտվել են շատ քաղաքական ուժեր, թե դրական, թե բացասական երանգներով: Խոշոր հաշվով գրեթե բոլոր արտահայտվողների մոտիվացիաները բավական պարզ են: Կան նաեւ այսպես ասած «չեզոք» կամ «երրորդ» տարբերակն ընտրողներ:

Օրինակ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը նախորդ տասնամյակում բավական լավ հարաբերություն ուներ Քոչարյանի «ժամանակների» հետ ու Քոչարյանն էլ ուրախություն էր հայտնում այդ ուժի ժողովրդականության աճի կապակցությամբ, առայժմ գերադասում է առանձին ներկայացուցիչների շուրթերով ասել, որ գործընթացը իրավական տիրույթում է եւ ձեռնպահ են մնում գնահատել այն:

Բավական ուշագրավ էր Վազգեն Մանուկյանի արձագանքը, ով խոսում էր Մարտի 1-ին «երրորդ ձեռքի» առկայության մասին, կոչ անելով հարցերը դիտարկել անաչառ ու ամբողջական:

Այդ ամենի ֆոնին ուշագրավ է Սերժ Սարգսյանի լռությունը, թեեւ թվում էր, որ Մարտի 1-ից խոշոր հաշվով «շահել» է հենց Սերժ Սարգսյանը եւ նա թերեւս պետք է «բարոյապես» պարտավորված լիներ արձագանքել Քոչարյանի հանդեպ մեղադրանքին ու կալանավորմանը: ՀՀԿ-ն հայտարարություն տարածել է, այն էլ երկուսը, սակայն դա բոլորովին այլ բան է, իսկ Սերժ Սարգսյանի գեթ մեկ նախադասությունը՝ այլ:

Այդ նախադասությունն առայժմ չկա: Մինչդեռ, ի՞նչ կլիներ Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը, եթե Ռոբերտ Քոչարյանը չգնար ուժային լուծման: Բայց այստեղ իհարկե պատասխանը միարժեք լինել չի կարող: Արդյոք Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը չէին կարող պայմանավորվել, եւ արդյոք Ռոբերտ Քոչարյանին չէր կարող մտահոգել հենց դա, որ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը կարող էին պայմանավորվել եւ իրեն դուրս դնել խաղից ընդհանրապես:

Թե՞ Ռոբերտ Քոչարյանին կարող էր մտահոգած լինել փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանի եւ ընտրության պաշտոնական արդյունքով երրորդ տեղը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանի կոալիցիան: Արդյոք դա չէր մտահոգել Քոչարյանին այն իմաստով, որ Սարգսյանը ինչ որ հանգուցալուծում է մտածել ու երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի հետ կոալիցիան դրա առաջին քայլն է կամ մեկնարկը, ինչի արդյունքը դարձյալ կարող է լինել այն, որ Քոչարյանը կհայտնվի խաղից դուրս:

Իսկ իշխող համակարգի իրողությունների պայմաններում խնդիրը լոկ իշխանություն հանձնելը չէր՝ Քոչարյանն այսպես թե այնպես հանձնելու էր: Խնդիրն այն է, թե ինչ պայմաններով է կատարվում այդ ընդունում-հանձնումը, որովհետեւ համակարգն ի վերջո զգալիորեն պայմանավորվում էր իշխանության ու կապիտալի ստատուս-քվոյով, դրանց համապատասխանությամբ:

Սերժ Սարգսյանը հետագա գրեթե ամբողջ տասնամյակում գործնականում այդպես էլ չկարողացավ վերականգնել այդ «ներդաշնակությունը», Քոչարյանը թույլ չտվեց: Մյուս կողմից, Մարտի 1-ն էլ Քոչարյանին թույլ չտվեց հետագա տասնամյակում գործել քիչ թե շատ ավելի անկաշկանդ, նա ստիպված էր դուրս չգալ կուլիսներից:

Քոչարյանը հուլիսի 26-ին հայտարարեց, որ խորհրդակցել է վարչապետի հետ, այսինքն Սերժ Սարգսյանի, որը Մարտի 1-ին գործող վարչապետն էր: Բայց պարզ չէ, թե որն էր այդ խորհրդակցության արդյունքը: Սերժ Սարգսյանը համաձայնե՞լ է Մարտի 1-ի գործողություններին, սկսած առավոտյան Ազատության հրապարակում ուժային գործողությունից, թե՞ ոչ: Իսկ երեկոյան գործողություններին Սարգսյանը համաձայն եղե՞լ է, թե ոչ:

Եթե եղել է, ապա ինչպե՞ս է այժմ լռում, իսկ եթե ոչ, ապա ինչու՞ է լռել այն ժամանակ: Եվ Սերժ Սարգսյանն օրինակ ի՞նչ է պատմել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, որն այժմ խոսում է «երրորդ ձեռքի» մասին: Արդյոք Վազգեն Մանուկյանի շուրթերով Սերժ Սարգսյանն է խոսում:

Սերժ Սարգսյանի լռությունը դառնում է ավելի ու ավելի անպատեհ:

Ապրիլի 21-ին նա Նիկոլ Փաշինյանին հիշեցնում էր Մարտի 1-ն ու ասում, թե դասեր չեն քաղել: Երկու օր անց Սերժ Սարգսյանը հեռացավ, ասելով, թե Նիկոլը ճիշտ էր, ինքը սխալվել է: Իսկ Ռոբերտը ճի՞շտ է, թե՞ սխալ: Ինչ կասի Սերժ Սարգսյանը: Նա կսպասի ՀՔԾ ծանուցագրի՞, թե կամավոր կներկայանա հարցաքննության:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache