Նիկոլը զգաց վտանգը. Մեծ զորահավաք

204

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը որոշել է իր պաշտոնավարման 100 օրը «նշել» Հանրապետության հրապարակում հանրահավաքով: Ընդունված ավանդույթ է, որ 100 օրվա ընթացքում նոր կառավարությանը չեն քննադատում, վերջինս էլ հաշվետվություն է տալիս այդ ընթացքում իր արածների ու ծրագրերի մասին:

Հանրահավաքի ձեւաչափն այս առումով Հայաստանում աննախադեպ է, ինչպես շատ բան թավշյա հեղափոխությունից հետո: Ընդ որում, թե ներքին, թե արտաքին հարաբերությունների ասպարեզում:

Հայաստանում սկսվեց կոռուպցիայի դեմ պայքար, տեղի ունեցան աղմկոտ բացահայտումներ, որոնք զարմացնում էին իրենց մասշտաբով ու ցինիզմով: Ընթացք տրվեց մարտի 1-ի գործին, կալանավորվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանքներ ներկայացվեցին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու այն ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յուրի Խաչատուրովին:

Այս իրադարձությունները պատճառ դարձան, որ հին համակարգը սկսի մոբիլիզացվել, քանի որ կոռուպցիան ու Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը չէր կարող վերաբերվել միայն Քոչարյանին, սրանք համակարգային հանցագործություններ են:

Արտաքին քաղաքականության ոլորտում նույնպես ամեն ինչ հարթ չէ: Նոր կառավարությունը դնում է հավասար գործընկերային հարաբերությունների խնդիրը, ինչն անսովոր է արտաքին գործընկերների համար: Խնդիրներ առաջացան եվրոպական ու հատկապես ռուսական ուղղություններով:

Հայաստանն ու Ռուսաստանն արդեն հասցրել են փոխանակվել դիվանագիտական «դեմարշներով», մասնավորապես Փանիկի միջադեպից ու Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց հետո: Ռուսական դժգոհություններն իրենց հերթին ազդակ են Հայաստանի հին համակարգին, եւ այն չհապաղեց օգտվել դրանից:

Մյուս կողմից, եթե Հայաստանում պայքար է մղվում տնտեսական ու Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների մասով, անհնար է, որ դրա «պոչերը» չհասնեն Ռուսաստան: Այս առումով հատկանշական է, որ հայ-ռուսական հարաբերությունները նույնպես դուրս են գալիս ստվերից, եւ տեղի է ունենում խնդիրների հրապարակային պարզաբանում, ինչն աննախադեպ երեւույթ է միջպետական տիրույթում:

Սրանք առաջին 100 օրվա «ակտիվն» են ընդհանուր գծերով: Միեւնույն ժամանակ, այս գործընթացները չեն կարող չառաջացնել դժգոհություն ոչ միայն նախկին համակարգի շրջանակներում, այլեւ հանրային բավական լայն շերտերի մոտ, քանի որ դրանք ուղիղ կամ անուղղակի ներգրավված են եղել կոռուպցիոն, ընտրակեղծարարության եւ այլ սխեմաներում եւ ներկայում կորուստներ են ունենում:

Բացի այդ, խնդիրներ կան կադրային քաղաքականության, ծրագրային հայեցակարգերի առումով: Շատերը նշում են, որ նոր իշխանության քայլերն այդ առումով իրավիճակային են եւ ավելի շատ ենթարկված են ընտրությունների տրամաբանությանը:

Այս իրավիճակում, հանրահավաքի ձեւաչափով հարյուր օրվա հաշվետվությունը թերեւս օպտիմալ տարբերակն էր,  հիշեցնելով ու ընդգծելով հեղափոխական օրակարգը: Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «մենք հրապարակում որոշումներ կայացնելու փորձ ունենք»: Սա արձագանքն է ներքին ու արտաքին «հակահեղափոխությանը» ու մարտահրավերներին, որոնք ուժգնացման միտումներ կարող են ունենալ: Նիկոլը դրանց կարող է հակադրել միայն հանրային աջակցությունն ու կամքը: Դա իր հերթին կարող է լինել հեղափոխական օրակարգը՝ համակարգային փոփոխությունը շարունակելու պարագայում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache